Վարկային շուկան տաքանում է. կա՞, թե՞ չկա ռիսկ  

Վարկային ռիսկը Հայաստանում վերջին շրջանում ավելացել է, ու դա անհնարին է չնկատել։ Վարկային շուկայի որոշ հատվածներ ակնհայտորեն տաքանում են. ծանրանում է վարկերի բեռը` ավելացնելով վարկառուների խոցելիությունը։ Այլ հարց է, որ գուցե ռիսկը դեռ այնպիսին չէ, որ կարող է բարդություններ ստեղծել ֆինանսական հաստատությունների համար։

Խնդիրն առկա է հատկապես սպառողական և հիպոթեքային վարկերի դեպքում, որոնք առավել ակտիվ են։ Բանկերի վարկային պորտֆելը վերջին շրջանում արագորեն աճում է, բայց դա տեղի է ունենում հիմնականում այս երկու շուկաների անհամեմատ բարձր պահանջարկի հաշվին։

Անցած մեկ տարվա ընթացքում բանկերի սպառողական վարկերի պորտֆելը համալրվել է շուրջ 217 մլրդ դրամով։ Մեկ տարվա կտրվածքով սա հսկայական գումար է այս շուկայի համար։ Այն համարժեք է առնվազն 450 մլն դոլարի։ Սպառողական վարկերի աճն անցնում է 34 տոկոսից։

Նույն ժամանակահատվածում էլ ավելի ակտիվ է եղել հիպոթեքային վարկավորումը։ Թեև բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու սպառողականին հասնելու համար, այնուհանդերձ, այս դեպքում պորտֆելի աճն ավելի արագ է տեղի ունեցել։ Անցած մեկ տարում հիպոթեքային վարկերն ավելացել են 39 տոկոսով։ Խոսքը հավելյալ 90,5 մլրդ դրամի կամ շուրջ 188 մլն դոլարի մասին է։

Միայն այս երկու ուղղություններով վարկերն ավելացել են 307,5 մլրդ դրամով։ Եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը համալրվել է 390,5 միլիարդով, ապա կստացվի, որ դրա ավելի քան 78 տոկոսը բաժին է ընկել սպառողական և հիպոթեքային վարկերին։

Սա նշանակում է, որ վարկերի աճը խիստ բևեռացված է։ Արտադրական հատվածում, որն առավել կարևոր է տնտեսության զարգացումների համար, բանկերի վարկային պորտֆելը շատ դանդաղ է ավելանում։ Արդյունաբերության մեջ բանկային ներդրումները վերջին մեկ տարվա կտրվածքով նույնիսկ նվազել են։ Փոխարենը՝ այն կենտրոնացած է  հիմնականում երկու ուղղություններով, և դա ունի իր պատճառները։

Սպառողական վարկերի պահանջարկը, ըստ էության, միշտ էլ բարձր է եղել։ Բայց այն կտրուկ ակտիվացել է հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում։ Ու դա պայմանավորվել է հիմնականում այն գործոնով, որ բազմաթիվ քաղաքացիներ այդպիսի վարկեր են վերցրել հատկապես դրսից տրանսպորտային միջոցներ ներկրելու համար։ Մի դեպքում դա կարող է լինել՝ սեփական պահանջարկի բավարարման, մեկ այլ դեպքում` իրացման նպատակով։

Արդյունքում՝ սպառողական վարկերի ծավալը կտրուկ ավելացել է` հանգեցնելով ռիսկերի մեծացմանը։ Առավել ևս, որ այս կարգի պրոդուկտներն անհամեմատ ծանր և թանկ վարկեր են, ինչը դժվարացնում է դրանց սպասարկումը։

Հիպոթեքի դեպքում, իհարկե, պատկերն այլ է, բայց դա չի խանգարում, որպեսզի այս շուկայում ևս ռիսկեր կուտակվեն։ Հիպոթեքային վարկերն ակտիվացել են, ու դա կապված է առաջին հերթին՝ եկամտային հարկի հաշվին մարումներ իրականացնելու հնարավորության հետ։ Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են ընդգրկվում այս համակարգում, ինչը սկսել է անհանգստություններ առաջացնել` բյուջեի վրա այդ հատվածից ճնշման մեծացման հետ կապված։ Բազմաթիվ մասնագետներ առաջարկում են աստիճանաբար հրաժարվել այդ մոտեցումից կամ կիրառել սահմանափակումներ։

Կառավարությունն առայժմ անդրդվելի է, բայց վաղ թե ուշ ստիպված է լինելու գնալ դրան։ Այս փուլում խթանները հիպոթեքի դեպքում պահպանվում են, ինչն էլ նպաստել է նման վարկերի պահանջարկի ավելացմանը։

Մյուս կողմից, սակայն, առկա է նաև պահանջարկի, այսպես ասած, արհեստական աճ` կապված անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանային շուկայի թանկացման հետ։ Հաշվի առնելով գների բարձրացման միտումը` մարդիկ փորձում են հնարավորինս շուտ բավարարել իրենց բնակարանային պահանջարկը` հետագայում ավելի թանկ չվճարելու ակնկալիքով։ Դրա լավագույն տարբերակներից մեկը դարձել է հիպոթեքային վարկավորումը։ Բայց այն շատ ռիսկեր է պարունակում` կապված թե՛ անշարժ գույքի շուկայի հնարավոր դրսևորումների, թե՛ հասարակության վճարունակության, և թե՛ այս ոլորտում կառավարության հետագա քայլերի ու նախաձեռնությունների հետ։

Ինչպես սպառողական, այնպես էլ՝ հիպոթեքային շուկաներում վարկային ակտիվությունը գուցե լավ է, բայց շատ կարևոր է, որպեսզի  վարկերի աճն ուղեկցվի հասարակության եկամուտների համարժեք ավելացմամբ։ Մի բան, ինչը տեղի չի ունենում։ Բնակչության եկամուտներն անհամեմատ ավելի դանդաղ են ավելանում, քան վարկային բեռն է ծանրանում։ Սա մի կողմից՝ բարձրացնում է վարկառուների խոցելիությունը, մյուս կողմից` մեծացնում է վարկերի վերադարձելիության ռիսկը։

Այդ խնդիրը կա՝ ինչպես սպառողական, այնպես էլ՝ հիպոթեքային վարկերի դեպքում։ Ու դրան չի կարելի մատների արանքով նայել։ Վարկային շուկայի առանձին հատվածներում ռիսկերն ակտիվանում են։ Մի բան, ինչը կարծես սկսել է անհանգստացնել նաև Կենտրոնական բանկին։ Վերջինս քննարկում է տնային տնտեսությունների վրա պարտքի բեռի հետագա ավելացման նկատմամբ լրացուցիչ գործիքներ կիրառելու նպատակահարմարության հարցը։

«Մենք ուշի ուշով հետևում ենք տնտեսության մեջ ցանկացած տեսակի ֆինանսական գործիքների զարգացումներին, ներառյալ՝ սպառողական և հիպոթեքային վարկերի աճին։ Գոյություն ունեն հիպոթեքային վարկերի տրամադրման կոնկրետ չափանիշեր, որոնց հիման վրա բանկերը հաշվի են առնում ձեռք բերվող գույքի արժեքը, հաճախորդների եկամուտները, պարտքի սպասարկումը և այլն։ Բնականաբար, մենք ուշադրություն ենք դարձնում, թե որքան է պարտքի բեռի կուտակումը հասարակության մոտ։ Այն դեպքում, երբ մենք նշույլներ կզգանք, որ տեղի է ունենում չափից ավելի պարտքի բեռի կուտակում, իսկ մենք հետևում ենք դրան, և կա որոշակի տենդենց, մենք ունենք համապատասխան գործիքակազմ և պատրաստ ենք այն կիրառել։

Այսինքն՝ եթե մենք տեսնենք պարտքի բեռի չափից ավելի կուտակում, արդեն կսկսենք խթանել պատասխանատու վարկավորումը շատ ավելի շատ, քան մինչ այժմ էր։ Կփորձենք բանկերի համար ստեղծել համապատասխան պայմաններ, որ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հաճախորդների եկամուտներին, որպեսզի տնտեսության մեջ պարտքի շատ կուտակում տեղի չունենա»,- ասում է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետը։

Կհասնի՞ հարցը վարկերի տրամադրման ժամանակ լրացուցիչ գործիքակազմի կիրառմանը, թե՞ ոչ, հավանաբար շուտով պարզ կլինի։ Ամեն դեպքում, վարկային շուկայի որոշ հատվածներ տաքանում են։ Դրանցում պարտքի բեռի շարունակական աճը մեծացրել է տնային տնտեսությունների խոցելիությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս