Իշխանական մանիպուլյացիա, կամ՝ արտահերթ ընտրությունների տեսլականը

Ապացուցված փաստ է, որ քաղաքական մանիպուլյացիայի նպատակը ստիպելն է մյուսներին՝ կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, սակայն այդ ստիպման գործընթացը պետք է տեղի ունենա այնպես, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է («ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք»): Նշենք, որ քաղաքական մանիպուլյացիայի գործիքները բազմազան են, անմիջական խոսքից՝ մինչև լրատվական միջոցների կիրառում:

ՀՀ գործող իշխանությունները քաղաքական բուրգի գագաթին հայտնվելու ողջ գործընթացում առաջնորդվել են նշյալ քայլերով։ ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում հիմնական զարգացումները տեղի են ունեցել քաղաքական մանիպուլյացիաների ու նմանատիպ հայտարարությունների հիման վրա։ Վերջին օրերին հանրային դիսկուրսի առանցքային թեման կապված է Արցախի բանակցային գործընթացում իշխանությունների փակուղային դրության հետ։

Բանն այն է, որ Բրատիսլավայում 4-ժամյա քննարկման վերաբերյալ այդպես էլ ոչ մի որոշակի տեղեկատվություն չհրապարակվեց, ինչը հանրային լայն շրջանակների, առավել ևս՝ ընդդիմության մոտ լուրջ մտահոգության առիթ է հանդիսացել։ Իսկ իրականում մտահոգության առիթ միանշանակ կա, ինչը պայմանավորված է Բրատիսլավայի հանդիպումից առաջ Ադրբեջանի, Սլովակիայի և Սլովենիայի դեսպանատների կողմից հրապարակված հայտնի փաստաթղթի հետ, որն իրականում ավելի շատ վերջնագիր էր հիշեցնում։

Այստեղ հստակ նշված էին այն կոնկրետ կետերը, որոնք բխում են ադրբեջանական կողմի շահերից ու նպտակներից։ Ահա Արցախի բանակցային գործընթացը ցրելու հետ կապված՝ իշխանությունները փորձում են հնարավոր արհեստական ֆեյք-ինտրիգներով հերթական անգամ ցրել հանրության ուշադրությունը։ Իսկ ահա մանիպուլյացիայի գագաթնակետը հանդիսացավ այն թեզը, թե իբր «նախկինները ՀՀ քաղաքական դաշտում շահարկում են Ադրբեջանի կողմից առաջ քաշած օրակարգը»։ Այս ամենը բավարար չհամարելով՝ իշխանություններն ու ողջ ագիտատուրան լծվեց այն թեզի շրջանառությանը, թե «Ադեկվադ դիսկուրսի» շրջանակներում քննարկվում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի թեզերը։

Հանուն արդարության՝ պետք է նշել, որ ուրիշ, մեղմ ասած՝ աբսուրդ մանիպուլյացիա օրվա իշխանություններից հազիվ թե արժեր սպասել։ Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև այն թեմային, որ Նիկոլ Փաշինյանի համար իրավիճակը լուծելու համար անհրաժեշտ է օր առաջ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի դեպ, արտահերթ ընտրություններին անդրադարձել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր օրերս տված հարցազրույցում։ Իսկ արտահերթ խորհդարանական ընտրությունները նախ և առաջ՝ պետք են, քանի որ նախորդ ընտրությունը տեղի էր ունեցել «հեղափոխական» էյֆորիայի ֆոնին, ինչի արդյունքում ձևավորեց անբովանդակ խորհրդարան, որտեղ քաղաքական երկխոսություն ընդհանրապես գոյություն չունի, և հանրային բուն դիսկուրսն ընթանում է խորհրդարանի պատերից դուրս։ Իրականում այսօր՝ պառլամենտական Հայաստանում, պառլամենտը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, ինչի մասին բարձրաձայնում են բազմաթիվ քաղաքական ուժեր ու վերլուծաբաններ՝ նկատելով, որ ընդդիմության ֆունկցիաներն ու իրավունքներն ամբողջությամբ խախտված են․ օրենսդիրը, հանդիսանալով գործադիրի դակիչը, օրենքի ուժ է տալիս կառավարության յուրաքանչյուր նախաձեռնության։

Իշխանամետ լրատվականներից մեկն այսօր արդեն առաջ է քաշում այն թեզը, թե՝ եթե «նույնիսկ համարենք, որ ԼՂ հարցում իշխանությունները տեսականորեն պետք է գնան փոխզիջումների, ապա նրանց վստահության պաշարը բավարար է՝ հասարակության հետ այս խնդրում արդյունավետ դիսկուրս ունենալու համար»։ Սա հերթական աբսուրդային թեզերից է, քանի Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները վերջին մեկ ամսվա ընթացքում դրոշակ դարձրած պարբերաբար շահարկում են այն դրույթը, որ «իրենք լեգիտիմ իշխանություն են և վայելում են հանրության 70 տոկոսի վստահությունը»։ Այստեղ հարց է առաջանում, նախ՝ որ հասարակության և որքան մասնակցի 70 տոկոսը, եթե ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 43 տոկոսը, այսինքն՝ ՀՀ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին ուղղակի արհամարհել են ընտրությունները և չեն մասնակցել։ Սա ևս հերթական քաղաքական մանիպուլյացիայի դրսրևորւմն է։ Զավեշտալին այն է, որ հենց Փաշինյանն ու նրա թիմակիցներն են ընդդիմությանը մեղադրում մանիպուլյացիաների մեջ՝ հայտարարելով, որ երկրի ներսում «նախկինները ստեղծում են արհեստական լարվածություն»։

Ամփոփելով՝ ևս մեկ անգամ արձանագրենք մի առանցքային դրույթ․ քաղաքական մանիպուլյացիայի նպատակն է՝ ստանալ, ներդնել և պահպանել իշխանությունը, ինչը և անում են ներկայիս իշխանությունները։ Իրականում իշխանություն ձեռք բերելու ռազմավարությունը պահանջում է այնպիսի տակտիկական խնդիրների լուծում, ինչպիսիք են՝ ներգրավվել և պահպանել ուշադրություն, ինչպես նաև ստեղծել բարենպաստ իմիջ: Փաստ է նաև այն, որ մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծմանը և իրականացմանը, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատումը, ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին: Կարող է թվալ, որ կույր հավատի դարաշրջանի առասպելները վաղուց գնացել են, բայց ամենօրյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Նոր քաղաքական առասպելները ստեղծվում են ճշգրիտ ծրագրով, համապատասխան անձնական ու մարդկանց սոցիալական հոգեբանությանը, և մանիպուլյացիա կատարողների նպատակի համաձայն:

Այսօր ՀՀ ներքաղաքական դաշտում և հանրային քաղաքական համակարգում կա ակնհայտ դիսբալանս. Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ում հղում անի և հենվի, երբ ինչ-որ հարցով մերժողական պատասխան ներկայացնի։ Միակ լուծման համար անհրաժեշտ են օր առաջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են փոխել օրակարգ, կոնֆիգուրացիա։ Այդ ընտրություններն ավելի շատ պետք են գործող իշխանությանը, որ ամբողջությամբ ճկվել ու կքել է արցախյան բանակցությունների բեռի տակ։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս