«Արցախի անկախության մասին ցանկացած հիշատակում ֆիզիկական ցավ է պատճառում ադրբեջանցիներին». Դավիթ Ալավերդյան

«Փոխադարձ այցերից պետք չէ մտահոգվել, ինչքան լինեն, այնքան լավ»,- հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այլցելությունների մասին այսպիսի կարծիք է հայտնում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: Նա հիշում է, որ մինչև 2001 թ. այդ այցերը պարբերական բնույթ էին կրում:
18 տարի դադարից հետո նախորդ շաբաթ «Հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում» ծրագրի շրջանակում Բաքվում էին Արցախի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը, «Մեդիամաքս»  լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Թևան Պողոսյանին այս այցն ուրախացրել է:

«Մինչև այցելությունն էլ ասել եմ՝ ուրախ եմ, որ կստանանք ազնիվ, արդար, ճիշտ տեղեկություն մեր լրագրողների աչքերով, թե ի՞նչ է Ադրբեջանն այսօր: Գիտեմ, որ ադրբեջանցի լրագրողները եղել են Դիլիջանում, Արցախ են այցելել, մինչև իրենց գալն էլ կասկած էի հայտնել, որ կպատմեն ճշմարտությունը: Ինձ մոտ կա տպավորություն, որ եթե նույնիսկ իրենք այլ տեքստ են գրել, այդ տեքստը չի հրապարակվել, հրապարակվել է այն, ինչ նախապես գրված է եղել, շատ ծանոթ սցենար է: Եթե դա այն է, ինչ իրենք զգացել ու տեսել են, ապա մենք մեր երկիրը ներկայացնելու խնդիր ունենք»,- ասաց Թևան Պողոսյանը:

Այցի ընթացքում «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր Դավիթ Ալավերդյանը նկատել է, որ բոլոր այն մարդիկ, որոնք իրենց հետ հանդիպել են, քարոզչական տեսակետից նախօրոք պատրաստված են եղել: Բայց հայ լրագրողներին հաջողվել է տալ հարցեր, որոնց նրանք այնքան էլ պատրաստ չեն եղել:

«Դրանցից մեկն այն էր, թե արդյոք լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները պատրաստո՞ւմ են իրենց հասարակությանը խաղաղության, թե՞ ոչ: Հիմանականում հնչեցին կարծիքներ, որ մինչև հիմա իրենք հրահանգ չեն ստացել պատրաստելու հանրությանը, բայց եթե նման առաջադրանք լինի, կանեն»,- ասաց Դավիթ Ալավերդյանը:

«Մեդիամաքս»-ի համահիմնադիրը պատմում է՝ 3 հայ լրագրողներին Բաքվում ուղեկցել է 12 թիկնապահ, ադրբեջանցիների վերաբերմունքն էլ իրենց նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ դրական չի եղել:

«Իմ նկատմամբ թշնամանք զգացել եմ: Ադրբեջանցիներն ասում էին՝ «впервые видим жового армянина», ենթադրում եմ, որ «мертвого» էլ չեն տեսել, և դա հնչում էր՝ որպես կոմպլիմենտ»:

Չնայած վերաբերմունքին՝ Դավիթ Ալավերդյանը փոխադարձ այս այցում մի շարք ձեռքբերումներ է նկատում, օրինակ՝ այն, որ Ադրբեջան է գնացել արցախցի լրագրող.

«Արցախցի լրագրողը մեկնել էր հենց Արցախի անունից և, որքան էլ զարմանալի է, ողջ-առողջ վերադարձավ: Այս անգամ ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ, ինչը նախկինում հրաժարվում էին անել: Ճիշտ է, իրենք ստիպված են եղել բացատրել, թե ինչո՞ւ են գնացել, բայց ինչպես հասկացա երեկվա հրապարակումներից՝  արդարացումը գտել են՝ ասելով, որ ինչո՞ւ չպետք է ադրբեջանցի լրագրողը գնա ադրբեջանական հող: Իրենց տրամաբանության մեջ հետաքրքիր արդարացում է»:

Արցախ այցելության ժամանակ ադրբեջանցի լրագրողներին հսկել են տեղի իրավապահները: Դավիթ Ալավերդյանը որևէ զարմանալի բան չի տեսնում, որ լրագրողներն այցելել են նաև ԱԻՆ, հատկապես որ, ծրագիրը րոպե առ րոպե հաստատված է եղել: Թևան Պողոսյանն առաջարկում է ամեն դեպքում չկորցնել զգոնությունը:

«Զարմանալի կարող է հնչել, որ դու քո հակառակորդ երկրի ներկայացուցչին տարել ես ԱԻՆ, որն անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկն է, կամ ունենք իրավիճակ, երբ մեկը կարող է եկեղեցում մոտենալ ու հարց տալ: Ինձ համար այս ամեն ինչն այլ տեսանկյունից է խնդիր, հանկարծ այնքան չսովորենք, որ հետո ունենանք Ռամիլ Սաֆարովի դեպք, սովորական է դառնում, հետո մի օր կարող է ինչ-որ բան լինել, պետք է զգոնությունը չկորցնենք, բայց մեր կողմից չէ խնդիրը գալիս»,- ասաց Թևան Պողոսյանը:

Դավիթ Ալավերդյանը պնդում է՝ ադրբեջանցիներին միավորում է հայերի նկատմամբ ատելությունը, լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ադրբեջանցիները պատրա՞ստ են զիջումների:

«Իրենց, կարծում եմ, անգամ ֆիզիկական ցավ է պատճառում Արցախի անկախության մասին ցանկացած հիշատակում: Իրենք ասում են, որ բոլոր տեսակի բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ հայկական զորքերը կլքեն Արցախը: Մեր դիտարկմանը, որ դա իրատեսական չէ, պատասխանում են լարված ձևով»,- ասաց Դավիթ Ալավերդյանը:

Հայ և ադրբեջանցի լրագրողներն իրենց հայրենիք վերադարձի ժամանակ Վրաստանում հանդիպել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին, որը հետագայում այս այցերի մասին իր ելույթի տեքստը համաձայնեցրել է երկու կողմերի հետ, սակայն այն մինչև հիմա չի հրապարակվել: Թևան Պողոսյանը վստահություն է հայտնում, որ դրա վրա վետո է դրել Ադրբեջանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս