«Ադրբեջանը մարտական դիրքերում փորձնական ծրագրեր է իրականացնում՝ ըստ ռելիեֆի». փորձագետ
Ադրբեջանը, ավելի քան մեկ տարի է, մարտական դիրքերում սկսել է իրականացնել ամրաշինարարաինժեներական փորձնական մի քանի ծրագրեր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Ադրբեջանը տարբեր ռելիեֆներ ունեցող դիրքերում մի քանի փորձնական ծրագիր է իրականացնում: Մասնավորապես՝ դաշտային հատվածներում ամրացնում է դիրքերը հատուկ նյութերի կիրառմամբ, որոնք թե՛ հրաձգային, թե՛ ականանետային զենքերի կիրառման դեպքում ոչ միայն չեն վնասվում, այլ նաև բեկորներ չեն առաջացնում: Սա բավականին թանկարժեք նյութերի համակցությամբ իրականացվող մեթոդ է, որը կիրառվում է՝ ինչպես թուրքական բանակում, այնպես էլ՝ իսրայելական՝ անցակետերի պահպանության համար: Մյուս ծրագիրը, որն իրականացվում է դարձյալ փորձարկման համար, վերաբերում է լեռնային պայմաններում գտնվող դիրքերին: Այստեղ Ադրբեջանը ևս օգտագործում է թուրքական մեթոդը և դիրքերը ոչ թե բարձրացնում, այլ ավելի է գետնին հավասարեցնում: Կարծում եմ, որ այս տարբերակն այդքան էլ մեր հակամարտության բնութագրին բնորոշ տարբերակ չէ, և այն չի աշխատի: Թուրքերը դա անում են նրա համար, որպեսզի կարողանան լեռներում պարտիզանական գործողություններ իրականացնող PKK-ի զինյալների թիրախավորումից զերծ մնալ: Մեր դեպքում մենք ունենք միջդիրքային հակամարտություն, այլ ոչ թե՝ պարտիզանական»,- մանրամասնեց փորձագետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն ասել էր, թե այնպես չէ, որ ադրբեջանական բոլոր դիրքերը միանման են կառուցված, ինչը բնական է, քանի որ տարբեր վայրերում են գտնվում. մեկը՝ լեռնային, մյուսը՝ հարթավայրային:
«Այսինքն՝ կառուցվում են՝ ըստ տեղանքի, ըստ այդմ՝ մի տեղ կարող է պաշտպանվել ցանցով, որի մեջ քարեր են լցված, մեկ այլ տեղում բետոնե կոնստրուկցիա լինի: Այլ հարց է դիրքի ֆիզիկական գտնվելու վայրը. եթե այն շատ բարձրադիր է, դա խնդիր է, քանի որ մատակարարումներ են պետք, և միշտ չէ, որ տեխնիկա կարող է հասնել այդտեղ: Այս դեպքում էլ շինարարությունը պայմանավորվելու է դրա ենթակառուցվածքային վիճակով կամ դրա բացակայությամբ: Իսկ ինժեներաշինարարական աշխատանքները մշտական բնույթ են կրում՝ պլանային և չնախատեսված, լինում է նաև, երբ մեծանում են դրանց ծավալները: 2018-ի հոկտեմբերից Ադրբեջանի հետ սահմանի Տավուշի հատվածում մեծացավ ադրբեջանական կողմից այդ աշխատանքների թիվը, քանի որ պահպանություն սկսեց իրականացնել Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը, և իրենք, բնականաբար, սկսեցին նոր ենթակառուցվածքներ զարգացնել՝ դիրքեր տանող ճանապարհներ, կացարաններ: Սա, կարծում եմ, մարելու միտում ունի, որովհետև հիմնական աշխատանքները հասցրել են կատարել»,- նշել էր վերլուծաբանը՝ բետոնե կոնստրուկցիաների միջոցով պաշտպանական կամ ամրացման մեթոդի մասով լրացնելով, որ դրա օգտագործումը շատ տարածված չէ ադրբեջանական դիրքերում, բայցև նորություն էլ չէ:
Մարիամ Պետրոսյան
Հ.Գ. Լուսանկարը՝ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: