Տարոն Մարգարյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է քաղաքապետարանին աջակցության ոլորտները

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջեւ ձեւավորված համագործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով դեսպանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել մայրաքաղաքի զարգացման ծրագրերի նկատմամբ Ջոն Հեֆերնի դրսեւորած ուշադրությունը, հատկանշելով գործնական քայլերի ձեռնարկումն  ու անձնական մասնակցության ակտիվ կեցվածքը:

«Մենք մշտապես ողջունում ենք բոլոր այն անհատների ու կառույցների նախաձեռնությունները, որոնք այս կամ այն կերպ նպաստում են մայրաքաղաքային տնտեսության որոշակի ոլորտներում զարգացումների արագ ու արդյունավետ կազմակերպումը: Այս առումով կարող եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ի նպաստ Երեւանի կատարվող բոլոր նախաձեռնություններին», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար, Ջոն Հեֆերնը քաղաքապետի հետ քննարկել է սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մենք կարող ենք» խորագրով նախաձեռնության առաջարկը, համաձայն որի Երեւանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է բնության գրկում եւ պատմամշակութային վայրերի ու կոթողների հարակից տարածքներում կուտակված աղբի մաքրման մեկօրյա ակցիայի անցկացում: Դեսպանը նշել է, որ նախաձեռնության հեղինակները երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնցից մեկը` «Երիտասարդ կենսաբաններ» ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը, ով ուղեկցում էր դեսպանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել ակցիայի մանրամասները: Վերջինը վստահեցրել է, որ աշխարհում արդեն բավականին լայն տարածում գտած կամավորական այս ակցիան քաղաքապետարանի հետ համատեղ հաջողությամբ կիրականացվի նաեւ Երեւանում, ընդգծելով, որ արդեն ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ավելի քան  քառասուն հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ մի շարք միջազգային կառույցներ եւ դիվանագիտական ներկայացուցչություններ:

Ողջունելով նախաձեռնության գաղափարը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կառույցների հետ, ովքեր իրենց նպաստը կարող են բերել Երեւանի էլ ավելի գեղեցկացման ու բարեկարգման հարցում: Ակցիային աջակցելու շրջանակում էլ քաղաքապետը վստահեցրել է, որ նախատեսված տարածքների մաքրման աշխատաքներում կներգրավվեն նաեւ Երեւանի սան մաքրման ձեռնարկություններն ու քաղաքապետարանի ենթակայության այլ կառույցները, ինչպես նաեւ քաղաքապետարանի կողմից ակցիայի մասնակիցներին կտրամադրվի անհրաժեշտ բոլոր պարագաները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նաեւ այս հարցում աջակցության պատրաստակամության համար, Ջոն Հեֆերնն իր հերթին վստահեցրել է, որ դեսպանատունը եւս մշտապես մասնակից ու աջակից կլինի նմանատիպ նախաձեռնությունների իրականացմանը:

Հատկանշելով հասարակության դերի կարեւորումը մայրաքաղաքի տնտեսության արդյունավետ կառավարման հարցում, Տարոն Մարգարյանը դեսպանին ներկայացրել է նաեւ քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհրդի կազմում վերջերս ձեւավորված հանձնաժողովների գործունեությունը, որոնց թվում է նաեւ երիտասարդության հանձնաժողովը, ինչը կապահովի հասարակության տարբեր շերտերի տեսակետների եւ առաջարկների առավել ամբողջական դիրքորոշման արտահայտումն ու փոխընդունելի որոշումների կայացումը:

Տեսանյութեր

Լրահոս