Բաժիններ՝

ԱԻՆ-ում վրդովված են. նախարար Ֆելիքս Ցոլակյանն Արմեն Երիցյանի արած գործն իրեն է վերագրել

Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների (ԱԻՆ) նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասուլիսով ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարին, իսկ վերջում՝ ամփոփիչ խոսքում, լրագրողներին հորդորեց՝ սենսացիաներ քիչ ման եկեք։ Նախարար Ցոլակյանի համար դժվար է հասկանալ` սենսացիա՞ է, օրինակ, այն, որ ինքն այս կայացած կառույցում աշխատելու 6 ամիսներին այնքան անտեղյակ է եղել ոլորտին, որ կոլեգիալ նիստի ժամանակ անզգուշորեն բացականչել է՝ ոնց թե, ուրեմն մենք կարողանում ենք գետնի տակ հրդեհ մարե՞լ, այո՞: Խոսքը ստորգետնյա թունելների, հանքարդյունաբերական հորերում հրդեհաշիջման տեխնիկական հնարավորությունների, մասնագիտական հմտության մասին է, որի համար դեռ լուսահոգի նախարար Արմեն Երիցյանն է հատուկ թիմ վերապատրաստել:

Նախարար Ցոլակյանը մեկ այլ դրվագով էլ իր բուռն ռեակցիայով ցնցել էր տեղակալներին, երբ հերթական խորհրդակցական ժողովներից մեկի ժամանակ զեկուցող ենթակայից տեղեկացել էր, որ Հայաստանի ԱԻՆ-ն այլևս ոտք է գցում զարգացած երկրների հետ՝ ունի թվով 250 միջազգային մակարդակի փրկարար (INSARAG խորհրդատվական խմբի անդամներ), ընդհուպ՝ իդեալական տեխնիկայի հագեցվածությամբ, որոնք ի վիճակի են աշխարհի ցանկացած բնակավայրում և ցանկացած իրադրության մեջ լիարժեք կատարել որոնողափրկարարական աշխատանքներ:

Նախարարը, ասում են, բազմիցս է նմանօրինակ սայթաքումներով ցույց տվել, որ դեռևս չի յուրացրել ոլորտի նրբությունները և լիարժեք պատկերացում չունի ՀՀ ԱԻՆ աշխատակիցների ունակությունների և կառույցի հնարավորությունների մասին: Ուստի բացառված չէ, որ նրան զարմացրած լինի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ վերաբերմունքը ՀՀ ԱԻՆ-ի նկատմամբ։ Հիշեցնենք, դեռևս 8 տարի առաջ Պուտինն անձամբ է իր կողմից պարգևներ հանձնել հայ փրկարարներին՝ Ռուսաստանի հեկտարանոց անտառային տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին բարձր պրոֆեսիոնալիզմով մասնակցելու համար:

Հայ մասնագետների մարդասիրական գործողություններն աչքի ընկան նաև հարևան Վրաստանում, երբ երեք տարի առաջ ծովափնյա անտառածածկ տարածքում բռնկված հրդեհի համար Ադրբեջանից ժամանած փրկարարները տեղ հասնելուն պես հրաժարվել էին լեռներ բարձրանալ՝ ասելով, որ իրենց մեքենաները նոր են, չեն կարող անխնա շահագործել, փոխարենը՝ խիզախաբար առաջ էին մղվել հայ փրկարարները ողջ կազմով։ ԱԻՆ-ն արժանացավ Վրաստանի վարչապետի երախտիքի պարգևին:

Եվ այս սենսացիոն ապատեղեկացվածությունը նախարարի մոտ, ըստ համակարգի հնաբնակների, միայն այն բանից չէ, որ Ազգային անվտանգության ծառայության գեներալն ամեն օր աշխատանքի է ներկայանում ոչ շուտ՝ քան 9:30-ին, և հեռանում դասական քաղծառայողի պես ՝ 18:00-ին։ Բանն այն է, որ նա իր պասիվ ռեժիմով հրավիրած հաշվետու խորհրդակցական ժողովներով, վատ իմաստով, գերազանցել է անգամ ԱԻ նախկին նախարար ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանին:

Ասում են՝ երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանը ստորաբաժանումների ղեկավարներին, փոխնախարարներին ամեն երկուշաբթի խիստ ռեժիմով հրավիրում էր հաշվետու ժողովի, ԱԻՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ամիսը մեկ էր փորձում ի մի բերել թիմին, իսկ ահա ԲՀԿ-ական բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանը, ով միանշանակ հասկանում էր՝ ինքն այս ոլորտում անելիք չունի, եկել է ժամանակավոր, փորձել է ստորաբաժանումների ղեկավարներին գոնե եռամսյակը մեկ հավաքել հաշվետու ժողովի: Իսկ ահա ուժային կառույցի օպերատիվություն տեսած Ֆելիքս Ցոլակյանն անցած տարի հոկտեմբերին նշանակվելուց հետո մինչ օրս ընդամենը մի քանի հանդիպում է անցկացրել: Արդյունքում՝ մեկիկ-մեկիկ ծանոթանում է ոլորտի խնդիրներին, իսկ ԱԻՆ փրկարար ծառայության պետը, հարկադրված՝ այս անփութությունից, որոշել է ինքնուրույնաբար ինքն իր ենթակաների հետ հանդիպումները հաճախակիացնել, որ գործը չտուժի:

Սենսացիաների փնտրտուքն արգելող նախարարը մինչ այդ էլ առնվազն երկու անգամ, եթե ոչ՝ սենսացիոն հայտարարություն, ապա՝ գոնե սխալ արտահայտություն էր իրեն թույլ տվել, որն աննկատ մնաց շատերիս համար, բայց ոչ՝ ենթակաների։

Ֆելիքս Ցոլակյանն արձագանքելով վարչապետ Փաշինյանի որոշմանը՝ առ այն, որ կառավարությունը բարձրացրել է փրկարարների աշխատավարձերը 5-52 տոկոսով, ասաց՝ շնորհակալ ենք վարչապետին ու կառավարությանը։ Իսկ դրանից հետո խոսելով փրկարարների կատարած ամենօրյա աշխատանքի մասին, չգիտես ինչու, ընդգծեց հետևյալ միտքը՝ «սա չի նշանակում, որ մեզ պետք է շնորհակալություն հայտնել, սա մեր աշխատանքն է»։ Հետո էլ, թե՝ «փրկարարներին խոսքով ենք գնահատում, գործով չենք գնահատում…»:

Ասել կուզի՝ նախարարը շնորհակալություն է հայտնում ԱԻՆ շենքում վարչական աշխատողներին փափուկ ու հարմարավետ գրասենյակում համակարգչի առջև նստելու համար, և բնավ պարտադիր չէ, թեկուզ բառերով, բանավոր երախտիքի խոսքեր հայտնել կրակի միջից, ձյան հաստ շերտի տակից կամ օձի խայթոցից կյանքեր փրկող երիտասարդ պրոֆեսիոնալներին, որոնք ամեն օր գործում են՝ իրենց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելով, ու միայն այն պատճառով, որ ծառայում են հայրենիքին:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեղափոխական նորելուկ նախարարների օրինակով՝ ասուլիսին, ի լուր բոլորի, իրեն է վերագրել ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախկինում սկսած ոլորտային նորարարությունները, տարիների աշխատանքի ավարտուն վիճակը մատուցել՝ իբրև սեփական հաջողություններ (այդ թվում՝ Ճապոնիայից և ՌԴ-ից եկող նոր խումբ տեխնիկան): Ավելին, ոլորտի մասնագետները վրդովմունքով նկատում են, թե ինչպես է Ֆ. Ցոլակյանն ամփոփիչ ասուլիսում քննադատել նախկին նախարարների պահած համակարգը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ հրշեջ փրկարարական մարզային ջոկատների սանիտարահիգիենիկ պայմանները շատ անմխիթար են, եթե չասենք՝ իսպառ բացակայում են, մինչդեռ իրականում դեռևս Արմեն Երիցյանի օրոք մարզային ՀՓՋ-ներում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, շենքային պայմանները գերժամանակակից կահավորմամբ հարմարեցվում էին ժամանակակից պահանջներին:

Ինչ խոսք, Ա. Երիցյանի մահից հետո աշխատանքները դանդաղել էին, սակայն ամենևին էլ նախարար Ֆ. Ցոլակյանի նկարագրած իրավիճակը չէ, վստահեցնում են ոլորտի հնաբնակները:

Չմոռանանք, Ցոլակյանն անձամբ այդ գնահատված լինելու պակասը երբեք չի զգացել, բոլոր ժամանակներում, նա իր կարիերային աճը գծել է դեռ խորհրդային ժամանակներից, ապա հաջողել թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ, և թե՛ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում է մի ճկուն քայլով. հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի վարչապետության թեկնածությանը կողմ քվեարկած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, հետագայում իբրև պարգև՝ իր բացառիկ ժեստի դիմաց, ստացավ նույն Փաշինյանից ԱԻՆ նախարարի պորտֆելը:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս