«Ինձ համար ցավալի էր, որ «Իմ քայլը» հիմնադրամից ինձ ուղղորդեցին «սորոսական» հիմնադրամ». Մանուել Մանուկյան
Ապրիլյան պատերազմի մասնակից, ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը պատմում է՝ ուսման վարձը չվճարելու պատճառով կանգնել էր բուհից դուրս մնալու վտանգի առաջ: Երկու բուհում է սովորում՝ ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ և Գիտությունների ազգային ակադեմիայի Կառավարում ֆակուլտետներում՝ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգով: Վարձի փոխհատուցման համար շատ հիմնադրամների է դիմել, այդ թվում՝ «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղ ասել են, որ նման ծրագրեր չեն իրականացնում, և ուղղորդել են այլ հիմնադրամներ:
«Հա՛մ Երևանում ապրել, հա՛մ երկու տեղ վարձ մուծել, դժվար է, մենք էլ պաշտոնյա չենք, 1.5 միլիոն աշխատավարձ չենք ստանում: Դիմել էի «Իմ քայլը» հիմնադրամին, ուղղորդեցին այլ հիմնադրամներ, ինձ համար ցավալի էր, որ այդ ցանկի մեջ կար նաև մի սորոսական հիմնադրամ, կոնկրետ այդ մեկը, հաստատ գիտեմ, որ Սորոսից գրանտներ է ստանում: Այլ հիմնադրամներ էլ են ասել, որոնց մի մասում ասացին, որ արդեն ավարտել են ծրագիրը, ոմանք ասացին, որ մյուս կիսամյակին են սկսելու: Շնորհիվ հասարակ մարդկանց, ովքեր աջակցեցին ինձ, ինչ-որ չափով հնարավոր եղավ վճարում կատարել, որ գոնե հրամանագրեն: Այդ մարդկանցից որևէ մեկը չի ուզեցել, որ ես իրենց անունը տամ, ուղղակի, ինձ Ֆեյսբուքից ճանաչելով, ուզեցին, որ ես ուսումս շարունակեմ: Հասարակ մարդն է կանգնում հասարակ մարդու կողքին»,- ասաց Մանուել Մանուկյանը:
Ապրիլյան պատերազմի մասնակիցներն այլ խնդիրներ էլ ունեն, պնդում է ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավարը:
«Մենք դիմել ենք զինգրքույկների համար, քանի որ Ապրիլյան քառօրյայի մասնակից տղաներից շատերի զինգրքույկներում նշված չէ, որ իրենք մասնակից են, մինչև հիմա այդ հարցը չի կարգավորվել, ուզեցան կարգավորել, բայց թերի մնաց: Մարդկանց հաշմանդամության կարգը հանում են, հիվանդ, վիրավոր մարդուն զրկել են կարգից: Ասում են՝ բուժվել է, բայց չի բուժվել»,- պնդեց Մանուել Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ