Բաժիններ՝

Վրացական իրականություն

Նախօրեին որոշ լրատվամիջոցներ, հղում անելով «Նովոստի-Գրուզիային», նշել էին, որ այս տարվա 7 ամիսներին Հայաստանից Վրաստան է այցելել
408 հազար 109 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 22 տոկոսով ավելի է։

Ճիշտ է, բացարձակ թվով մենք՝ Վրաստան այցելած հայաստանցի զբոսաշրջիկներս, 3-րդ տեղում ենք (ամենից շատ այցելել են թուրքերը` 810.698 մարդ, երկրորդ տեղում են ադրբեջանցիները` 483.317 մարդ), սակայն, եթե այդ թվերը դիտարկում ենք այս երեք երկրների ընդհանուր բնակչության թվի հետ համեմատության մեջ (թե բնակչության քանի տոկոսն է այցելել Վրաստան), ապա ստացվում է, որ «ամենավրացասերը» հայերն են։ Հիշեցնենք, որ դրանից 2 օր առաջ էլ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն էր տեղեկություն հրապարակել, որ Երևան-Բաթում-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 հազար 575 ուղևոր, ինչը 18,9 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր 25.705 ուղևոր:
Հասկանալի է, որ հայաստանցիների մեծ մասը Վրաստան գնում է ավտոմեքենայով։ Հասկանալի է նաև, որ նշված 408 հազար հայերից ոչ բոլորն են գնացել վրացական ծովափ` հանգստի համար։ Քիչ չեն այն մարդիկ, ովքեր գնում են մեքենա բերելու, մեքենա վերանորոգելու կամ այլ գործարար նպատակներով։ Այդուհանդերձ, զբոսաշրջիկների թիվն այդ 408 հազարի մեջ բավականին մեծ տեսակարար կշիռ ունի։ Օրինակ, հայերի կողմից այդքան սիրված Քոբուլեթի քաղաքի մշտական բնակչությունը չի գերազանցում 20 հազարը, սակայն, օգոստոսի 20-ի դրությամբ` քաղաքի բնակիչների թիվն անցնում էր 45 հազարից։ 25 հազարը զբոսաշրջիկներ էին, որոնց առնվազն 40%-ը հայեր էին։ Շուրջ 10000 մարդ։ Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր հանգստացող այստեղ անցկացնում է միջինը 10 օր, կստացվի, որ Քոբուլեթին ամեն ամիս ընդունում է 30.000 հայերի։ Քոբուլեթյան շրջանն, ընդհանուր առմամբ, ունի շուրջ 90 հազար բնակիչ և ներառում է մի շարք այլ ծովափնյա բնակավայրեր` Ուռեկի, Շեկվետիլի և այլն։ Սրան էլ ավելացնենք Բաթումը, և պարզ կդառնա, որ ամռանը հայ զբոսաշրջիկների թիվը նվազագույնը 200 հազար է։ Եթե հաշվենք, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ 10-օրյա հանգստի ընթացքում Վրաստանում «թողնում» է միջինը 300 դոլար, ապա կստացվի, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից քոբուլեթիներ ու բաթումներ է հոսում մի քանի տասնյակ միլիոն դոլար։
Ի՞նչն է ձգում հայերին (և ոչ միայն) դեպի Սև ծովի վրացական ափ։ Ծովը։ Կարելի է ասել, որ սա միակ առավելությունն է։ Այն, որ Վրաստանում հանգստանալու համար կոպեկներ են ծախսում, չափազանցություն է։ Նորմալ, քիչ թե շատ տանելի պայմաններում հանգստանալու համար վերը նշված 300 դոլարը մեկ անձի համար (10 օրվա ժամկետում) կարող է և չբավականացնել։
Մյուս բոլոր առումներով, վրացական ծովափը զիջում է այլ հանգստավայրերին։ Թեկուզ սպասարկման մակարդակով։ Օրինակ, Քոբուլեթի քաղաքի ռեստորանում կարող եք կես ժամ սպասել` մինչև մատուցողուհին կբարեհաճի մոտենալ, հետո կպարզվի, որ նա ռուսերեն լավ չի խոսում, և կկանչի ռուսերեն իմացող մեկ այլ մատուցողուհու։ Պատվերն ընդունելուց հետո, շատ հավանական է, որ ձեզ բերեն միանգամայն այլ բան։ Ընթացքում ոչ մի անգամ չեն փոխի ձեր մոխրամանը (եթե այն, իհարկե, դրված լինի սեղանին)։ Առանձին պետք է անձեռոցիկ ուզեք։ Հաշիվը ուզելու համար երկար չարչարվել է պետք, մինչև ձեզ նկատեն։ Հաշիվը ռեստորանների մեծ մասում բերում են «քառակուսի տետրի» թղթի կտորի վրա՝ ձեռագրով գրված։ Շատ հաճախ խաբում են հաշվի մեջ։ Երբ վերջում մատուցողուհուն ասում ես` «շնորհակալություն», նա պատասխանում է ոչ թե՝ «խնդրեմ», այլ՝ «զա չտո՞»։ Ընդ որում, իրոք չի հասկանում՝ ինչի՞ համար ես իրեն շնորհակալություն հայտնում։
Սա ընդամենը մի փոքրիկ դետալ է։ Կան բազում այդպիսի դետալներ, օրինակ` աղմուկը, հրմշտոցը, փնթիությունը, և այլն։
Սակայն, այս ամենի հետ՝ գնալով ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գնում դեպի Վրաստան։ Սա` այն դեպքում, երբ պետական մակարդակով ոչ ոք չի հայտարարել, թե՝ տեսեք-տեսեք, շուտով Քոբուլեթին դարձնելու ենք զբոսաշրջության միջազգային կենտրոն (ինչպես մերոնք հայտարարում էին Ջերմուկի մասին)։ Չեն հայտարարում, բայց մեծ թափով աշխատում են՝ կառուցում նոր, ավելի ժամանակակից հյուրանոցներ և հանգստի գոտիներ։ Բնականաբար, զուգահեռաբար նաև թանկացնում են գները, քանի որ պահանջարկը գերազանցում է առաջարկը։
Փոխարենը՝ այլ նախաձեռնություն են մշակել։ 2010թ. Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Քոբուլեթիի ազատ զբոսաշրջային գոտու մասին» օրենքը։ Ազատ գոտու տարածքը 11.4 հեկտար է։ Ըստ այդ օրենքի, այն ներդրողները, ովքեր այդ տարածքի վրա մեկ միլիոն լարի (625 հազար դոլար) կներդնեն հյուրանոց կառուցելու համար, հետագա 15 տարիների ընթացքում կազատվեն շահութահարկից և գույքահարկից։ Ընդ որում, հյուրանոցի տարածքը նրանք ձեռք կբերեն խորհրդանշական 1 լարիով։ Կառավարությունն էլ, իր հերթին, պարտավորվում է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքները, այդ թվում՝ անցկացնել գազի խողովակ, ջրագիծ, էլեկտրաէներգիա և կառուցել ճանապարհ։
Հանուն արդարության` նշենք, որ բարձրագոչ հայտարարություններ հնչում են Բաթում քաղաքի համար։ Օրինակ՝ Բաթում մտնելիս` կտեսնեք մի մեծ ցուցանակ, որի վրա պատկերված են երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը։ Նրանց ֆոնին մեծ տառերով անգլերեն և վրացերեն լեզուներով գրված է՝ 5 տարի հետո Բաթումը կդառնա աշխարհի թիվ մեկ քաղաքը։ Սակայն դա ասել է ոչ թե Վրաստանի նախագահը, այլ Թրամփը։
Աջարները, սակայն, բավականին թերահավատ են այս հեռանկարի հարցում։ Ավելին, նշում են, որ Թրամփը լուրջ գումարներ Բաթումում չի ծախսում. այստեղ ավելի շատ օգտագործում են նրա անունը՝ որպես բրենդ։ Սակայն դա նույնպես տարբերակ է։ Կամ, օրինակ, նշում են, որ Վրաստանի նախագահը Բաթումում բացել է մի հյուրանոց, որը դեռ չի կառուցվել։ Սակայն, չնայած սրան, Բաթում մտնելիս չի կարելի չնկատել, որ հատկապես ծովափնյա մասն արագ զարգանում է, և կառուցվում են իսկապես տպավորիչ շինություններ։
Ավելացնենք նաև, որ վրացիները 2011-ին ներդրել են Tax Free համակարգը, որը թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացիներին սահմանի վրա ետ ստանալ 18% ավելացված արժեքի հարկը, որը նրանք վճարել են Վրաստանում գնումներ կատարելիս։ Թվում է` մանրուք է, բայց նման մանրուքներով մարդիկ առաջ են գնում։ Իսկ «զա չտո՞» պատասխանող մատուցողուհիների խնդիրն ամենահեշտ լուծվողն է. կարևորը՝ «սպասիբո» ասող լինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս