Ինչո՞ւ են ռուսները հիշել 1921 թվականի պայմանագիրը

Նախօրեին ռուսական «Regnum»-ը հրապարակվել է մի հոդված, որտեղ ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի` Հայաստանում անցկացվելիք «Համագործակցություն 2012» զորավարժության շրջանակներում մշակվելու է 3 սցենար` իրանական, վրացական և ադրբեջանական:

«Այդ զորավարժությունների առաջին ասպեկտը Իրանի հյուսիսային սահմանների պաշտպանության դեպքում գործողությունների մշակումն է»,- նշված է հոդվածում, որի հեղինակն ավելացնում է. «Ռուսաստանի և Իրանի միջև գոյություն ունի պայմանագիր` ստորագրված 1921 թ., որի համաձայն, արտաքին ներխուժման դեպքում, եթե Իրանն ի վիճակի չլինի դիմագրավել դրան, Ռուսաստանը կարող է միջամտել»:

«Իրանական սցենարի» և 1921 թ. ռուս-պարսկական պայմանագրից օգտվելու հնարավորության վերաբերյալ 168.am-ի զրույցում ռուսաստանյան հայտնի արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին ասաց.

«Նախևառաջ` այդ պայմանագիրն իր ուժը կորցրել է Թեհրանի կոնֆերանսից հետո: Երկրորդը` 2012 թվականը տարբերվում է 1941 թվականից, ինչպես նաև 1943 թվականից, երբ Թեհրանի կոնֆերանսում ստորագրվեցին պայմանագրեր, որոնք փոխարինեցին նախկին համաձայնագրերը, ավելին` դրանց հաջորդեցին մի շարք պայմանագրեր` ընդհուպ մինչև ԽՍՀՄ փլուզումը: Ուստի 1921 թվականի մասին մենք հիշում ենք որպես պատմական փաստ, բայց ոչ ավելին: Ելնելով այսօրվա իրավիճակից` պատերազմն Իրանում նշանակում է փախստականների հոսք դեպի հյուսիս, Կովկասում իրավիճակի հնարավոր ապակայունացում, և այդ խնդիրների հետ պետք է աշխատել, այդ թվում` նաև ՀԱՊԿ շրջանակներում»:

Ինչ վերաբերում է «վրացական սցենարին», ապա, ըստ Ալեքսանդրովի, ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման ուժերի զորավարժության շրջանակներում կարող են մշակվել գործողություններ` կապված Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: «Բացառված չէ, որ Վրաստանում ընտրությունների ժամանակ իշխանությունները կարող են ընտրությունների արդյունքների մասսայական ընտրակեղծումներ իրականացնել, և դա կարող է հանգեցնել երկրի ներսում խռովությունների և անկարգությունների և ուժի միջոցով դրանց ճնշմանը: Ռուսաստանը կարող է միջամտել, որպեսզի պաշտպանի վրաց ժողովրդին բռնությունից ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքն օգնության եկավ Լիբիայի ժողովրդավարական ուժերին»,- ասել է փորձագետը:

Զորավարժությունների երրորդ կարևոր բաղադրիչը, ըստ Ալեքսանդրովի, ղարաբաղյան հիմնախնդրի հնարավոր էսկալացիայի դեպքում գործողությունների սցենարի մշակումն է: «Միանգամայն ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի Լեռնային Ղարաբաղի համար, ապա ռազմական գործողությունները չեն կարող տեղայնացվել միայն Լեռնային Ղարաբաղի գոտում: Հայաստանն այդ դեպքում կհարվածի Ադրբեջանի տարածքի խորքերը, վերջինս կպատասխանի, իսկ դա իր հերթին` արդեն կմիացնի ՀԱՊԿ մեխանիզմը»,- նշել է Մ.Ալեքսանդրովը:

Մեր հարցին` որքանո՞վ են նշված սցենարների վերաբերյալ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ի՞նչ ասել է` ադրբեջանական կամ իրանական սցենար: Դա ինչ-որ մեկի անձնական կարծիքն է, որը մենք չենք մեկնաբանում: Զորավարժությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն ունի հստակ սցենար, որի մասին մենք կհայտարարենք»:

Տեսանյութեր

Լրահոս