Փաշինյանն ու Ալիևը արժանացել են նույն մրցանակին. «Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք». Նազելի Բաղդասարյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այսօր հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին, որը միջազգային մակարդակով գնահատում է խաղաղության օրակարգի առաջմղմանն ուղղված հետևողական և սկզբունքային հանձնառությունը։ Մրցանակը շնորհվել է ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի՝ որպես երկխոսության, վստահության ամրապնդման և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ձևավորման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի։
Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղության ճանապարհը պահանջում է համատեղ աշխատանք։ «Զայեդ»-ի մարդկային եղբայրության մրցանակը շնորհվում է այն առաջնորդներին և նախաձեռնություններին, որոնք էական ներդրում են ունենում ժողովուրդների միջև երկխոսության, փոխըմբռնման և խաղաղ համակեցության ամրապնդման գործում։
Նախորդ տարիներին մրցանակին արժանացել են, ի թիվս այլոց, Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, ինչպես նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը»։
