Բաժիններ՝

Եվրոպայի որոշ տարածաշրջաններում միջատների քանակը վերջին 10 տարում մեկ երրորդով նվազել է

Մոլորակի որոշ աշխարհաշրջաններում միջատների թվաքանակը կրճատվում է ավելի արագ, քան նախկինում համարվում էր: Մասնավորապես, Գերմանիայում վերջին 10 տարում դրանց տեսակների թիվը շատ վայրերում, օրինակ` մարգագետիններում եւ անտառային զանգվածներում, նվազել է գրեթե մեկ երրորդով: Այս արդյունքին են հանգել գիտնականները, որոնց եզրակացությունները հրապարակել է Nature գիտական հանդեսը: Այդ մասին հակիրճ հաղորդել է Շվեյցարիայի Անտառի, ձյան եւ լանդշաֆտի դաշնային գիտահետազոտական ինստիտուտի (WSL) մամուլի ծառայությունը։

Գիտնականներն ավելի քան մեկ միլիոն միջատ (շուրջ 2700 տեսակ) են հավաքել Գերմանայի Բրանդենբուրգի, Թյուրինգիայի եւ Բադեն Վյուրտեմբերգի երկրամասերի 300 շրջաններում: Նրանք ապացուցել են, որ շատ տեսակների թվաքանակը նվազում է Վերջին տարիներին հետազոտված որոշ շրջաններում միջատների տեսակների մի մասն ընդհանրապես չի հայտնվել: Թե՛ անտառներում եւ թե՛ մարգագետիններում փորձագետները մեկ երրորդով պակաս տեսակներ են հաշվել, քան 10 տարի առաջ:

Այդ գործընթացը վերաբերել է ամենատարբեր բնույթի բուսականությամբ տեղամասերի. արոտավայրերի, մարգագետինների եւ նույնիսկ պահպանվող անտառների: «Ընդամենը 10 տարում այդքան ընդգրկուն կրճատումը մեզ համար լիակատար անակնկալ է դարձել: Դա վախեցնող է»,- ասել է գիտական ծրագրի նախաձեռնողներից մեկը՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Վայսերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս