Բաժիններ՝

Բացահայտվել են Արևաբույրի նախկին ու ներկա համայնքապետերի ապօրինությունները

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին և ներկայիս ղեկավարները, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2019 թվականը Արևաբույրի համայնքապետարանում պահակ են ձևակերպել համայնքի ներկայիս ղեկավարի կնոջը, որը չի ներկայացել աշխատանքի: Պահակի պարտականությունները կատարել է ներկայիս համանքի ղեկավարի պապը, որը ստացել է աշխատավարձ և ստորագրել է համայնքապետի կնոջ փոխարեն պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաճախելիության մատյանում:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2011-ից մինչև 2015 թվականը երեք անգամ կազմել և սոցիալական աջակցության տարածքային գործակալություն է ներկայացրել կեղծ տեղեկանքներ. իբր ներկայիս համայնքապետի կինը Արևաբույրի համայնքապետարանի աշխատակից է և գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Հիշյալ կեղծ տեղեկանքների հիման վրա ներկայիս համայնքապետի կինը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, հաշվառվել է սոցիալական աջակցության տարածքային գործակալության «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» համակարգում և երեք երեխաներից յուրաքանչյուրի համար ստացել, ինչպես ծննդօգնության միանվագ, այնպես էլ երկու տարի` յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված գումարները:

Ըստ նախնական տվյալների` արդյունքում Արևաբույր համյանքի նախկին և ներկայիս ղեկավարները, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, կեղծ աշխատանքային ստաժ ձևակերպելու, ինչպես և համայնքապետարանի դրամական միջոցները հափշտակելու նպատակով, կազմել և ստորագրել են ներկայիս համայնքապետի կնոջն աշխատանքի ընդունելու, արձակուրդ տրմադրելու, աշխատավարձ դուրս գրելու համար կեղծ փաստաթղթեր:

Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս