Երբևէ հակված չեմ եղել այն մտքին, որ Ադրբեջանը եկամուտների բաշխման առումով խելամիտ քաղաքականություն է վարում. Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին
Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները, որոնք մոտ 15 մլրդ ԱՄՆ դոլար էին կազմում, 2013-16թթ.-ին սխալ դրամավարկային քաղաքականության արդյունքում նվազել է մինչև 3,2 միլիարդ: Հետագայում գործադրած մեծ ջանքերի շնորհիվ այսօր ունեն 6,3 մլրդ ԱՄՆ դոլար (մեկ շնչի հաշվով՝ մոտ 600 ԱՄՆ դոլար): Իսկ համեմատության համար նշեմ, որ նավթ և գազ չունեցող Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները 2,8 մլրդ ԱՄՆ դոլար են (1 շնչի հաշվով՝ մոտ 1000 ԱՄՆ դոլար):
Այս մասին Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հակադարձելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն պնդմանը, որ Ադրբեջանը իր վալյուտային եկամուտները խելամտորեն է ստերիլիզացրել, քան Հայաստանը:
«Սիրելի՛ Հրանտ
Ընթերցեցի իմ կողմից շատ հարգելի Ավետիք Չալաբյանին ուղղված ֆեյսբուքյան վերջին գրառումդ և, բարեկամաբար միանալով ձեր քննարկմանը, թույլ տուր հայտնել նաև իմ տեսակետը: Իհարկե, հաշվի առնելով մեր ընկերական ջերմ հարաբերությունները, այս մասին կարող էինք նաև հեռախոսով խոսել, բայց որոշեցի հրապարակային արտահայտվել, որպեսզի հանրային կարծիքը միաբևեռ չձևավորվի:
Հակառակ հրապարակմանդ մեջ տեղ գտած այն պնդմանը, թե Ադրբեջանը իր վալյուտային եկամուտները խելամտորեն է ստերիլիզացրել, որոշ տվյալներ կներկայացնեմ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները, որոնք մոտ 15 մլրդ ԱՄՆ դոլար էին կազմում, 2013-16թթ.-ին սխալ դրամավարկային քաղաքականության արդյունքում նվազել է մինչև 3,2 միլիարդ: Հետագայում գործադրած մեծ ջանքերի շնորհիվ այսօր ունեն 6,3 մլրդ ԱՄՆ դոլար (մեկ շնչի հաշվով՝ մոտ 600 ԱՄՆ դոլար): Իսկ համեմատության համար նշեմ, որ նավթ և գազ չունեցող Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին պահուստները 2,8 մլրդ ԱՄՆ դոլար են (1 շնչի հաշվով՝ մոտ 1000 ԱՄՆ դոլար)՝ այն դեպքում, երբ վերջին 13 տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսության միայն նավթագազային ոլորտում արդյունահանվել է շուրջ 600 մլն տոննա նավթ (մոտ 4,5 մլրդ բարել)՝ հասույթը կազմելով ավելի քան 250 մլրդ ԱՄՆ դոլար: Համեմատելի՞ է, կարծում եմ՝ ոչ:
Չեմ ուզում քննության առնել «Սոկար»-ի արտաքին կեղծ ակտիվների մասին տվյալները (նաև ստանձնած վարկային և այլ պարտավորությունները), բայց որ այն որևէ կերպ չի համապատասխանում ներկայացված 45 մլրդ ԱՄՆ դոլարին, միանշանակ է:
Այս իրողությունները հաշվի առնելով՝ երբևէ հակված չեմ եղել այն մտքին, որ Ադրբեջանը եկամուտների բաշխման առումով խելամիտ քաղաքականություն է վարում: Հայաստանն ունի կայացած բանկային համակարգ ոչ միայն տարածաշրջանի երկրների համեմատ, և ստեղծված են բոլոր նախապայմանները՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հարավային Կովկասի երկրներում մոտ ապագայում առաջինը դառնալու: Ի դեպ, անցած տարեսկզբին, երբ հայտարարում էի, որ ՀՀ տնտեսությունն իրական հատվածում ունենալու է 7 տոկոս աճ, շատերը չէին հավատում: Բայց փաստն արդեն արձանագրված է: Համոզված եմ, որ 2020-21թթ.-ին ավելի բարձր ցուցանիշ ենք ունենալու:
Կապրենք, կտեսնենք առանց բանավիճելու, իսկ հետագայում հաճույքով կմասնակցեմ բոլոր քննարկումներին… »,- գրել է Հարությունյանը:
«Ազատ հայրենիք» կուսացության մամուլի կենտրոն