«Այն, ինչը մենք քննարկել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, հակամարտության կարգավորման փուլային մոտեցումն է». Էլմար Մամեդյարով
«ԼՂ հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է դառնա դրա հիմնական հետևանքների վերացումը»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Բրատիսլավայում մեկնարկած ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նա որոշ մանրամասներ է հայտնել նախօրեին ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ:
«Երեկ մոտավորապես երեքուկես ժամ է տևել հանդիպումն իմ հայաստանցի գործընկերոջ հետ: Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին: Ցավոք սրտի, մեր առջև կան դեռ չլուծված խնդիրներ: Այն, ինչը մենք քննարկել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, հակամարտության կարգավորման փուլային մոտեցումն է: Բնականաբար, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հետևանքների վերացումը, այսինքն՝ ԼՂ ռեգիոնից և մյուս օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի անհապաղ, բացարձակ և անվերապահ դուրսբերումը, ինչպես ամրագրված է ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերում»,- ասել է Մամեդյարովը: