Բաժիններ՝

«Հունվարի 15-ից սպանդանոցների վերաբերյալ օրենքը ժամանակավոր բնույթ է կրելու, քանի որ հաշվի չեն առել առկա ռիսկերը». Հրաչ Բերբերյան

Հաջորդ տարվա հունվարի 15-ից հանրապետության ողջ տարածքում թարմ միս օգտագործող բոլոր ոլորտների համար մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման թարմ կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կառավարության նոր նախագծին՝ հաստատեց, որ գյուղատնտեսության և առհասարակ անասնապահության ոլորտում սպանդանոցների առկայությունը շատ կարևոր է ։

«Երբ մենք ասում ենք, որ օրենքի ուժով պետք է անցնենք սպանդանոցներին, պետք է հասկանանք, արդյո՞ք երկիրը դրան պատրաստ է։ Ցավոք, մեր Կառավարությունը  սովոր է օրենք գրել, ընդունել, հետո էլ կանգնել փաստի առաջ։ Միայն Գեղարքունիքի մարզում նախատեսված էր՝ 6,  հետո՝ 4 սպանդանոց կառուցել, բայց այսօր լիարժեք սպանդանոց չկա։ Նախ՝ սպանդանոցների կառուցման համար պետք է ընտրվեն հարմար տեղեր, այնուհետև մտածեն, թե որ մարզում որքան սպանդանոց պետք է կառուցվի»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միսը կթանկանա, թե որքան՝ դժվար է ասել, որից էլ կտուժի միայն սպառողը։ Ուստի բոլոր ռիսկերը հաշվի առնելով, ըստ Հրաչ Բերբերյանի, պետությունը սպանդանոցների կառուցումը պետք է սուբսիդավորի՝ մինչև դրանք լիարժեք սկսեն աշխատել։
«Համոզված եմ, որ նախագիծը, որը օրենքի ուժ կստանա, ժամանակավոր է լինելու, քանի որ այն չի գործի, մինչև չապահովեն սպանդանոցների քանակը, այս պահին հաշվի չեն առել առկա  ռիսկերը»,- շեշտեց Հ. Բերբերյանը։

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը դրական է գնահատում սպանդանոցների առկայությունը, սակայն, ըստ նրա, մինչև նախագծին օրենքի ուժ տալը՝ Կառավարությունը հաշվի չի առել որոշ հանգամանքներ։

«Քանի որ մեր գյուղացիությունը՝ մեծամասնությունը, գտնվում է ծանր պայմաններում, սպանդանոցների առկայության դեպքում բնական է, որ միսը պետք է թանկացնի, որպեսզի իր ծախսերը հանի։ Այդ որ ասում են, թե թոշակները 10 տոկոսով բարձրացնելու են, դա, մեկ է՝ ոչինչ չի փոխելու, քանի որ ապրանքների գները շատ են բարձրացնելու։ Պետությունը սպանդանոցների կառուցումը պետք է կարողանա ինչ-որ ձևով սուբսիդավորել, գոնե սկզբնական շրջանում։ Սպանդանոցները վատ բան չեն, անասունների մորթը մաքուր միջավայրում կկատարվի, որտեղ անասունի տերը պետք է գումար վճարի, ինչն էլ հանվելու է մսի  թանկացումից»,- վստահեցրեց Սարգիս Սեդրակյանը։

Նա նաև ընդգծեց, որ պետությունն այնպես է  արել, որ այսօր արդեն գյուղատնտեսության որևէ ճյուղ, այդ թվում՝ անասնապահությունը, մարդկանց համար շահեկան չէ. «Օրինակ, Արարատի մարզում լոլիկ են մշակում, մարդկանց լոլիկի ցեցն է խանգարում, Կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ քայլեր կձեռնարկեն ցեցի դեմ պայքարում, բայց ոչինչ էլ չարեցին, նույնն էլ մյուս հարցերում է։ Պետական ծրագրերում պետք է ռազմավարությունն այնքան հստակ լինի, որ բոլորն էլ հասկանան՝ ինչ են անելու կամ անում։ Այսօր ներկայացրած բոլոր ծրագրերն ու միջոցառումները կցկտուր են, սա եղավ պետություն պահե՞լ, գյուղատնտեսություն զարգացնե՞լ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Սննդի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի խոսքով՝ այս պահին ամբողջ հանրապետությունում կա 17 սպանդանոց, որոնք բավարարում են այս պահի պահանջներին, 25 սպանդանոց էլ այժմ կառուցման փուլում են, և ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ դրանց կառուցումը կավարտվի, և կհանձնվեն շահագործման։

«Եվս 15 սպանդանոց էլ նախագծման փուլում է, հաջորդ տարվա կեսին էլ նախատեսվում է դրանց կառուցումն ավարտին հասցնել։ Հաջորդ տարվա հունվարի 15-ից, երբ սպանդանոցների հետ կապված նախագիծն ուժի մեջ մտնի, վերահսկողությունն ավելի է խստացվելու, ՍԱՏՄ ղեկավարն  էլ արդեն հայտարարել է, որ միսն ու մսամթերքը, որը չի ունենա այն ուղեկցող անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթուղթ, ապա տվյալ մսամթերքը վաճառքից կհանվի։ Նման դեպքերում, ենթադրվում է, որ առաջին անգամ ուղղակի մսամթերքը վաճառքից կհանվի, իսկ հաջորդ անգամներին արդեն կսահմանվի տուգանք՝ 100-300 հազար դրամի չափով»,- ասաց Ա. Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ոլորտի մասնագետների  հնչեցրած հնարավոր ռիսկերին, Անուշ Հարությունյանը նշեց՝ ենթադրվում է, որ շատ ռիսկեր կարող են լինել, այդ պատճառով էլ մարդիկ դիմում են նաև ոչ օրինական միջոցների, սակայն այդ ամենը պետք է վերահսկվի։
«Պետական գնումներով դեռևս 2017 թվականի մարտի 1-ից պարտադիր է դարձել սպանդանոցային մորթը, և մենք դպրոցում հայտնաբերել ենք  ձև 5 փաստաթուղթ, որը կեղծված է եղել, այն ուղարկվել է դատախազություն, և տվյալ անձն ունի մեծ խնդիրներ։ Պետք է լինի սպանդանոցային մորթ, որը կուղեկցվի փաստաթղթով, և մարդիկ, որոնք գնելու են միս, անպայման ուշադիր պետք է լինեն՝ առկա՞ է այդ փաստաթուղթը, թե՞ ոչ։ Փաստաթուղթն ունի QR  կոդ, և այն մարդիկ, որոնք ունեն սմարթֆոններ, կարող են  ներբեռնել QR  կոդի հավելվածը  և հանգիստ պահել փաստաթղթի վրա, որից հետ անմիջապես կտեսնեն, թե որտեղից է միսը բերված, ինչ սպանդանոցային մորթ է, և այլն։

Այսինքն՝ մենք փորձում ենք կիրառել բոլոր վերահսկողության ձևերը, այդ թվում՝ էլեկտրոնային։ Եթե մարդիկ փորձեն շրջանցել օրենքը, ապա նրանց համար օրենքով սահմանված կլինեն պատժամիջոցներ»,- եզրափակեց Անուշ Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս