Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս տարածքային մի քանի ստորաբաժանումում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Նոյեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին ու հայտնել, որ իրերը տեղափոխելիս նռնակ է գտել, ապա ժամանած ոստիկաններին է ներկայացրել պայթուցիչով նռնակը։ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում արձանագրվել է երկու դեպք։
Նոյեմբերի 26-ին մի երիտասարդ ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարներով և՛ երկփողանի, և՛ մեկփողանի «ԻԺ» տեսակի հրացաններ՝ ընդհանուր 8 հատ, որոնք նախատեսված են 12մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նոյեմբերի 27-ին Մուշի բաժին եկած 39-ամյա տղամարդն էլ կամավոր հանձնեց նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակներ և ինքնաձիգի 5․45մմ տրամաչափի 90 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք գտել է խորդանոցը մաքրելիս։ Նոյեմբերի 27-ին ապօրինի զենքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում։
Ջուջևան գյուղի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ բաժին է բերել հանգուցյալ եղբորը պատկանած երկփողանի հրացանը՝ նախատեսված 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։