«30 տարվա կրթական հանակարգին որպես «թամադա պատրաստողներ» որակելուց առաջ միգուցե հարկ էր մի քիչ մտածել…»

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասելիքս շատ է, բայց նորից գամ սկզբից, որովհետև ամեն ինչի հիմքում ընկած է սկիզբը: Ի վերջո, պետք հասկանանք մեկ բան, որ այսօր մենք ունենք մի իշխանություն, որn ընտրվել է ոչ թե նրա համար և այն հիմքով, որ իրականացնի մի այնպիսի քաղաքականություն, որն իր ընտրողների հետ համաձայնեցրել է և դրա արդյունքում նաև հավանություն է ստացել այն իրականացնելու համար:

Դրան գումարած որևէ այլ հոդաբաշխ էլ չեմ ասում, որևէ կոնցեպտուալ սեփական քաղաքական տեսլականը և դրա հիմքում ընկած տեխնոկրատական ու գաղափարաբանական առաքելությունը հիմնավորող միտք և լուծում չի առաջադրվել ընտրողների կամ որևէ ընտրողի դատին:

Հետևաբար, ընտրողը չի գնահատել և արդյունքում նաև արժևորել այսօրվա իշխանության կառավարչական, արարչական, մասնագիտական և քաղաքական ստեղծարար հետագիծը և պոտենցիալը: Արդյունքում ամեն օր քաղաքական լրահոսում հայտնվող ոլորտային քաղաքականության նոնսենսային, ոչ կոմպետենտ որոշումներին և լուծումներին շատերը արձագանքում են զարմանքով և հիասթափությամբ, սակայն չեն խորանում նաև դրա պատճառների մեջ: Պատճառները շատ են, իսկ թերևս ամենակարևոր պատճառը այն է, որ «մենք» ընտրել ենք իշխանություն, որի ֆունկցիոնալության հնարավորություններից և օգտակար գործողության գործակցից՝ ՕԳԳ-ից, բացարձակապես անտեղյակ էինք. երբ նրանց վստահում էինք երկրի կառավարում և որոշումների ընդունման սուպերպատասխանատու գործը: Իսկ հիմա տեսնում ենք, որ ամեն օր նրանք սրբագրում և վազում են իրենց կողմից ընդունված որոշումների բացասական արդյունքի հետևից, այլ ոչ թե առջևից:

Սա քաղաքական մի գործընթաց է, որի տեսական և պրակտիկ խոտանային հիմքերի մասին ես խոսում եմ մեկ ու կես տարուց ավել:

Իշխանությունների բազմաթիվ սխալների, հապճեպության, չմտածված և ողջ պետության, հասարակության համար պատասխանատու լինելու և հանուն սեփական քաղաքական դիվիդենտի վերջինին չմասնատելու ընկալումը չի փոխվել: Այն ոչ միայն այլևս չի աշխատում, այլև արդեն դադարել է դիվիդենտ բերել: Դեռ ավելի հակադարձ ռեակցիա է առաջացնում,որը արտացոլվում է նույն ընտրողների տրամադրության և իշխանությունների դրական ընկալման առումով:

Մեզ սպասում են ժամանակներ, երբ քաղաքական մրցակցության ժամանակ, որը սարերի հետևում չէ, այլևս բացվելու է քաղաքական առումով ֆրիլանսեր բնույթ ունեցող իշխանության իշխանապահպանման գործիքակազմի ողջ գունապնակը կամ ներկապնակը: Իսկ այն «հեղափոխաբեկումը», որն ըստ իս՝ այլևս փաստ է և սկսել է նյադայնացնել, իսկ ավելի հեռատեսներին տագնապեցնել իշխանական էշելոններում՝ շատ ակներև է: Հասկանալի պատճառներով, նրանք դա քողարկում են թուր ճոճելով, կույր անբարտավանությամբ և հանցավոր անհեռատեսությամբ:

Մինչդեռ, հասարակության գերակշիռ մասը ակնկալում էր ոչ միայն ամենաբարձր անձնազոհություն, այլև, օրինակ, որ իշխանական էշելոններում կանեն ամենահրատապ քայլերը: Սակայն դրա փոխարեն նրանք վատնում են ամեն ինչ, ինչն էլ ինտելեկտուալների մոտ հաճախ մտահոգությունների տեղիք է տալիս: Իսկ քանի որ այդ ամենն արտահայտվում է տարբեր մտքերի տեսքով, ապա նրանց ատում են այնպես, ինչպես ատում էին սև-սպիտակի բաժանման ժամանակ: Ինտելեկտուալներն առնվազն ակնկալում են համարժեք քայլեր, իսկ հիմա մտածում են ոչ միայն խորհորդներ տալու, այլև՝ գուցե ընդհանրապես չտալու մասին: Զարմանում են, թե ինչո՞ւ չեն լսում շատերի մտահոգ ձայնը, որը կօգնի և կհեշտացնի անցումը սոցիալական շերտավորման սանդուղքի հաջորդ քայլին:

Հ.Գ. 30 տարվա կրթական հանակարգին որպես «թամադա պատրաստողներ» որակելուց առաջ միգուցե հարկ էր մի քիչ մտածել այն մասին, որ վիրավորել նույն պատրաստողներին սխալ է, որովհետև նրանք «ինժեներական» ճշգրտությամբ են տեսնում ձեր ձախողումների և սնանկության մակարդակը»:

Ասելիքս շատ է, բայց նորից գամ սկզբից, որովհետև ամեն ինչի հիմքում ընկած է սկիզբը:Ի վերջո պետք հասկանանք մեկ բան, որ այսօր…

Gepostet von Vladimir Martirosyan am Mittwoch, 13. November 2019

Տեսանյութեր

Լրահոս