ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի հետ հանդիպումը չփարատեց դասախոսների և ուսանողների մտահոգությունները
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գյուլումյանին ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի հետ հանդիպման ձևաչափը դուր է եկել, բովանդակությունը՝ ոչ: Այսօր ուսանողների նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների, ուսանողների և ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանի միջև: Ուսանողների այն պնդմանը, թե ԿԳՄՍ նախարարը դասախոսների հետ հանդիպման ժամանակ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, ռեկտորի ժ/պ-ն արձագանքել էր, թե անհաջող հանդիպում էր երկուստեք, հանդիպման մի կողմի մասնակիցներին հաջողվել էր նախարարին հունից հանել: Գևորգ Գյուլումյանի խոսքով՝ քննարկումը տեսել են բոլորը, հետևությունները թողնենք դիտողներին:
«Ռեկտորի պատասխանն ինձ դուր չեկավ, մեղադրական փոքրիկ ճառ հնչեցվեց: Ասում է՝ «մի կողմը հունից հանեց նախարարին», այսինքն՝ խոսքը պրոֆեսորադասախոսական կազմի մասին էր, բայց հանրությունը տեսել է, թող իրենք անալիզ անեն, թե որևէ մեկը փորձե՞լ է հարցը սրել, հարցը տանել քաղաքական դաշտ, մի հոգի է այնտեղ փորձել հարցը տանել քաղաքական դաշտ, և այդ մարդը Արայիկ Հարությունյանն է: Լավ հիշում եք, երբ դասախոսի հետ խոսելու ընթացքում, երբ դասախոսն իրեն մասնագիտական հարց է տալիս, նա ասում է՝ «ձեր եղբոր տղայի կուսակցությունը»….»,- ասաց Գևորգ Գյուլումյանը:
«Հանուն ազգային կրթության» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև կրթության ոլորտի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում հնչեցրած մի քանի արտահայտություններին:
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարիներ շարունակ մեր կրթական համակարգը թամադաներ է պատրաստել, բայց մեզ ինժեներներ են պետք: Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն էլ վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակել է՝ գնալ սուրճ խմել և վերադառնալ տուն:
«Մեկը կարող է ասել՝ թամադաներ, մեկ ուրիշը կարող է ասել, թե ծանրամարտիկներ են մեծացնում բանասիրականում, կարծիք է: Ես նշում եմ, որ այդ իր ասած սուրճ խմող մարդիկ, օրինակ՝ Սամվել Մուրադյանը, հիմա Հովհաննես Շիրազի անտիպ ստեղծագործություններն է տպագրում 5 հատորով, Արծրուն Ավագյանը ծավալուն աշխատանք է տանում Շահան Շահնուրի մասով, Յուրի Ավետիսյանը ոչ մասնագիտական ֆակուլտետների համար դասագրքեր է կազմում: Պատմության ֆակուլտետում սուրճ խմող Էդիկ Մինասյանի վերջին գիրքը երևի տեսել է մեր վարչապետը: Այն մարդը, ում աշխատանքի էությունը սուրճ խմելն է, չի կարող նման աշխատանք անել»,- ասաց նա:
Դասադուլը կշարունակե՞ն, թե՞ ոչ, ուսանողները դեռ չեն որոշել: Հստակ է այն, որ 2 օրից հանդիպելու են ԱԺ ԼՀ կուսակցության հետ: Դրանից հետո հանդիպում են ակնկալում «Իմ քայլի» և ԲՀԿ-ի հետ: Նպատակ ունեն հարցին հանրային ավելի մեծ հնչեղություն տալ:
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ուսանողների դասադուլն իրենց ձայնը տեղ հասցնելու տարբերակ է համարում, ռեկտորի ժ/պ-ի հետ հանդիպումից էլ գոհ է, պնդում է՝ նրա ասածների մեծ մասն ընդունելի էին:
«Նա ընդգծեց այն հանգամանքը, որ դեմ չէ հայագիտական առարկաների դասավանդմանը, ձևին է դեմ: Նշեց, որ ինքը՝ որպես ռեկտորի ժ/պ, ամեն ինչ կանի խնդրին դրական լուծում տալու համար, չնայած վերջնական լուծողը գիտխորհուրդներն են: Մեր մտահոգությունը մնում է պարտադիր բաղադրիչի բացակայությունը, որն իր հետևանքն ունենալու է: Վերջին հաշվով, հայագիտական առարկաների դասավանդման և որակի ապահովման համատեքստում այս առարկաների դասավանդումն անհրաժեշտ է բոլոր առումներով, ցանկացած տարիքի համար, կոնկրետ հասունության աստիճանի մարդկանց համար, դա անհրաժեշտ է աշխարհայացքի ձևավորման համար: Մեր առարկաները չեն խանգարում լավ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս դառնալ»,- ասաց Էդիկ Մինասյանը:
Պատմության ֆակուլտետի դեկանի պնդմամբ՝ ազգային կրթության ազգային տեսլական է պետք, որի համատեքստում պետք է քննարկել օրենսդրական փոփոխությունները:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 6-ից ուսանողները դասադուլ էին անում՝ պահանջելով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում վերականգնել Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաների դասավանդման պարտադիր բաղադրիչը ոչ մասնագիտական ֆաուլտետների համար, ուսանողներին իրենց համերաշխությունը հայտնելու համար 1 օրով գործադուլի դուրս եկան նաև Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսները:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ