«Աբսուրդ է, իշխող ԱԺ խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ աշխատավարձ, իսկ նախարարը՝ 1,5 մլն դրամ». Էդմոն Մարուքյան
Այսօր 168.am-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվել էր՝ որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջին ամիսներին, և ամենակարևորը՝ ինչի՞ համար է ստացել պարգևավճար։ Լ. Մակունցն ի պատասխան՝ միայն ասել է, որ, ինչպես բոլոր նախարարներն ու փոխնախարարները, ինքը ևս նախորդ երկու ամիսների ընթացքում, բացի աշխատավարձից, ստացել է պարգևավճար: Լ. Մակունցը նշել է, որ պարգևավճար է ստացել, քանի որ 30 տոկոսի չափով պարգևավճար բյուջեով սահմանված է պետական համակարգի աշխատողների համար, սակայն չի կարողացել հստակ պատասխանել, թե որքան է այն կազմել։ Առաջարկել է հարցը գրավոր ուղարկել, որպեսզի հստակ թվերը ներկայացնի։
Ի հավելումն Լիլիթ Մակունցի խոսքի՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատել է, որ աշխատավարձերի առումով Հայաստանն ապրում է աբսուրդ ժամանակահատվածում, երբ իշխող խմբակցության ղեկավարը ստանում է 460 հազար դրամ, իսկ նախարարը՝ 1,5 մլն դրամ:
«Սա այն աբսուրդն է, որ օրենքի խախտումով քաղաքական համակարգի սանդղակն ուղղակի ոտնահարվել է: Սա լուրջ համակարգային խնդիր է, խորհրդարանին շրջանցելու արդյունքում սա է տեղի ունենում: Մենք առաջարկել ենք, որ բյուջեով սահմանված 30 տոկոսը ոչ թե պարգևավճար լինի, այլ դարձնեն աշխատավարձ»,- եզրափակեց Է. Մարուքյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ