Բաժիններ՝

«Շատ սխալ որոշում է. երեք առարկաներն էլ հայ մեծանալու կարևոր հիմքերից են». հարցախույզ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթներ հանրային քննարկումների լուրջ առիթ են դարձել: Առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլևս պարտադիր ուսուցման ծրագրի մաս չեն կազմի հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները:

168.am-ը թեմայի շուրջ փոքրիկ հարցախույց է իրականացրել համաքաղաքացիների շրջանում՝ փորձելով պարզել հարցի վերաբերյալ նրանց դիրքորոշումը:

Եթե հարցվողների մի մասը կարծում է, որ սույն որոշումն արդարացված է նրանով, որ ուսանողը կկենտրոնանա միայն իր մասնագիտական առարկաների վրա, ապա շատերը նշում էին, որ հայրենագիտական առարկաների դասավանդումն աշխարհայացքի ձևավորման համար կարևոր է և վերոնշյալ նախագիծը սխալ է:

«Շատ սխալ որոշում է. երեք առարկաներն էլ հայ մեծանալու կարևոր հիմքերից են»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը:

Կարդացեք նաև

«Մինչև ավարտական դասարանները հիմնական ինֆորմացիան արդեն տրվում է, բուհերում ավելի մասնագիտական պետք է լինի ուսումը. կրթությունն այն ուղղությամբ, որ արդեն մարդն ընտրել է»,- նշեց մեկ այլ զրուցակից:

Կան նաև հակադարձողներ. «Հայոց լեզվի և գրականության դասընթացները բուհերում պետք շարունակվեն. չեմ կարծում, որ այն գիտելիքները, որոնք ստանում են այսօրվա դպրոցներում՝ բավարար են, որպեսզի բուհերում չանցնեն այդ առարկաները»:

Այս ոլորտին սերտորեն առնչվող մեր համաքաղաքացիներից մեկը նկատեց, որ հայոց լեզվի ուսուցումը պետք է շարունակվի, քանի որ Հայաստանում հայ մասնագետը պետք է տիրապետի իր մայրենի լեզվին, իսկ հայոց պատմություն և հայ գրականություն առարկաների հարցն անհրաժեշտ է քննարկել լուրջ մասնագիտական խորհուրդներում. «Այս դեպքում դեմ եմ համաժողովրդական կարծիքին, քանի որ ժողովուրդը միշտ չէ, որ ճիշտ է կողմնորոշվում խիստ մասնագիտական հարցերում»:

Մանրամասները՝ տեսանյութում


Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս