«ՍԴ-ում որևիցե մեկը չպետք է սպասարկի որևէ քաղաքական ուժի շահեր՝ լինի ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը, «Իմ քայլը», էական չէ». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադրձավ ԱԺ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկությանը:

Տեղեկացնենք, որ ԱԺ-ում 98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը: Քվեարկությունից հետո ԱԺ համապատասխան դիմումը կուղարկվի ՍԴ, իսկ վերջնական որոշումը պետք է կայացնեն ՍԴ անդամները:

«Սահմանադրական դատարանի դատավորը կամ նախագահը կարող են ինչ-որ սխալներ անել, բայց երբ այդ սխալները հստակ ընդգծված այն քաղաքական ուժի օգտին են, որի ներկայացուցիչը եղել է ինքը, և որի շնորհիվ ինքը դարձել է ՍԴ նախագահ՝ շրջանցելով Սահմանադիրի կամքը՝ առ այն, որ ՍԴ նախագահը պետք է ընտրվի 6 տարով, և ոչ թե՝ մինչև թոշակի անցնելը: Այդ ամենը Հրայր Թովմասյանի համար արեց այդ քաղաքական ուժը, և հիմա ինքը կոնկրետ կատարում է խախտումներ՝ այդ ուժին սպասարկելու համար: Սրանք պարզապես խախտումներ չեն՝ կոնկրետ խախտումներ են այդ ուժի քաղաքական շահերը սպասարկելու համար, և սա, այո, բավարար հիմք է, որ, ի վերջո, ՍԴ նախագահին հանրությունն ասի՝ վերջ, բավարար է, ցտեսություն, բարի թոշակ»:

Հարցին, թե հաջորդ ՍԴ նախագահն այլևս չի՞ սպասարկի կոնկրետ քաղաքական ուժի շահեր, նա պատասխանեց. «Որևիցե մեկը՝ ՍԴ դատավոր կամ նախագահ, եթե  սպասարկի որևիցե մեկի քաղաքական շահերը, պետք է օր առաջ դուրս գա Բաղրամյան պողոտայի վրա գտնվող այդ շենքից: Կարող է տեղափոխվել այլ շենքեր՝ Բաղրամյան 26 կամ Բաղրամյան 19: ՍԴ-ում որևիցե մեկը չպետք է սպասարկի որևէ քաղաքական ուժի շահեր՝ քաղաքական ուժը լինի ՀՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը, «Իմ քայլը», էական չէ»:

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգողը նշեց, որ  Սահմանադրությունը փոխելու էական կարիք կա, բայց այդ փոփոխությունները պետք է լուրջ քննարկումներ անցնեն՝ հասկանալու՝ Հայաստանի ժողովրդավարությունն ինչ ուղիով է գնալու:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս