ՄՏԵ՛Ք, ԼՍԵ՛Ք՝ ԷԴ ԹՈՒՐՔԸ ԻՆՉ Է ԱՍԵԼ, ՏԵՍԵ՛Ք՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՄ Է ՓԱՅՓԱՅՈՒՄ ՈՒ ՍԱՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱԲՈՎՅԱՆ

ԹՐԻՓՓ-ը գեղեցիկ փաթեթավորմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի պայմանների կատարում է ԱՄՆ բարձր հովանու ներքո, այն իրենից ներկայացնում է միջանցք՝ ինչքան էլ ՀՀ իշխանությունները հեքիաթներ պատմեն։ 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի համոզմունք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման մասին։

Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են սուտ պատրանք ձևավորել հանրության շրջանում, թե իբր «Թրամփի ուղին» նաև անվտանգության բաղադրիչ ունի, սակայն փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ԹՐԻՓՓ-ի հիմնական նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի լոգիստիկ հաղորդակցությունն ապահովելն է, որը զերծ կլինի հայկական կողմի ուղիղ վերահսկողությունից։

«Եթե մենք դիտարկում ենք ԹՐԻՓՓ-ը՝ որպես լոկ բիզնես նախագիծ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, ընդգծեմ՝ որպես զուտ բիզնես պրոյեկտ, ապա այնտեղ ոչ մի վատ բան չկա։ Մենք շատ լավ գիտենք, որ ԱՄՆ-ը բավական լայն է ներկայացված Հայաստանում։ Խնդրին պետք է այլ տեսանկյունից նայել։ Պետք չէ ծանրաբեռնել մարդկանց տեխնիկական մանրամասներով՝ ով է շինարարությունն անելու։

Կարդացեք նաև

Այստեղ խնդիրն այն է, որ մեզ Հայաստանի ներսում սա հրամցնում են՝ որպես մի կողմից՝ լոկ բիզնես նախագիծ, որը միտված է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, մյուս կողմից՝ սուտ և շինծու պատրանքներ են ձևավորում մարդկանց մոտ, թե իբր ԹՐԻՓՓ-ը կարող է անվտանգային մասնիկ դառնալ, այսինքն՝ եթե ամերիկացիները կառուցում են ԹՐԻՓՓ-ը, ուրեմն իրենք ավելի են ուժեղացնում երկրի ամբողջ անվտանգության համակարգը, բայց իրականում ԹՐԻՓՓ-ը գեղեցիկ փաթեթավորմամբ ԱՄՆ բարձր հովանու ներքո թուրք-ադրբեջանական տանդեմի պայմանների կատարում է։

ԹՐԻՓՓ-ն իրենից ներկայացնում է մի՛-ջա՛նցք՝ ինչքան էլ ճղեն իրենց մեջտեղից կամ պատեպատ տան։ Այս տրամաբանությամբ ԹՐԻՓՓ-ը միջանցք է։ Թող հակառակն ապացուցեն»,- մեկնաբանեց Արման Աբովյանը։

Քաղաքական վերլուծաբանը եկել է այն եզրակացության, որ ԹՐԻՓՓ նախագիծը բավարարում է Բաքվի բռնապետի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած այն պահանջը, որ ՀՀ սահմանը հատելիս՝ ադրբեջանցիները «հայ սահմանապահի երես չպետք է տեսնեն»։

«Հարգելի ժողովուրդ, ձեզ կարող են երկար-բարակ հեքիաթներ պատմել, ինչն, ըստ էության, մենք տեսնում ենք, բայց ԹՐԻՓՓ-ի քաղաքական իմաստը լիովին համապատասխանում է Թուրքիայի և Ադրբեջանի այն նպատակներին, որ ադրբեջանցին, Հայաստան մտնելիս, հայի երես չպետք է տեսնի։ Հետևաբար, կարելի է միանշանակ պնդել, որ դա միջանցքային տրամաբանություն է։ Հակառակն առայժմ մեզ չի ապացուցվել, և իշխանությունը համառորեն Հոռոմ տատի հեքիաթներն է պատմում՝ հրաժարվելով պատասխանել երկու առանցքային հարցի։

Հարց համար մեկ՝ ունենալո՞ւ է արդյոք հայ սահմանապահը և հայ մաքսավորն անմիջական շփում ադրբեջանցիների հետ, պայմանականորեն՝ կարո՞ղ է ասել՝ «մի հատ անձնագիրդ տուր՝ տեսնեմ», կամ՝ «մի հատ հլը բորտը բացի, տեսնեմ՝ ինչ ես տեղափոխում»։

Այ ժողովուրդ ջան, խաբում են ձեզ, բարձր տեխնոլոգիաներն այն փաթեթավորումն է, որով ձեզ խաբելու են… Խնդիրն այն է, որ մեր պետության տարածք մտնում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացի, որը համաձայն Ալիևի հրահանգի՝ «ադրբեջանցին չպետք է տեսնի հայի երես»։ Ա՜յ քեզ բան։ Ադրբեջանցին գլուխը պիտի պատով տա՝ Հայաստան մտնելիս հայի երես չպետք է տեսնի»,- ընդգծում է Աբովյանը։

Հուզական դաշտից դուրս գալով և հարցն ավելի սթափ գնահատելով՝ Արման Աբովյանն արձանագրում է՝ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի տարածքին հավակնող «Արևմտյան Ադրբեջան» կեղծ կոնցեպտի տարրերից մեկն է, և այս պարագայում, երբ փորձում են ԹՐԻՓՓ-ը ներկայացնել որպես երկնքից ընկած մանանա, իրականում՝ թուրքը ադրբեջանցու հետ ուզո՞ւմ էր միջանցք. ԹՐԻՓՓ-ն, ըստ էության, միջանցքային տրամաբանություն է ձևավորում։

Քաղաքական վերլուծաբանը սկզբունքորեն դեմ չէ ԹՐԻՓՓ-ի ծրագրին, բայց դեմ է Հայաստանն աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դարձնելուն և Թուրքիային ու Ադրբեջանին միջանցք տալուն։

Ըստ նրա՝ ԹՐԻՓՓ-ն աշխարհաքաղաքական բախման հարթակ է դարձել. «Իջեցնելով երկիրը սպասարկող տարածքի մակարդակին և մեզ հեքիաթներ պատմելով, թե դա խաղաղություն է բերում, դա խաղաղության հետ ընդհանրապես աղերս չունի, որովհետև խաղաղության գործընթացն այս պարագայում, կարծես, քաղաքական քաղցկեղ լինի, որը խժռում է երկիրը։ Այն խաղաղություն չի բերում։ Իշխանության բոլոր գործողությունները, որոնց մենք ականատես ենք վերջին տարիների ընթացքում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացների ներքո, բերում են պատերազմ ու արհավիրք։ Պատերազմը հո միայն ռումբերո՞վ չէ»։

Աբովյանը հիշեցնում է այն պարզ ճշմարտությունը, որ առհասարակ պատերազմները սկսվում են մեկ հիմնական պատճառով՝ մեկ այլ պետության տարածքը գրավելու նպատակով, բայց եթե ագրեսիայի ենթարկվող պետությունն առանց դիմադրության տալիս է իր տարածքը, ապա ռազմական ագրեսիա իրականացնելու կարիք էլ չկա։

Արման Աբովյանի խոսքով՝ այսօր հենց սրան ենք ականատես լինում, երբ փուլային գործընթացով Հայաստանը վերածվում է «Արևմտյան Ադրբեջանի».

«Խորհրդային տարիներին հայաթափված Նախիջևանի պատմությունը վառ ապացույց է, որ որպես խաղաղություն ներկայացվող գործընթացը խաղաղության հետ աղերս չունի։ Այստեղ խնդիրն իշխանություն-ընդդիմությունը չէ։ Մոռացե՛ք։ Խնդիրն այն է, որ այսօր ականատես ենք իրավիճակի, երբ Հայաստանը փուլային գործընթացով վերածվում է «Արևմտյան Ադրբեջանի»։ Կարծում եք՝ այդ 300.000 ադրբեջանցիների թեման փակվե՞լ է»։

Այս հետնապատկերին քաղաքական վերլուծաբանն ամենավտանգավոր հետևանքներից մեկը համարում է վերոնշյալ զարգացումների և մասնավորապես՝ ԹՐԻՓՓ-ի պատճառով հայ-իրանական հարաբերությունների վատթարացումը, որը զգացվեց Իրանի նորանշանակ դեսպանի նախորդ շաբաթվա հայտարարությունից.

«Աստված ոչ անի՝ Իրանը մեզ դիտարկի թշնամական պետություն։ Այո՛, ՀՀ-ն պետք է պաշտպանի իր շահերը։ Հարց՝ ՀՀ շահերից բխո՞ւմ է ձևավորել Իրանի դեմ պլացդարմ։ Ո՛չ։ ՀՀ իշխանություններն ասում են՝ մենք չենք ձևավորում պլացդարմ Իրանի դեմ։ Ընդունենք՝ այդպես է։ Այդ դեպքում ինչո՞ւ հայկական կողմի հավաստիացումները համոզիչ չեն իրանական կողմի համար։ Հայ-իրանական հարաբերություններն արդեն վատթարացել են, և Աստված ոչ անի՝ Իրանը սկսի մեզ վատ աչքով նայել: Ոչ թե վախենում ենք դրանից կամ չենք վախենում, այլ, ըստ էության, այդ պարագայում մենք ընկնում ենք կախվածության մեջ թուրքերից ու ադրբեջանցիներից, այլընտրանքային իրանական ճանապարհը փակվում է, մնում է Վրաստանը։ Մի բան էլ կանեն, Վրաստանի հետ հարաբերություններն էլ կփչացնեն»։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի սկանդալային հայտարարության մասին. «Ժողովուրդ ջան, եկեք այսպես անենք։ Քանզի իշխանությունը «մածունը սև է», «երկրագունդը քառակուսի է» կոնցեպտների սիրահար է, ես հիմա կարծիք չեմ հայտնի այդ մասին, խնդրում եմ՝ մտեք, մի հատ լսեք՝ էդ թուրքը ինչ է ասել , ինչպես է միջամտել և ինչ խոսքեր է ասել ՀՀ իշխանությունների մասին։ Համացանցում կա։ Մի՛ լսեք ինձ, իրենց էլ մի՛ լսեք։ Մտեք, ձեր աչքով նայեք և ձեր հետևություններն արեք, թե Թուրքիան ում է ջանասիրաբար, անձնուրաց փայփայում և սատարում»։

Հիշեցնենք՝ հունվարի 14-ի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ  Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը  դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս