Բաժիններ՝

Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվն աճել է 6050-ով

Չինաստանից Հայաստան այցելած քաղաքացիների թիվը 2019 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6050-ով: Այս մասին նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«2018 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8430 քաղաքացի, իսկ Հայաստանից Չինաստան մեկնել 8450-ը: 2019 թ. դինամիկան աչքի է ընկնում բավական բարձր տեմպերով: 2019 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան են այցելել մոտ 14 500 Չինաստանի քաղաքացիներ: Սա այն պայմաններում, երբ, այնուամենայնիվ, գոյություն ունի մինչ այսօր վիզային ռեժիմ: Տուրիզմի առումով բավական հետաքրքիր դինամիկա ունենք Չինաստանի հետ»,- ասաց Ադոնցը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս