Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել
Նոյեմբերի 29-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները, որոնց պայմանագրերը մինչ օրս չեն լուծարել, վերջնահաշվարկ չեն տվել, և նրանք աշխատանքի են գնացել հերթապահի կարգավիճակով, բողոքի ակցիա էին կազմակերպել: Պատճառը երեք ամիս աշխատավարձ չստանալն էր:
««Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել, այդ պատճառով աշխատավարձ չենք ստանում: Բայց խանութներին պարտք ենք, բանկերին պարտք ենք, արդեն այն օրի ենք հասել, որ գնում ենք խանութ՝ ապրանք վերցնելու, հրաժարվում են տալ: Խնդրում ենք, որպեսզի Կառավարությունը միջամտի, և մեր աշխատավարձերը տան: Ղեկավարությունն ասում է, որ աշխատավարձը պատրաստ է վճարել, սակայն արգելանք է դրված հաշվեհամարին: Մեր ցանկությունն է, որ դատական գործն արագ ընթանա, մի լուծում գտնվի, մեզ էլ աշխատավարձ տան»,- 168.am-ի հտ զրույցում ասացին մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները:
Նրանք հանդիպել են նաև Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին և խնդրել են, որ իրենց խոսքը հասցնի պատկան մարմիններին: Համայնքապետն էլ, իր հերթին՝ Լոռու մարզպետի հետ է կապ հաստատել՝ լուծում գտնելու համար:
Նշենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել է դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:
Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծարած մի քանի աշխատակիցներ դիմել են դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների համար: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա:
Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը: Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:
Անի Կարապետյան