Բաժիններ՝

Ոստիկանության պարզաբանումը՝ մուտքի վիզա ստանալու մասին

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  ՀՀ կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք ՀՀ սահմանային անցման կետերում ՀՀ մուտքի վիզա  ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Հայաստանի Հանրապետություն ժամանած  Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ:

 ՀՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս