«Սա պարտություն էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար»
«Անկասկած, Հունգարիայի կողմից անընդունելի որոշումը` արտահանձնելու դատապարտված մարդասպանին Ադրբեջան, ունի և՛ իրավական, և՛ քաղաքական ենթատեքստ, բայց նաև խոսում է դիվանագիտական ճգնաժամի մասին»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` մեկնաբանելով երեկ Հունգարիայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու փաստը:
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները կարո՞ղ էին կանխել Սաֆարովի արտահանձնումը, և արդյո՞ք կարող ենք մենք սա համարել հայ դիվանագիտության պարտությունը, թե՞ ընդհակառակը, միգուցե սա Հայաստանին հնարավորությո՞ւն կտա՝ օգտագործելով այս հարցը` ամբողջ աշխարհին ցույց տալ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջան կոչվող պետությունը, և ինչ աստիճանի է այնտեղ հասել հայատյացությունը:
Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց.
«Այո, սա պարտություն էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար, և, փաստորեն, կային բազմաթիվ ազդանշաններ և կանխատեսումներ, որ նման տեղափոխությունը հնարավոր է: Ամեն դեպքում, Հայաստանի արտգործնախարարությունը պատշաճ կերպով պատրաստ չէր դրան, և չտրվեց համապատասխան գնահատական այն փաստին, որ արտահանձնումը ոչ միայն հավանական էր, այլև միանգամայն հնարավոր»:
Ռ.Կիրակոսյանը նշեց, որ արտահանձնումը հնարավոր չէր կանխել, բայց Հայաստանի կառավարությունը պետք է արդեն պատրաստ ունենար իր ստրատեգիական պատասխանը դրան, և ավելացրեց.
«Միևնույն ժամանակ, դիվանագիտական այս ճգնաժամը կարող է վերածվել Հայաստանի արտաքին քաղաքականության հաղթանակի` մի քանի հանգամանքներից ելնելով:
Առաջինը` այս ճգնաժամը կարող է հնարավորություն տալ սաստկացնելու միջազգային դժգոհությունը Ադրբեջանի նկատմամբ, ում այս անընդունելի քայլը չի կարող բարեկամներ բերել Բաքվի համար, ավելի շուտ սրանով նա ավելի շատ թշնամիներ կվաստակի, հատկապես, եթե հաշվի առնենք մարդասպանի սառնասրտությունը, և, թե ինչպես Ադրբեջանի նախագահն ազատ արձակեց այդ մարդասպանին և պատվի արժանացրեց:
Երկրորդը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի քանի օրից գալու է Երևան, և Հայաստանը կարող է և պետք է պահանջի ՆԱՏՕ-ից՝ խստորեն դատապարտել այս արտահանձնումը, հատկապես, երբ այդ հանցագործությունը տեղի է ունեցել Բուդապեշտում լեզվի դասընթացներ անցնելու ժամանակ` ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Եվ երրորդը` այս միջադեպը միայն հաստատում է, որ Ադրբեջանը մերժում է Հայաստանի հետ լինել «գործընկեր՝ հանուն խաղաղության», և Բաքուն կրկին ցույց տվեց, որ ինքը հուսալի և անկեղծ բանակցող չէ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունների գործընթացում:
Այսպիսով, Հայաստանը կարող է, փաստորեն, օգտագործել այս ճգնաժամը` ավելի ուժեղ դիրքում հայտնվելու համար, առավելևս, եթե հաշվի առնենք, որ Բաքվի և Բուդապեշտի միջև գաղտնի բանակցությունները վիրավորանք են Եվրոպական Միության համար նույնպես, քանի որ Հունգարիան ԵՄ-ի անդամ է, ինչը հանդիսանում է, այսպես կոչված, «եվրոպական արժեքների» մերժում: Եվ այն փաստը, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Օբաման ստիպված եղավ խոսել այս հարցի մասին և դատապարտել ադրբեջանական արտահանձնումը, ցույց է տալիս, թե ինչքան կարևոր և վրդովեցուցիչ էր այս դեպքը միջազգային հանրության համար»:
Իսկ մեր հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սարգսյանի խոսքը միջազգային դիվանագիտական ներկայացուցիչների առջև, ինչպես նաև Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, նա պատասխանեց. «Այո, Հայաստանի նախագահի պատասխանը կտրուկ էր և համոզիչ: Բայց ավելին պետք է արվի. Մասնավորապես, սա պետք է դաս լինի Հայաստանի համար՝ նման խնդիրներին նախապես շատ ավելի լավ պատրաստվելու և մշակելու ռազմավարական հայեցակարգ` արտաքին քաղաքականության ապագա և անխուսափելի մարտահրավերներին դիմագրավելու համար»: