Բաժիններ՝

Քաշվում եք դուք՝ քաշվում է պետությունը

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասել է, որ Հայաստանի արտաքին պարտքի մի մասը պետությանը չէ։

Ըստ aravot.am-ի՝ նա, մասնավորապես, ասել է.  «Արտաքին պարտքի մի մասը չի տարածվում պետական բյուջեի վրա: Երբ մենք պարտք ենք վերցրել հակաճգնաժամային պայմաններում, ֆորմալ առումով՝ դա պետության պարտքն է, բայց, ըստ էության, դրանք այն ձեռնարկությունների պարտքն են, որոնց պետությունը տվել է՝ որպես վարկատուներ: Մյուս կողմից էլ՝ կան վարկեր, որոնք ֆորմալ առումով մեր պետական արտաքին պարտքը մեծացնում են, սակայն այնքան արդյունավետ են կիրառվում, որ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում: Օրինակ՝ Երևանի ՋԷԿ-ը: Ուզում եմ ասել, որ արտաքին պարտքի մի մասը պետությանը չէ»:

Պրն Մինասյանը պարբերաբար է ասուլիսներ տալիս (սովորաբար՝ հաճախականությունը կապված է Ազգային վիճակագրական ծառայության զեկույցների հրապարակման հետ), սակայն նրա ասելիքի մեջ միշտ մի հետաքրքիր բան լինում է։

Այն, որ պետությունը ներգրավված վարկի մի մասը տվել է մասնավոր հատվածին, նորություն չէ. այդ մասին խոսում էին դեռ պարտքերը ներգրավելու ժամանակ։ Սակայն վարկերը հենց այնպես չեն տրվել կոնկրետ ընկերություններին։ Դրանք բաշխվել են հետևյալ սխեմայով՝ պետությունը գումարն ուղղել է բանկային համակարգ, որտեղից այդ գումարները գնացել են մասնավոր հատված։ Մասնավոր ընկերություններն էլ պետք է վարկը վերադարձնեն բանկին։ Ընդ որում, այդ վարկերի մեծ մասի համար պետությունը տվել է երաշխիք։ Այսինքն՝ «գարանտ» է կանգնել՝ կիսելով վարկի չվերադարձման ռիսկը։

Կարդացեք նաև

Ամբողջ խնդիրն այն է, որ Գագիկ Մինասյանը տարանջատում է պետությունը… պետությունից,  այսինքն՝ երկրից։ Երբ մարդիկ մտահոգություններ են հնչեցնում, որ պետության արտաքին պարտքն աճում է, նկատի ունեն ողջ երկիրը, այդ թվում՝ պետությունն ու տնտեսվարող սուբյեկտներին։ Իսկ Գ. Մինասյանը «պետություն» ասելով՝ նկատի ունի միայն պետական համակարգը՝ իր պաշտոնյաներով ու կառավարման մեխանիզմներով։

Եթե սրանով ցանկություն կա ցույց տալ, որ պարտքային բեռը ծանր չէ, քանի որ այն բաշխված է մեծ թվով տնտեսվարող սուբյեկտների միջև, ապա դարձյալ մտահոգությունները չեն վերանում։ Ի՞նչ կլինի, եթե այդ վարկային միջոցները ձեռք բերած մի քանի խոշոր ընկերություններ սնանկանան։ Ո՞վ է պատասխան տալու։ Մենք բոլորս՝ շարքային հարկատուներս։ Որովհետև, ինչպես պատգամավորն՝ ինքն է նշում, ֆորմալ առումով դա պետության պարտքն է, և պարտք տվող երկիրը կամ միջազգային կազմակերպությունն իր գումարը ետ է ուզելու ոչ թե X ձեռնարկությունից, այլ Հայաստանի Հանրապետությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս