«Հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ մինչև վերջ պարզվի». Դավիթ Տոնոյանը՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի դեպքի մասին
Նախաքննության այս փուլում որևէ արտահայտություն պաշտպանության նախարարի կողմից շատ սխալ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի փաստին:
«Կրկնում եմ` շատ հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ մինչև վերջ պարզվի: Դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը և ազնվությունը պետք է ապահովված լինի: Մենք իրականում հետևելու ենք, որովհետև դա մեր գործընկերն է, և մեր գործընկերոջ, մեր զինակցի մահը ոչ մարտական պայմաններում պիտի պատասխան ստանա: Նա չի մահացել, կոմայի մեջ է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորում միջադեպ էր տեղի ունեցել Վայոց Ձորի՝ լիազորությունները դադարեցնելու դիմում ներկայացրած մարզպետ Տրդատ Սարգսյանի և նրա օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ: Մարզպետի օգնականը կալանավորված է։
Միջադեպից տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի ողջ մնալու հավանականությունը, ըստ բժիշկների, 0.1% է:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ