Լուսանկարիչը երազում է շների համար կացարան բացել (լուսանկարներ)
Հայկ Բադալյանը, ով դեռևս դպրոցական տարիներից զբաղվում է լուսանկարչությամբ, այսօր հսկայական ֆոտոարխիվ ունի, որի կադրերից յուրաքանչյուրը որևէ երևույթի, մարդու, կյանքի որոշակի դրվագի նկարագիր է: 2003-ից, երբ Հայկը սկսեց աշխատել «Ֆոտոլուր» գործակալությունում, ֆոտոլրագրությանը զուգահեռ` նա սկսեց լուսանկարել փողոցային շներին:
– Ինչպե՞ս է լուսանկարիչն ընկալում իրեն շրջապատող աշխարհը:
– Լուսանկարիչները գեղեցկությունն ուրիշ կերպ են տեսնում: Ընդհանուր քաղաքի շարժն այլ կերպ են ընկալում: Իմ պարագայում` դա հանգստանալու միջոց է: Պատկերացնում ես, թե այս մարդը հաջորդ վայրկյանին ի՞նչ կանի, դեպքերն ինչպե՞ս կզարգանան: Ինձ մոտ ես բնավորության մի հետաքրքիր հատկություն եմ նկատել, որը ձեռք եմ բերել լուսանկարչության միջոցով: Սկսել եմ մարդկանց առավել խորը հասկանալ: Նրանց դիմագծերից հասկանում եմ, թե դիմացինս ինչպիսի՞ մարդ է, ի՞նչ բնավորության գծեր ունի:
– Ի՞նչ ես ավելի հաճախ լուսանկարում:
– Շատ եմ սիրում շներին նկարել: Լուսանկարելով` կարելի է ցույց տալ, թե շների աչքերում ինչ է արտահայտված: Նրանց աչքերում կարելի է տեսնել իրենց կյանքի արտացոլանքը: Շատ եմ լուսանկարում հատկապես թափառող շներին: Նրանց աչքերը խոսում են իրենց ապրած կյանքի, կենսակերպի մասին:
– Ի՞նչ ես տեսնում շների աչքերում:
– Շատ է պատահում, որ, երբ լուսանկարչական ապարատը պահում եմ իրենց նկարելու համար, մտածում են, թե ուզում եմ իրենց սպանել: Լուսանկարչական ապարատը, երևի, իրենց մոտ ասոցիացվում է հրացանի հետ: Նրանց աչքերում վախ է հայտնվում, սարսափելի վախ: Ես ունեմ լուսանկարներ, որտեղ երևում է, թե շունն ինչպես է նայում, երբ ես իր վրա եմ պահում ֆոտոապարատը: Ես ավելի շատ հեռվից եմ շներին հետևում, որ չնկատեն: Երբեք չի եղել, որ հարձակվեն ինձ վրա: Նալբանդյան փողոցի վրա մի շուն կար` մեքենայի տակ էր պառկած: Ինքը պառկած էր, մեքենայի անիվն էլ` իր գլխի վրագ Եթե մեքենան մի քիչ անզգույշ շարժվեր` կարող էր շանը վնասել: Չգիտեմ` ինչի՞ համար էր այդտեղ պառկել: Որոշեցի նկարել, ու երբ օբյեկտիվը պահեցի իր վրա, միանգամից հետ գնաց, թաքնվեց մեքենայի խորքում, ստվերի մեջ: Նրա հայացքը դժվար է ներկայացնել` սարսափելի վախեցած էր: Նրա պես թափառող շները տեսել են, թե ինչպես են այլ շներին սատկացնում: Ես ականատես չեմ եղել այդ պրոցեսին, բայց, որ մարդիկ պատմում են, արդեն հասկանում ես, թե ինչ դաժանությամբ են շներին սպանել: Քարե դարի նման` գնում, կրակում, պոչերը կտրում են, այդ շներն էլ տեսնում են, թե ինչ է լինում իրենց ընկերների հետ: Նրանք ավելի դաժան պայմաններում են ապրում: Շների նկատմամբ գիշերային որսերը սարսափելի հետք են թողնում, և դրանից այդ շները «կյանքի» մեծ փորձ են ձեռք բերում, դառնում են շատ խելացի:
Շները հաճախ մարդկանցից ավելի կարգապահ են լինում. փողոցում հաճախ կարելի է տեսնել շների, որոնք սպասում են, թե երբ է կանաչ լույսը վառվելու, որ անցնեն փողոցը: Բայց մարդկանց մեծ մասն այդպես չի վարվում: Շատ դեպքեր են եղել, երբ շունը փողոցն անցել է կանաչ լույսի ժամանակ, բայց նրան մեքենայի տակ են գցել, որովհետև մեքենան չի կանգնել:
– Լուսանկարելիս հանդիպե՞լ ես աչքերի ուրախ արտահայտությամբ շների:
– Որքան ես եմ հետևել` ձագերի աչքերի մեջ ուրախություն կա: Մեծանալով` զգում են կյանքի դառնությունն ու թախծոտ են դառնում: Ես երազում եմ շների կացարան ունենալ, որը դեռ չի ստացվում: Միտք ունեի շների նկարների բարեգործական ցուցահանդես բացել` դեսպանների կամ այլ պաշտոնյաների համար: Նպատակ ունեի ստացված հասույթով թափառող շների համար որևէ օգտակար բան անել: Հուսամ` մի օր նպատակս կիրականացնեմ: