ՀԵՆՑ ՀԱՅ ՄԱՐԴԸ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ… ՈՉ ՄԻ ԿԱՅԱ ԿԱԼԱՍ, ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆ ՈՒ ԲԱՅՐԱՄՈՎ ՆԻԿՈԼԻՆ ՉԵՆ ՓՐԿԻ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, քաղաքական գործիչ Ռուբեն Մխիթարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Հենց առաջին իսկ օրվանից, երբ ինքը սկսեց իր սրտիկները ցույց տալ, ու երբ դա դարձավ սիստեմատիկ, ասել եմ՝ սրտիկը լինելու է ընտրություններում իրենց քաղաքական ուժի լոգոտիպը։ Դա տեխնոլոգիա է։ Քանի որ ինքն ունի բոլոր հնարավորություններն իր կոնտենտը սոցիալական ցանցերում ոչ օրգանական ալգորիթմներով տարածելու, այսինքն՝ նրան օգնում են բոլոր ուժային կենտրոններից, ինքը լիուլի օգտվում է դրանից։ Որպեսզի լայն հասարակության մոտ այնպիսի տպավորություն ստեղծվի, իբր ինքը բարի է, լավն է, ամեն ինչ անում են, որ ինքը դառնա ոչ թե աշխարհի մասշտաբով ամենապարտված, կատաստրոֆիկ պարտված քաղաքական գործիչը, այլ աշխարհի ամենահայտնի «բարի», «ռոմանտիկ» քաղաքական գործիչը։ Կապ չունի՝ իրեն ովքեր են նայում, օրինակ՝ պակիստանցիներ կամ հնդիկներ, արաբներ, կարևոր է, որ իրեն են նայում։ Դա տեխնոլոգիա է, սքրոլի աշխարհում դա է կարևորը։
- Ընդդիմադիր ուժերը կա՛մ պետք է նրանից շատ ու որակով բովանդակություն տան, կա՛մ տոտալ կպարտվեն քարոզչական դաշտում։ Դաշտը լցված է նիկոլական օրակարգով։ Իր առաջնային խնդիրը փաթեթավորման խնդիրն է, որն այդպիսով փորձում է լուծել:
- Այո՛, Նիկոլ Փաշինյանի սոցիալական ցանցերի էջերում օրգանական լայքերի քանակը պակասել է և պակասել է այն պատճառով, որ շատերը նույնիսկ ամաչում են բացեիբաց լայքել նրան։ Օրինակ՝ եկեղեցու մասին նրա գրառումների լայքողների քանակը շատ քիչ է, բայց երբ սրտիկի կամ թմբուկ խփելու վիդեո է դնում, լայքերի քանակը մի քանի անգամ ավելանում է։

- Հարգելի ընդդիմադիրներ, երբ դուք դրոնով նկարում եք Փաշինյանի այցելության պահին եկեղեցու բակը, որտեղ շատ քիչ ժողովուրդ կա, դա ոչինչ չի նշանակում։ Շատ մարդ ցույց տալ իրեն պետք չի։ Ինքը որ եկեղեցին ուզի, գնում ու մտնում է։ Խրամատ առ խրամատ գրավելով՝ գնում է։ Եթե ինքը կարողանում է գրավել այդ խրամատը 500 հոգով, նրա ինչի՞ն է պետք 5000-ով գնալ։ Որ պետք լինի, 5000 ոստիկանի քաղաքացիական շորեր կհագցնի, կբերի։
Ի դեպ, Փաշինյանն այդ կեղծ պատարագներին կամ ուխտերթին հրահանգել էր՝ մասնակցեն բուժհաստատությունների, սոցիալական ծառայությունների, ուժային և այլ կառույցների աշխատակիցները, անգամ՝ քննիչների ընտանիքների անդամները: Դրանք հաստատող փաստերը մամուլում բազմաթիվ են:
- Իշխանությունը մի անգամ է իր օրակարգով հետ ընկել, եղել չհասցնողի դերում՝ Փարաքարի և Գյումրիի ընտրությունների ժամանակ։
- Իր նույնիսկ սոցցանցային արդյունավետությունը նվազել է, բայց դա իրեն չի խանգարում համացանցային այլ միջոցներով հասանելի դառնալ մեր բոլորիս էջերում։
- Ընտրությունները ցույց տվեցին, որ երիտասարդությունը, որը սովորում կամ աշխատում էր Երևանում, նախորդ օրը եկավ Գյումրի, որպեսզի քվեարկի հաջորդ օրն ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների օգտին։ Նիկոլ Փաշինյանի խնդիրն իր ունեցած էլեկտորատը չկորցնելն է։ Երբ ինքը գնում է պատարագների, ինքը ոչ թե խնդիր ունի շատ մարդ ցույց տալու, այլ խնդիր ունի իր էլեկտորատին ցույց տալու, որ ինքն ուժեղ է։ Մյուս երիտասարդներին էլ ցույց է տալիս, որ երկրում ամեն բան այնքան լավ է, արդեն խաղաղություն է, որ ինքն արդեն էնքան պարապ է, ազատ ժամանակ ունի, թմբուկ է խփում։ Վստահեցնում եմ, առհասարակ թմբուկ նվագել չկարողացող մարդն առնվազն մի 3 ամիս օրական 3.5-4 ժամ պիտի տրամադրի, որ կարողանա թմբուկ խփել այնպես, ինչպես Նիկոլը հիմա։ Աշխարհը եռում է, մեր տարածաշրջանը եռում է՝ Իրանում, այլ երկրներում լարված իրավիճակներ են, ինքը թմբուկ է խփում, ինչը նշանակում է, որ իրենց դրսից երաշխիքներ են տվել, որ առնվազն մինչև հունիսի 7-ն ինքը խնդիրներ չի ունենալու։
- Նիկոլ Փաշինյանի հրավիրած դիսկոտեկներին նոր մարդիկ չեն մասնակցելու՝ կա՛մ ՔՊ-ական ու նրանց հետ փոխկապակցված անձինք են լինելու, կա՛մ աղանդավորական կազմակերպությունների անդամ երիտասարդներ։ Ու ինքը ցույց է տալու, որ երիտասարդներն էլ են խաղաղություն ուզում։
- Թոշակառուն ուզում է նորմալ թոշակ ստանալ, բայց չի ուզում, որ այդ թոշակն իրեն որպես ողորմություն տան։ Ժամանակին, մինչև 2018-ին իշխանության գալը, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ թոշակառուների փողը բարձրացրեք, թող գնան իրենց խանութների նիսյաները փակեն։ Ի՞նչ է, ուզում է ասել՝ մեր տատիկ-պապիկներն այլևս նիսյա չունե՞ն։ Սա ձեռառնելիք է այն էլեկտորատին, որի ուսերի վրա ինքը եկել է իշխանության։

2018-ից իշխանությունը զավթած, պետական բյուջեն մսխող, պետության պարտքը միլիարդներով ավելացրած Նիկոլ Փաշինյանը վերջերս ձեռք է առել թոշակառուներին, ասելով՝ ի՞նչ իմաստ ունի բարձրացնել թոշակները. «Ինչի՞ թոշակառուներին տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես ծախսի»:
- Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը, ով ընտրությունների էր պատրաստվում 2016թ., ասում էր՝ արագաչափերը պետք է հանվեն, ու իրենք հենց եկան իշխանության, հանելու են դրանք։ Սա նշանակում է առնվազն վերլուծություն, որ դա հնարավոր է անել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո արագաչափերի քանակն ավելացել է մոտ 25-30%-ով, ավելացել են հսկող տեսախցիկները, կարմիր գծերը ոչ միայն չեն հանվել, այլև դրանց վճարները շեշտակի բարձրացել են։ Սա նշանակում է, որ սրանք ասել են մի բան, արել բոլորովին այլ բան։ Խաբել են ժողովրդին:
- Ուրիշ բան որ չլինի, անվտանգային միջավայրը տոտալ ձախողել են։ Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում գոռում էր՝ 4 միլիարդ դոլարի եք հասցրել պետության արտաքին պարտքը, կերել եք, լափել եք… Երբ իշխանության է եկել, անցնող 27 տարվա արտաքին պարտքը եղել է 7 միլիարդ դոլար, իր իշխանության 8 տարիների ընթացքում ինքն արտաքին պարտքն ավելացրել է 8 միլիարդ դոլարով…
- Ես կարծում եմ՝ 2018թ․ ժողովուրդն ընտրության է գնացել այս սկզբունքով՝ ով ուզում է լինի, մենակ սրանք չլինեն։ Այդպես են ընտրել Նիկոլին։ Հիմա նույնը ժողովուրդը չի անի։ Մարդիկ ավելի շուտ չեն գնա ընտրության՝ դրանով նպաստելով Նիկոլի վերարտադրությանը, եթե ընդդիմությունն առաջարկելու բան չունենա։ Որովհետև ձյուն գա, կրակ ու կարկուտ թափվի, Նիկոլի էլեկտորատը գնալու է ու նրան ընտրի։ Պետք է կարողանան այնպես անել, որ ընդդիմադիր ժողովուրդը գնա ընտրության։
- Կա՛մ լինելու է ընդհանուր հաղթանակ, կա՛, չի լինելու հաղթանակ, որովհետև ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ չի կարող սահմանադրական մեծամասնություն ձևավորել։ Ընդդիմությունն ու նրա վստահված անձինք պետք է կարողանան տեր լինել յուրաքանչյուր ընդդիմադիր քվեի, ինչպես եղավ Գյումրիում ու Փարաքարում։ Ընդդիմադիր բոլոր ճակատները պետք է ունենա «կոնսենսուս-1»-ի դիրքավորում, նաև ասեն՝ ենթադրենք՝ 3 ուժ է անցել Խորհրդարան, կապ չունի՝ մեզնից ով կլինի վարչապետ։ Հայաստանի Հանրապետությունը վստահաբար ընդդիմադիր էներգետիկա ունի, բայց դու մարդուն պիտի բան առաջարկես ու վստահություն տաս։ Կա՛մ մենք բոլորս գիտակցում ենք՝ վիճակն օրհասական է, ու բոլոր ջանքերը պետք է գործադրվեն հանուն ընդհանուր նպատակի, կա՛մ կլինի այն, ինչ կլինի…
- Երբ թոշակառուներին նեղացնում են, հո միայն իմ հորնումորը չե՞ն նեղացնում, այլ բոլոր այն տարեց մարդկանց, ովքեր ներդրում ունեն այս պետության մեջ։

- Ընդամենը մի մեծ հաղթանակ բավական է, որ մեր ժողովուրդը սկսի իր վերելքը ու 3.5-4 տարվա մեջ այնպիսի թռիչքներ արձանագրի, որ բոլորս զարմանանք։ Չմոռանանք, որ Ցեղասպանությունից մազապուրծ ժողովուրդն ընդամենը 50–60 տարի հետո ուներ Ակադեմիա, Ծիծեռնակաբերդ, կրթական ու մշակութային օջախներ։ Այո՛, ընտրությունները հնարավորություն են, որ մեր ժողովուրդն ավելի պատրաստված գնա դեպի նոր աշխարհի մարտահրավերներ։ Հենց մարդը տնից դուրս եկավ ու գնաց ընտրատեղամաս՝ իր ընտրությունը կատարելու, ոչ մի Կայա Կալաս, Հաքան Ֆիդան ու Բայրամով ոչինչ չեն կարողանալու Նիկոլին անցկացնեն… Ի վերջո, եթե դու որոշում ես չհանձնվել, դա առաջին նախապայմանն է, որ դու կարող ես և հաղթել։ Նայեք Իրանի ժողովրդին, տեսեք՝ ինչերի միջով է անցնում այդ պետությունը, բայց Իրանի ժողովուրդը որոշում է չհանձնվել ու դիմակայում է աշխարհի հզորներին՝ ԱՄՆ-ին ու գերռազմականացված Իսրայելին։
- Ապագա Հայաստանը չի կարող առաջնորդվել ինչ-որ մի մարդու ամբիցիաները բավարարելու ճանապարհով։ Եթե քո Սահմանադրությունն ասում է՝ Եկեղեցին անջատ է պետությունից, ուրեմն ոչ մի դատավոր չի կարող հայցի ապահովման միջոց կիրառել ու, ասենք, եպիսկոպոսին վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։
- Նիկոլ Փաշինյանը, որը կարող է հրապարակային օգտագործել «դոմփել» բառը, հետո՝ «շինել» բառը, հետո հայտարարել, որ պատրաստվում է իր սեռական օրգանները ցուցադրել կաթողիկոսին, ոչ մի պատժի չի արժանանում, բայց այլ մարդիկ, ովքեր իրենց հաղորդումների ժամանակ փոքր-ինչ այլ բառապաշար են օգտագործում, կարող են անդադար կալանավորվել։ Մարդը կարող է հղի կնոջն ավտոշարասյունով վրաերթի ենթարկել, սպանել, ու դրա համար իրեն ոչինչ չլինի, բայց նույն մարդը կարող է հետապնդել քաղաքական ընդդիմախոսներին։ Քովիդի ժամանակ որքա՞ն զոհ է եղել։ Ես սրա մասին անընդհատ հիշեցնելու եմ, մարդիկ երևի մոռացել են։
- Բարով են վերադարձել մեր ռազմագերիները, իրենց օջախների աչքի լույսն են, բայց ասել՝ փոխանակում չի եղել, մենք ահաբեկիչներին գերիների փոխարեն չենք տվել, դա զուգադիպություն է, անամոթություն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
