Բաժիններ՝

«Վրացական երազանքին» պատրաստ է պաշտպանել ընտրողների 23 տոկոսը, ընդդիմությանը՝ 41 տոկոսը. հարցում

Եթե Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կայանային վաղը, «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը կստանար ձայների 23 տոկոսը, ընդդիմությունը միագումար՝ 41 տոկոսը: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն անցկացրել է «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (IRI) հեղինակավոր ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

IRI-ի հրապարակած տվյալները բովանդակում են քաղաքական կուսակցությունների վարկանիշները, որոնց համաձայն, առաջին տեղն զբաղեցնում է կառավարող կուսակցությունը, ընդդիմադիր կուսակցություններից ամենաբարձր ցուցանիշն ունի «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունը: Հետազոտությանն համաձայն, հարցվածների 32 տոկոսը դեռեւս չի որոշել՝ ում է պաշտպանելու ընտրություններում, իսկ 4 տոկոսը չի պատրաստվում քվեարկել քաղաքական սուբյեկտներից որեւէ մեկի օգտին: Ընդդիմության արդյունքներն այսպիսին են՝ «Միասնական ազգային շարժում»՝ 15 տոկոս, «Եվրոպական Վրաստան-ազատ դեմոկրատներ»՝ 5 տոկոս, Լեյբորիստական կուսակցություն՝ 5 տոկոս, «Հայրենասերների դաշինք»՝ 4 տոկոս, «Քաղաքացիական շարժում»՝ 3 տոկոս, «Հանուն նոր Վրաստանի»՝ 2 տոկոս, «Դեմոկրատական շարժում»՝ 2 տոկոս, «Լելո»՝ 2 տոկոս, «Գիրչի»՝ 1 տոկոս, այլ կուսակցություններ՝ 1 տոկոս:

IRI-ին նաեւ հաշվարկել է կուսակցությունների բացասական ռեյտինգը. այստեղ առաջատարը «Վրացական երազանքն» է. հարցվածների 30 տոկոսը հայտարարումէ, որ երբեք եւ ոչ մի պարագայում ձայն չի տա Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությանը, 26 տոկոսը նույն բանն ասում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության մասին:

Հետազոտությունը IRI-ի պատվերով եւ USAID-ի ֆինանսավորմամբ անցկացվել է սեպտեմբերի 11-ից մինչեւ հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակաշրջանում: Աշխատանքներն իրականացրել է Baltic Surveys/The Gallup Organization ընկերությունը: Երկրի տարածքում հարցմանը մասնակցել է 1500 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 2,5 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս