«Նա, ով ներդրումներ անելու պատրաստակամություն ունի, վարչապետի կամ նախագահի հրավերին չի սպասի, կգա և ներդրում կանի». Վարուժ Չիլինկիրեան

«168 TV»«Ռեվյու» հաղորդման ընթացքում եգիպտահայ գործարար Վարուժ Չիլինկիրեանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ սկզբում ինքն էլ է խանդավառված եղել. «Բոլոր սփյուռքահայ համայնքները, անշուշտ, խանդավառված էին այս իշխանափոխությամբ: Ես անձնապես առաջին մի քանի շաբաթը խանդավառված էի, շատ մեծ հույս ներշնչեց այս իշխանափոխությունը: Երբ հույսերը մեծ են լինում, իշխանափոխություն իրականացնողների վրա պատասխանատվության բեռն էլ է շատ ծանր լինում: Եթե այս ժողովուրդը նորից հուսախաբ լինի, այս անգամ հուսախաբությունն ավելի մեծ ու քանդող է լինելու երկրի համար»:

Հետաքրքրվեցինք՝ ժողովուրդն ինչո՞ւ պետք է հուսախաբ լինի, ինքը տեսնո՞ւմ է դրա նախադրյալները, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Եթե առաջին իսկ օրվանից ավելի իրատեսական հույսեր տրվեին ժողովրդին, ժողովուրդն ավելի իրատեսական մոտեցում կունենար այս ամենի նկատմամբ: Արդեն 1.5 տարի է, որ նոր իշխանություն է երկրում, որոշ բաներ փոխված են, բայց դրանք կփոխվեին՝ ով էլ իրականացներ այդ իշխանափոխությունը: Դրական փոփոխություններ կան, բայց ոչ այն ծավալով, որի հույսն ուներ ժողովուրդը»:

Եգիպտահայ գործարարը նկատեց՝ ներդրումներ կան, բայց դրանք մեծ չեն. «Երբ քաղաքացիների հետ զրուցում ես, մի մասը գոհ է, բայց կա նաև կարևոր մասը, որ տակավին դժգոհ է»:

Այս օրերին Հայաստանում հասարակական լայն քննարկումների թեմա են դարձել ԿԳՄՍՆ կողմից առաջարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և որոշ նախագծերի պետբյուջեից ֆինանսավորում տրամադրելու հարցերը: Երկու օր է՝ ԵՊՀ ուսանողներն ու ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ա. Հարությունյանը ուսանողների բողոքի ակցիան որակեց քաղաքական, և կոչ արեց Դաշնակցության ղեկավարներին՝ տեր կանգնել կուսակցությանը:

Վարուժ Չիլինկիրեանն այս առնչությամբ ասաց. «Ես այս խնդիրը պետք է ընդհանրացնեմ. կրթության և մնացածի նախարարը… եթե մեկը մեկ կամ երկու անգամ սայթաքի, կարելի է աչք փակել, ասել՝ անփորձության արդյունք է: Բայց երբ նույն նախարարը սխալվում է բազմիցս և շատ կարճ ժամանակահատվածում, դա նշանակում է, որ իր ներկայությունը կառավարության մեջ արդեն վտանգավոր է: Տվյալ նախարարն իր «նշանավոր» կեցվածքն ունի՝ հայոց եկեղեցու, համալսարաններում հայերենի և հայոց պատմության ուսուցման, հայոց եկեղեցու պատմության ուսուցման, սատանիստների, այդ ֆիլմի ֆինանսավորման և այլ խնդիրների հետ կապված: Սա նշանակում է, որ ինչ-որ դժգոհություն պետք է առաջանա ժողովրդի մեջ, բոլոր նրանց մեջ, որոնց համար ազգային երևույթները՝ լեզուն, կրոնը, պատմությունը, կարևոր են»:

Նրա խոսքով՝ գուցե Դաշնակցությունն ակցիաների նախաձեռնողն էր, բայց մեծ թվով քաղաքացիներ կան, որոնք որևէ կուսակցության չեն հարում և համաձայն են այդ մտահոգությունների հետ.

«Քաղաքական երանգ տալը պարզապես փորձ է՝ թաքնվելու քաղաքական այլ ուժի հետևում, որպեսզի իր թիկունքին կանգնեն և գոնե ներսից չպահանջեն իր հրաժարականը»:

Անդրադառնալով Սփյուռքի նախարարության փակմանը, Վարուժ Չիլինկիրեանն ասաց. «Սփյուռքի նախարարության փակումը քաղաքական պատգամ էր ներկա իշխանությունների կողմից: Սա Սփյուռքի կարևորության նսեմացում էր»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն այցելում է սփյուռքահայ համայնքներ, մեր հայրենակիցներին հրավիրում է Հայաստան, կարևորում է նրանց ներդրումները Հայաստանում, ինչո՞ւ պետք է Սփյուռքի կարևորությունը նսեմացնելու նպատակ ունենար, նա այսպես արձագանքեց. «Նա, ով ներդրումներ անելու պատրաստակամություն ունի, վարչապետի կամ նախագահի հրավերին չի սպասի, կգա և ներդրում կանի: Մենք մի քանի անգամ փորձել ենք այստեղ ներդրումներ անել նախորդ իշխանությունների օրոք, հիմա էլ եմ այդ նպատակով եկել Հայաստան: Այսինքն՝ ներդրումները կապված են երկրի վիճակի, երկրի ապահովության հետ, նաև ներդրողը մտածում է վերջնականապես Հայաստանում հաստատվելու մասին: Բայց նորից  նշեմ՝ ԿԳՄՍ նախարարի հայտարարությունները լավատեսություն չեն ենթադրում՝ մեզ համար օտար բարքերն այստեղ քաջալերելու իմաստով: Այդ բոլորը միասին պետք է նայել, և ոչ թե՝ միայն վարչապետի կամ նախագահի հրավերները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս