Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը
Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Շնորհառատ տոնի առիթով Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը: Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ հայորդի ուխտավորներ:
Ս. Պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Ս. Գեղարդը: Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորաբար ժամանած հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Սրբազան արարողության ընթացքում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին` ի մասնավորի նշելով. «Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների վկայությունը սոսկ պատմական նշանակություն չունի մեզ համար, որը փաստում է Հայոց Եկեղեցու առաքելական ծագումը: Այո´, մեր Եկեղեցին առաքելական է, քանզի հիմնադրվել է առաքյալների կողմից և դավանում է առաքյալների ուղղափառ վարդապետությունը։ Սակայն մեր Եկեղեցին առաքելական է նաև իր էությամբ և այդ առաքելականությունը դրսևորվում է երեք հիմնական հատկանիշների միջոցով: Այսօրվա տոնի օրհնության շարականը մատնացույց է անում առաքելական լինելու այդ երեք հատկանիշները։ Դիմելով առաքյալներին շարականագիր հեղինակն ասում է. «Սպասաւո՛րք եւ բարեկա՛մք եւ վկա՛յք Աստուածորդւոյն բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն անձանց մերոց»։
Առաքելական քրիստոնյա լինել առաջին հերթին նշանակում է լինել սպասավոր Աստծո կենդանի Խոսքի։ Առաքյալ բառն ինքին նշանակում է առաքված, ուղարկված՝ քարոզելու ավետարանը։ Ոմանք կարծում են, որ Աստծո Խոսքի տարածումը միայն հոգևորականների գործն է, սակայն մեր Տիրոջ առակները երկրի աղը լինելու և աշտանակի վրա դրված ճրագի (Մտ. Ե 15) մասին վերաբերում են բոլորիս։ Մկրտված յուրաքանչյուր քրիստոնյա Սուրբ Հոգուց կոչված է վկայություն բերելու, սփռելու Ավետարանի Բարի Լուրը իր սիրելիներին և ընտանիքին, հարևաններին և գործընկերներին, խոսքով և գործով»:
Հայր Մեսրոպը կարևորեց նաև, որ Աստծո մասին խոսելուց առաջ պետք է նախ ճանաչել նրան, խոսել Աստծո հետ և ունկնդիր լինել նրա Աստվածային ձայնին:
«Հիրավի, մենք ստեղծվել ենք Աստծո հետ մտերմության համար։ Աստված չի ցանկանում, որ մենք պարզապես իմանանք Իր մասին, այլ ճանաչենք իրեն և կատարենք Իր կամքը։ Աստծո հետ մտերմության ճանապարհը Նրա պատվիրանների գործադրումն է, հարատև աղոթքը և Աստծո կենդանի Խոսքի խոկումը, երբ մարդ, ինչպես առաքյալները, ապրում և գործում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ և Աստծո ներկայության մեջ»-, ընդգծեց պատարագիչ Հայր Սուրբը:
Խոսելով քրիստոնեական վկայության մասին՝ Հայր Մեսրոպը հաստատեց, որ առաքելական լինել, նշանակում է լինել վկա, որ նշանակում է նաև նահատակ, խոստովանող։
«Վկա են անվանվում բոլոր նրանք, ովքեր վկայում են իրենց հավատքը, խոստովանում և դավանում Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի և Տեր իրենց կյանքի գնով, իրենց մահվան գնով։ Մեր Եկեղեցին դարեր շարունակ այս երեք հատկանիշներն է դարձրել իր առաքելության առանցքը և դրա համար էլ իրավամբ կոչվում է առաքելական։ Մեր հայրերը Աստծո կենդանի խոսքի անխոնջ սպասավորներն էին։ Թերթատեք մեր հարուստ մատենագրական ժառանգությունը, և կտեսնեք, թե ինչպե´ս են մեր եկեղեցու Սուրբ Հայրերը ջանադրաբար սպասավորել և մատռվակել Աստծո կենարար խոսքը մեր ժողովրդին։ Ընթերցեք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ապաշխարհության շարականները, Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթագիրքը, Սուրբ Ներսես Շնորհալու և Հովհաննես Գառնեցու աղոթքները և կհասկանաք, թե ինչպիսի´ ջերմ աղոթական մտերմություն են ունեցել մեր սուրբ հայրերը Աստծո հետ, իրենց սրտի խորքերից բխած խոսքը ուղղելով Ամենասուրբ Երրորդությանը», – փաստեց Հայր Սուրբը:
Պատարագիչը նշեց նաև, որ մեզանից յուրաքանչյուրը կոչված է լինելու սպասավորն Աստծո խոսքի, Նրա հետ աղոթական մտերմության և Նրա Սուրբ Անվան վկայության և խոստովանության։
Վերջում Հայր Մեսրոպը հորդորեց հավատացյալներին միասին աղոթելու և հայցելու սուրբ առաքյալների բարեխոսությունը, որպեսզի նրանցից ստացած մեր սուրբ հավատքը և առաքելական կոչումը շարունակի արդյունավորվել հայ ժողովրդի մեջ ի փառս Ամենասուրբ Երրորդության և ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու։
Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Ս. Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։
Աստվածամուխ Ս. Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: