«Ստվերի դեմ պայքարում կան լավ և վատ նորություններ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ անդրադառնալով ստվերի դեմ պայքարին՝ արձանագրեց, որ կան և՛ լավ, և՛ վատ նորություններ: Լավն այն է, որ արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարիներին ընդունված զեկույցներից մեկում արձանագարել է, որ, եթե Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0,3 տոկոսի շարժ ունենա, ապա դա կհամարվի լավագույն հաջողություն:
«Այս տարվա կանխատեսումներով՝ մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1, 2 տոկոսով: Իհարկե, տարվա կտրվածքով գուցե այս ցուցանիշը փոփոխություններ կրի, չգիտեմ, բայց կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ստվերի կրճատման հետ կապված՝ մենք աննախադեպ ցուցանիշներ ունենք»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է վատ նորությանը, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն ավելի շատ կապված է վարքագծի հետ, քանի որ այն երբեմն շատ դժվար է փոխել:
Բերելով Գյումրիի օրինակը՝ վարչապետը հիշեցրեց, որ Անկախության օրվան նվիրված տոնակատարությունների հիմնական մասն անցկացվել է Գյումրիում, որտեղ այցելել է 15 հազար մարդ:
«Ինձ համար հետաքրքիր էր, թե այդ օրը Գյումրիում առևտուրն ինչ շարժ է արձանագրել, ինձ համար անսպասելի իրողություն արձանագրվեց, որ ՀԴՄ կտրոնները տպվել են այն քանակով, որքան նախորդ օրերին, օրինակ՝ 15 օր առաջ:
Ընդամենն առևտրի ծավալը 10 միլիոնով ավելացել է, բայց ընդհանուր տպված ՀԴՄ-ների թիվը չի ավելացել: Այդ օրը Գյումրիի մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինը ոչինչ չի անելու, ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ էլ այլ բան»,- շեշտեց վարչապետը:
Նա նկատեց, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, այն պետք է լինի երկխոսություն:
Վարչապետը նաև նշեց, որ իր ղեկավարման շրջանում խոսել է տարբեր գործատուների հետ, և հստակ խնդիր է դրվել, որ կա աշխատուժի խնդիր, այսինքն՝ կան թափուր աշխատատեղեր, որտեղ չեն կարողանում համալրել, ընդ որում՝ խոսքը վերաբերում է՝ ինչպես բարձր, այնպես էլ՝ միջին ու որակավորում չպահանջող մասնագետներին:
Զվարթ Խաչատրյան