«Վարչապետի բացատրություններն ինձ չհամոզեցին». Վարուժան Հոկտանյանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ Հայաստանում համակարգային կոռուպցիայի վարչական, ոչ տնտեսական հիմքերն էականորեն թուլացած են: Չնայած այս պնդմանը՝ փորձագետը դեռ խնդիրներ տեսնում է:
«Համակարգային կոռուպցիայի հիմքում ընկած է երեք հանգամանք, որոնցից երկուսում աշխատանքներ կատարվում են: Առաջինը տնտեսության մոնոպոլիզացիան է, և որպես դրա շարունակություն՝ քաղաքականության մեջ մոնոպոլիզմը: Այժմ վարչակական-քաղաքական լծակներով փորձ չի արվում մոնոպոլիստ դիրք ունեցողների դիրքերն ուժեղացնել: Շատ տնտեսագետների հետ եմ շփվում, ասում են՝ չի երևում՝ ինչ տնտեսական քաղաքականություն պետք է վարվի, որ վերանան նաև մոնոպոլիզացիայի տնտեսական հիմքերը, որը ևս կոռուպցիայի նվազմանը կնպաստի:
Երկրորդ հանգամանքը քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճումից ձերբազատումն է: Երրորդ խնդիրը՝ իշխանության ճյուղերի միջև զսպիչների, հավասարակշռության, իրարից անկախ լինելու հանգամանքն է, առաջին հերթին՝ դատական իշխանության, որտեղ ես դեռ խնդիրներ տեսնում եմ:
Ես դեռ չեմ կարող ասել, թե հիմա տեղի ունեցողի արդյունքն ի՞նչ կլինի, կունենա՞նք անկախ դատական համակարգ, թե՞ կունենանք մի նոր դատական համակարգ, որը կախված կլինի նոր իշխանության գործադիրից: Բայց այն, ինչ ընդունվեց՝ կապված դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիոն ռազմավարության հետ, նախապայմաններ ստեղծում է, որպեսզի հակակոռուպցիոն քաղաքականությունը լուրջ հիմքերի վրա դրվի և իրականացվի: Ասում են՝ «սատանան մանրուքների մեջ է», ես ասում եմ՝ «սատանան կիրարկման մեջ է», սա է գլխավոր խնդիրը: Ինչպես կկատարվի գրվածը, նույնիսկ ամենազարգացած երկրներում փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ չի իրականանում այն, ինչ գրված է թղթերի վրա»,- ասում է Վարուժան Հոկտանյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու մասին գաղտնի հանձնարարականին, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ Փաշինյանի բացատրություններն իրեն չեն համոզել:
«Վարչապետի բացատրությունները ինձ չհամոզեցին, չնայած դրան՝ ես այստեղ լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր չեմ տեսնում: Այնպես չէ, որ, եթե գաղտնի եղավ՝ կոռուպցիոն ռիսկն ավելացավ: Եթե նախարարը կոռուպցիայի մեջ է, դժվար թե դա վատացնի իրավիճակը, հանրային ծառայողի արժանավայել աշխատավարձն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կոռուպցիայի խնդրի լուծման ճանապարհին: Կոռուպցիան չի կարող լինել առանց հանրային ծառայողի միջամտության, դա նաև կոռուպցիայի սահմանման մեջ է նշվում:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչքանո՞վ էր ճիշտ դա գաղտնի անելը, ասում են՝ միևնույն է՝ դա գաղտնի չէր մնալու, միևնույն է՝ կիմանայինք, բայց դա շատ թույլ արդարացում է, սա խնդիր է: Եթե մենք մոտենում ենք օրինավորության ազգային համակարգին, պետք է լինի թափանցիկություն ու հաշվետվողականություն, բայց միայն դա էլ բավարար չէ»,- ասաց Վարոժան Հոկտանյանը:
168.am-ի դիտարկմանը, որ նախարարների աշխատավարձը սահմանվում է օրենքով, և, որ նրանց աշխատավարձը բարձրացնելու համար պետք էր օրենք փոխել, հանրային քննարկում հրավիրել, Վարուժան Հոկտանյանն արձագանքեց՝ ասելով, որ չի կարծում, թե օրենք է խախտվել:
«Ես չեմ կարծում, որ այն աստիճան ոչ կոմպետենտ, անգրագետ քայլ է արվել, որ օրենքը խախտվել է, հանրային ծառայողի աշխատավարձը երեք գումարելիների գումար է՝ բուն աշխատավարձը, պարգևատրումները, լրացուցիչ աշխատավարձը: Մեր այրերը, որ այդ «հերոսությունն» արեցին, չեմ կարծում, որ օրենք են փոխել, հնարավոր է, որ մանիպուլյացիաների հետ է դա կապված: Առայժմ չունեմ որոշումը, որ հստակ ասեմ, թե գումարելիները որքա՞ն են աճել, բայց ենթադրում եմ, որ օրենքը չի խախտվել, ենթաօրենսդրական ակտ է խախտվել, միգուցե, չեմ կարծում, որ վարչապետի աշխատակազմում անգրագետ մարդիկ են նստած, որ օրենք են խախտում: Սակայն նախարարը նորմալ աշխատավարձ ստանալուց հետո պետք է նաև նորմալ աշխատի»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:
Մեր հարցին, թե ո՞վ է որոշում՝ ո՞րն է այն բավարար աշխատավարձը, որի դեպքում պաշտոնյան այլևս կաշառք չի վերցնի, և ո՞վ է դա սահմանում, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց.
«Ոչ ոք չի որոշում, ամեն մարդ մի անհատականություն է, դրա համար կոռուպցիայի մակարդակը չափելուց հաշվի են առնում կոռուպցիայի ընկալումը: Եթե դիտարկենք մեր երկրում, ապս հանրային ծառայողները դժգոհ են իրենց աշխատավարձից և այն ժամանակ զբաղվում էին կոռուպցիայիով, թե հիմա իրավիճակն ինչպիսին է, կիմանանք 2020-ի հունվարին»:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարի գնահատմամբ՝ խնդիր ունենք նաև մեկ անձից գնումներ կատարելու պարագայում:
«Մեկ անձից գնումների վիճակը բարվոք չէ, մենք ուսումնասիրություններ չենք արել, բայց կարդացել եմ ուսումնասիրություններ՝ լրատվամիջոցների հրապարակումներից և այլ լրատվամիջոցներից, և հասկանում եմ, որ վիճակը չի բարելավվում: Մեկ անձից գնումներ կատարելն ամենառիսկայինն են կոռուպցիոն տեսանկյունից: Եթե շարունակվում է այս պրակտիկան, ուրեմն բոլոր խոսքերն արժեզրկվում են»,- վստահեցնում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ