Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Նորաշենի համայնքապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի նրա տեղակալը. Ալինա Մախսուդյան

«Ուժ և իրավունք» հկ նախագահ Ալինա Մախսուդյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Նորաշենի համայնքապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի նրա տեղակալ Աշոտ Ստեփանյանը, ով կատարում էր այդ լիազորությունները համայնքապետի արձակուրդի ժամանակ:

«Երեկ մեր երեք հոգանոց պատվիրակությունը հանդիպեց Կառավարության երկու անդամի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկու  աշխատակցի հետ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներն ասացին, որ մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ եկել են նախնական պայմանավորվածության, որ մարզպետը որոշումը կփոխի, ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի համայնքապետի տեղակալ Աշոտ Ստեփանյանին և կգնանք ընտրությունների: Պետք է որ արդեն այդպես լինի»:

Նորաշենցիների պայքարը, սակայն, այսքանով չի ավարտվելու, վստահեցնում է Ալինա Մախսուդյանը: Նրա խոսքով՝ համայնքապետ Նորայր Գրիգորյանին ապօրինի են հեռացրել աշխատանքից և իրենք պետք է հասնեն արդարության:

«Կան օրենքի խիստ խախտումներ: Համայնքապետն արձակուրդում է եղել ու իրեն աշխատանքից հանել են, որի հիմքն ու իրավունքը չունեն: Դատական պրոցես նույնպես կընթանա, որովհետև անգամ երեկ մեզ չներկայացրին փաստաթուղթ, ըստ որի՝ կարող էին աշխատանքից ազատել համայնքապետին: Դեռ կհասկանանք՝ հե՞տ են կանչվում այդ որոշումները, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա դեկտեմբերին կգնանք ընտրությունների»:

«Ուժ և իրավունք» հկ նախագահ Ալինա Մախսուդյանի խոսքով՝ այն հիմքը, որով համայնքապետի լիազորությունները կասեցվել են, ուղղակի գոյություն չունի:

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը համայնքապետի ազատման հիմքը տեսել է մարզպետի ուղարկած փաթեթի մեջ, իսկ այդ փաթեթի մեջ  բացակայում է «ավագանու նիստ» կոչված տերմինը: Այնտեղ նշվում է՝ «ավագանու որոշմամբ»: Ավագանին 8 մարդուց է բաղկացած, մեկը երկրում չէ, բա մյուսներն ինչո՞ւ տեղյակ չեն եղել: Այդ որոշման տակ 4 մարդու ստորագրություն է, անգամ ներկա չի եղել 5-րդ մարդ, կա ուղղակի ավագանու որոշումը, որը եղել է ծիրանի ծառի տակ ուտել-խմելու ժամանակ: Համայնքապետի ազատման հիմք գոյություն չունի»:

Ալինա Մախսուդյանը նաև նշեց, որ նահանջել չեն պատրաստվում, պայքարելու են մինչև վերջ:

Հիշեցնենք՝ նորաշենցիները արդեն 4-5 օր է բողոքի ակցիաներ էին անում Արարատի մարզպետարանի առջև, քանի որ իրենց խոսքով ՝ իրենց ընտրած համայնքապետին ապօրինի են աշխատանքից ազատել : Երեկ ցույցը տեղափոխվել էր Կառավարության շենքի մոտ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս