«Ես բացառում եմ տեղում պահի տակ նման զարգացումը». Պահեստազորի սպան՝ Արա Մխիթարյանի դեպքի մասին
Նման դեպքը նախապատմություն չէր կարող չունենալ: Օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի մասին այս կարծիքն ունի պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը:
«Ես բացառում եմ տեղում պահի տակ նման զարգացումը: Նախօրոք թիրախավորված է եղել Արա Մխիթարյանը»,- ասում է նա:
Պահեստազորի սպայի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով ինքը երկու միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին և Ոստիկանապետին:
«Մենք մեր գործողություններով ցանկանում ենք կանխել նման երևույթները: Երեկ մեր արած ակցիան այդ նպատակն ուներ: Ես երկու միջնորդություն եմ ներկայացրել Ոստիկանության պետին և Գլխավոր դատախազին՝ նմանատիպ դեպքերով իրավակարգավորման գործընթացների կատարելագործման առումով:
Խոսքը վերաբերում է 1-02 համարով Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կատարվող ահազանգերին:
Կառավարության որոշման համաձայն, Օպերատիվ կառավարման կենտրոն եկող զանգերը ձայնագրվում են և պահպանվում են ընդամենը երեք ամիս, ինչը, իմ կարծիքով, ողջամիտ և արդարացված ժամկետ չէ՝ տարբերակելու համար այն հեռախոսազանգերը, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր և կա վարույթ: Սա հակասում է քրեական գործի վարույթ արձանագրելու քրեադատավարական սկզբունքին:
Շատերը կասեն՝ այդ ձայնագրության հիմքի վրա տեղի է ունենում վերարտադրություն, այո, և շատ բաներ այդ վերարտադրության ժամանակ փոխվում են: Իմ միջնորդությունն այն է, որ զանգը կցվի գործին, եթե նմանատիպ դեպքով եղել են զանգեր, ապա առաջին և հավաստի տեղեկությունները դեպքի հանգամանքների վերաբերյալ առկա են հեռախոսազանգերում: Կատարել փոփոխություն կանոնակարգում և բոլոր այն զանգերով, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր, այդ ահազանգերի ձայնագրությունները ևս դառնան քրեական գործին կցվող պարտադիր նյութ:
Երկրորդ միջնորդությունս՝ ներկայումս գործող կարգով քրեական գործով վարույթի ընթացքում քրեադատավարական միջոցառումները, քննչական գործողությունները ենթարկվում են արձանագրման: Այս արձանագրությունների այն տիպային նմուշները, որոնք դրվել են շրջանառության մեջ, պաշտոնատար անձանց միջոցով ճշտել եմ, որ դրանք ինքնաբուխ, ինքնաստեղծագործ փաստաթղթեր են:
Ո՞վ է որոշել, որ խախտված և վիճարկվող քննության ընթացքում գտնվող մարդու իրավունքների վերաբերյալ վարույթի առնչությամբ իրականացվող քննչական գործողությունները պետք է արձանագրվեն ոչ թե իրավասու մարմնի կողմից գործողության դրված նմուշի համաձայն, այլ խելացի քննիչների կողմից մշակված տարբերակով»:
Գևորգ Հովհաննիսյանը ներկայացնում է նաև «Իրավունքի սահման» ՍՊԸ-ն և հանձն է առել իր փաստաբանների միջոցով պարզել գործի հանգամանքները: Նրա խոսքով՝ միջնորդագրեր են նախապատրաստել՝ ստանալու համար այն բոլոր փաստաթղթերը, որոնք կապված են սպայի առողջության հետ:
«Բժշկական ախտորոշման մեջ՝ «Ստացած մարմնական վնասվածքների բնույթի և ծանրության աստիճանի վերաբերյալ» փաստաթղթերը մեզ տալիս են բավարար հիմքեր՝ պնդելու, որ Արա Մխիթարյանի հանդեպ տեղի է ունեցել ոչ թե մի հարված, այլ շատ ավելի: Մարզպետն ու իր օգնականը մենակ չեն եղել: Ես ելակետ եմ համարում սպայի բերման պահին տրված ախտորոշումը, որը խեղաթյուրել հնարավոր չէ, դրա հիման վրա եղած բժշկական գործողությունները»:
Այն փաստը, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը լիազորությունները վայր դնելու մասին որոշում է կայացրել, Գևորգ Հովհաննիսյանին չի զարմացնում: Ավելին, ըստ նրա՝ դա մարզպետին չի օգնի խուսափել պատասխանատվությունից.
«Մարզպետը լիազորությունները վայր է դրել, այլ բան չէր էլ կարող լինել, բայց մի շարք այլ դեպքերով մի շարք անձինք վայր չեն դրել, ի՞նչ է սա նշանակում, որ պետք է ակցիա լինի, որ նոր վայր դնե՞ն: Սա նրան թույլ չի տա խուսափել պատասխանատվությունից, այս կերպ նա ուղղակի չի կարողանա օգտագործել իր վարչական լծակները գործի քննության վրա ազդելու համար: Ցավոք, համակարգը դեռ հին ձևով է աշխատում»:
Սպայի պնդմամբ՝ Արա Մխիթարյանի վիճակում փոփոխություն չկա, ասում է՝ մշտական կապի մեջ է փոխգնդապետի հոր հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով կալանավորվել է միայն Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, մինչդեռ, ըստ տարածված տեղեկությունների, ցուցմունքներ են տրվել նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի դեմ, Արա Մխիթարյանի ընկերներն ու հարազատներն էլ պնդում են, որ դեպքի վայրում 7-8 հոգի է եղել:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետևանքով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ