Էրդողանը Նյու Յորքում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում բացել է անվանի հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը:
Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» լրատվամիջոցը:
«Արա Գյուլերը մինչև իր կյանքի ավարտը եղել է իր մասնագիտության նվիրյալը: Երբեք չեմ մոռանա, երբ նա գալիս էր իմ տուն և լուսանկարում էր ինձ թոռներիս հետ: Մեծ արվեստագետները իրենց մահից հետո շարունակում են կենդանի մնալ իրենց ստեղծագործություններով: Արա Գյուլերը իր ֆոտոխցիկով է պատմություն գրել: Նա իր հետևից թողել է 20-րդ դարի պատկերավոր հիշողությունները»,- ցուցահանդեսի բացման իր ելույթում հայտարարել է նախագահը:
Արա Գյուլերի թանգարանի, արխիվի և ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցության շրջանակներում արվեստագետի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի կարևոր քաղաքներում: Դրանք ցուցադրվել են աշխարհի այնպիսի կարևոր կենտրոններում, ինչպիսիք են Լոնդոնը, Փարիզը, Կիոտոն, որից հետո հաջորդ կանգառը Նյու Յորքն է:
Մեծ հռչակ վայելող լուսանկարիչը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին սրտի կաթվածից: