ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ֊ին ու Իրանին զսպվածություն ցուցաբերել
ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն , որպեսզի թույլ չտան Պարսից ծոցում նոր պատերազմ: Աս մասին նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հայտարարությամբ անդրադառնալով հունվարի 3-ին Բաղդադում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը և դրան հաջորդող զարգացումներին։
«Այս պահին առաջնորդները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն։ Աշխարհը չի կարող թույլ տալ, որ նոր պատերազմ լինի Ծոցի տարածքում»,- ասել է Գուտերեշը՝ հավելելով, որ խորապես անհանգստացած է տարածաշրջանում լարվածության աճով։
Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:
ԱՄՆ-ը Սուլեյմանիին պատասխանատու է համարում Բաղդադում ԱՄՆ դեսպանության առջև դեկտեմբերի 31-ին բողոքի ցույցերի անցկացմանը հավանություն տալու համար, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների»։
Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել:
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։
Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և ԱՄՆ ԶՈՒ աղբյուրները հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ, իսկ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ հեռախոսազրույցում ն՛ել է, որ Վաշինգտոնը հաշվի է առել ցանկացած պատասխան, որը կարող է հետևել Իրանի կողմից։