Թիմին «հարձակման» հրամա՞ն է իջեցվել

Շատ է խոսվել այն մասին, որ ՀՀ այսօրվա խորհրդարանը հեռու է կատարելությունից, բայց այն, որ պատգամավորներն անգամ չեն կարողանում ԱԺ կանոնակարգի տարրական պահանջները կատարել և շարժվել օրենքին համապատասխան, ցույց է տալիս, թե ինչ ապիկար «սաստավ» է այսօր վայելում իշխանական պատգամավորական մանդատի առկայությունը։ Մարդիկ ամեն ինչ անում են զուտ տեսարաններ ստեղծելու և այդ տեսարանով հանրությանը հերթական քաղաքական մանիպուլյացիան ներկայացնելու համար։

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում էին հանրությանը համոզել, թե ինչքան «պուպուշ» են իրենք, և ինչքան «չար ու նախանձ են այդ ստոր սևերը»։ Այնպիսի տպավորություն էր, թե պատգամավորների տեքստերը գրել է նույն մարդը, քանի որ բովանդակային առումով նրանց ասելիքը չէր տարբերվում՝ «մեր ասածները մանիպուլյացնում են», «Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է նախորդ ռեժիմի կողմից», «հայոց լեզվի և գրականության ու պատմության, հայ եկեղեցու պատմության շուրջ ստեղծվել է արհեստական քաոս», կամ, ասենք՝ «ֆեյքերով ու մեդիահարթակներով մեր նկատմամբ գրոհներ են տեղի ունենում», և նմանատիպ ու նույնաբովանդակ հայտարարություններ։ Սա ևս մեկ անգամ վկայում է, թե ինչքան նաիվ է օրվա իշխանությունը, որ իր բուն անելիքն ու ասելիքը թողած՝ փորձում է ժողովրդին համոզել, որ իրենց, միևնույն է՝ խանգարում են աշխատել, և բոլոր վատ երևույթները, որոնք կան հանրային օրակարգում, «հնի» հետքերն են։

Հայտարարությունների ժամանակ, ինչպես վերջին մեկուկես տարվա ընթացքում, թիրախը դարձյալ ՀՀԿ-ն էր, որին միացավ նաև Դաշնակցությունը, քանի որ իրենց խոսքում հիշատակվում էր նախկին կոալիցիոն գործընկեր լինելու փաստը։ Ելույթների «շքերթի» մասին խոսելիս («Իմ քայլը» խմբակցությունից 7-8 ելույթ նվիրված էին այս թեմային) փաստենք, որ «իմքայլականները» հիմնականում խոսում էին «բռնապետական»  Հայաստանում տիրող խոսքի անազատության, քաղաքական հետապնդումների ու ատելության մասին, նշում, որ Հայաստանում որոշումներն ընդունվում էին մի կետում, և բոլորը ենթարկվում էին այդ հրամանին։

Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, նրանք մոռանում են, որ այսօր այդ հիշյալ գործընթացներին ավելացել են շատ ավելի այլ կետեր՝ հետապնդումներ ու քաղաքական բացահայտ ռեպրեսիաներ, ինչպես նաև ԶԼՄ-ների նկատմամբ բացահայտ տոտալ հակաքարոզ։ Հասկանալի է, որ վերջին մի քանի օրերի քաղաքական զարգացումները գործող ռեժիմին ինչ-ինչ անհանգստություններ են պատճառել, հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի այս կամ այն հայտարարությունն ու մեկնաբանությունը Նիկոլ Փաշինյանը ցավագին է տանում, ու հենց այս ամենով պայմանավորված էլ թիմին «հարձակման» հրաման է իջեցրել։ Փաստացի իշխանությունը ձախողած Փաշինյանը մնացել է սեփական «լայվի» հույսին, և նա դա փայլուն գիտակցում է, վստահաբար նա հասկանում է նաև, որ քաղաքական պայքարում ևս միայնակ է, քանի որ թիմում չկան այն հավասարակշռված ու կայացած անհատները, որոնք կկարողանան ընդդիմադիր սեկտորից եկած «հարվածներն» ընդունել իրենց վրա։

Իշխանության գրեթե բոլոր ոլորտները տապալած ու իշխանության «գլխարկի» տակ կքած Նիկոլ Փաշինյանը գիտի, որ այս «բոլոլայի» պտուղները շատ դառն են լինելու, իսկ ամենուր սերմանած ատելության մթնոլորտի ու տոտալ վենդետաների հետևանքները՝ բավականին ցավոտ, ուստի նա փորձում է հնարավորինս շատ քարկոծել նախկիններին՝ հիմա արդեն ավելի լայն ճակատով (այսօրվա ԱԺ-ում տիրող մթնոլորտից պարզ դարձավ, որ, բացի արդեն թիրախում հայտնված ՀՅԴ-ից, թեմայի մեջ է մտնում նաև ԲՀԿ-ն՝ որպես ՀՀԿ-ի հետ նախկին կոալիցիոն գործընկեր)։

Ժամանակին Փաշինյանի կողմից հնչած այն թեզը, թե՝ «երբ ժողովուրդը հայտարարի, որ մեր իշխանությունն այլևս չի ուզում, մենք կհեռանանք, քանի որ մենք Սերժի ու Քոչարյանի նման մեր աթոռներից կախված չենք», նրա հերթական քաղաքական ստերից է, որի ականատեսն ենք լինում բոլորս։ Ոչ միայն Փաշինյանը, այլև «իմքայլականներն» այսօր բառի բուն իմաստով վայելում են իշխանության բերկրանքը՝ բարձր աշխատավարձ, ծառայողական մեքենաներ (որի դեմ ժամանակին թիվ մեկ պայքարողն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն էր, երբ ԱԺ ամբիոնից մի քանի անգամ բարձրաձայնում էր Դանիայի օրինակը), վոյաժներ, քծնանք և այլն։ Իշխանական պատգամավորներն իրենց այս պահվածքով փաստում են այն մասին, որ իրենք ոչ մի աղերս չունեն իրական իշխող խորհրդարանականի ու ազգընտիր բուն գործունեության հետ։ Յուրաքանչյուր քառօրյան սպառելու և արհեստական ինտրիգ ստեղծելու համար նրանք օգտագործում են բոլոր հնարավոր և անհնար միջոցները։ Արդեն տևական ժամանակ խորհրդարանում գտնվելով՝ իշխանական պատգամավորներն այդպես էլ չհասկացան, որ իրենք են պետության քաղաքականության պատասխանատուները, և ազգաբնակչությունն իրենց ձայն է տվել պետական քաղաքականություն իրականացնելու համար։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս