«ԵԽ տարբեր մարմինների կողմից քննադատվել է պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը, և, դա հաշվի առնելով, ներդնում ենք վաղ կենսաթոշակի անցնելու կամավոր սխեման». Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Սահմանադրական դատարանի մասին» և հարակից օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը, որոնցով առաջարկում ենք կյանքի կոչել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը:

Մասնավորապես, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, Սահմանադրության փոփոխության պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը դեռևս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Իսկ հաշվի առնելով, որ 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, որպիսի հանձնառությունն արտացոլված է նաև Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, ամենայն հավանականությամբ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելը կյանքի չի կոչվի:

Կառավարությունը, հաշվի առնելով, որ Հայաստանում տարիներ շարունակ եղել է կոռուպցիայի բարձր մակարդակ և այն ազդեցություն է ունեցել դատական մարմինների ձևավորման վրա, Դատաիրավական և Հակակոռուպցիոն ռազմավարություններով խնդիր ենք դրել տարբեր գործիքների միջոցով ստուգել դատավորների և իրավապահ մարմինների բարեվարքությունը: Եվ կամավորության սկզբունքով վաղ կենսաթոշակի համակարգի ներդրումը այդ քայլերից հերթականն է:

Այսպիսով, Նախագծերով առաջարկել ենք Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակի անցնելու նոր ժամանակավոր մոդել, որը հիմնված է կամավոր սկզբունքի վրա: Կարևոր է ընդգծել, որ առաջարկվող կառուցակարգի համաձայն պահպանվում են Սահմանադրական դատարանի դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները:

Մասնավորապես առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակող Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով առաջարկվող մոդելին, ընդգծել է, որ այն բոլոր դեպքերում, երբ վաղ կենսաթոշակի դիմելն, իրապես, կամավոր է, ապա որևէ առարկություն այդ մասով չի կարող լինել: Նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը. ԵԽ տարբեր մարմինների կողմից քննադատվել է պարտադիր վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմը՝ մասնավորապես՝ Լեհաստանում և Հունգարիայում կիրառված, որտեղ պարտադիր է եղել վաղ կենսաթոշակի մեխանիզմը, և, դա հաշվի առնելով, ներդնում ենք վաղ կենսաթոշակի անցնելու կամավոր սխեման:

Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում»:

✅Սիրելի՛ քաղաքացիներ, Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Սահմանադրական դատարանի մասին» և հարակից օրենքում…

Gepostet von Ռուստամ Բադասյան / Rustam Badasyan am Donnerstag, 14. November 2019

Տեսանյութեր

Լրահոս