Բաժիններ՝

«Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել պահեստազորի սպայի նկատմամբ». Գևորգ Հովհաննիսյան

Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանի նկատմամբ: Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 16-ին, և իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել:

«Դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին Կոտայքի մարզպետի՝ Ռոմանոս Պետրոսյանի եղբոր հետ, ով անձամբ մարզպետի պաշտոնական հովանավորությամբ նշանակված է եղել Մրգաշեն համայնքի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի անդամ ՝ չլինելով այդ գյուղի բնակիչ, ծանոթ չլինելով կրթական օղակի կառավարման խնդիրներին, ուղղակի նշանակվել է:

Մեր «Իրավունքի սահման» ՍՊԸ-ն հարցում է ուղարկում ԿԳՄՍՆ, թե ի՞նչ չափորոշիչներով է այդ մարդն ընտրվել Կառավարման խորհրդում, պատասխան եկավ, որ չափորոշիչներ չկան, ում ուզենք՝ կնշանակենք Կառավարման խորհրդում:
Սրանից հետո Տարածքային կառավարման նախարարին ենք ուղարկում հարցում, թե արդյոք այս կերպ չի խախտվո՞ւմ տեղական ինքնակառավարման գործող մոդելը, չէ՞ որ այդ համայնքում կան արժանի մարդիկ, ովքեր հավակնում են դառնալ Կառավարման խորհրդի անդամ: Ես ունեմ բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մարզպետին պետք էր այդ տեղում ինչ-որ մեկին նշանակել, չի ուզեցել դա հին ձևերով, պարտադրելով , ստիպելով անել, այլ ձևական կառավարման խորհուրդ ձևավորելով, որ իրենք ընտրեն:

Այս առիթով Կոտայքի մարզպետն ու իր եղբայրն ինձ հետ հանդիպման և հաշտեցման առիթներ էին փնտրում, բայց ես իրենց ասել էի, որ մեր հարաբերությունները մնալու են պաշտոնական հարթության վրա, թող իրենց գործողությունները բերեն օրենքի դաշտ: Ինձ զանգահարում է մարզպետի օգնականը՝ պետական օգտագործման հեռախոսահամարից, ու փորձում հաշտեցման եզր փնտրել»:

Հանդիպումն ամեն դեպքում տեղի է ունենում, բայց պատահական:

«Պատահաբար հանդիպում է տեղի ունենում, և մարզպետի կողմից բռնություն է գործադրվում իմ նկատմամբ, որի հետևանքով ես ստանում եմ մարմնական վնասվածքներ, տվյալ անձանցով  հիմա զբաղվում են օրինապահ մարմինները, սակայն այս պահին՝ ոչ արդյունավետ»,- ասում է նա:

Այս հարցով Գևորգ Հովհաննիսյանը պատրաստվում է հասնել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ասում է՝ ցույց էլ է լինելու:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս