«Որևիցե մեկի նկատմամբ որևիցե պարտքի զգացում չունեմ». Վլադիմիր Վարդանյան

«Վերջին շրջանում բավականին ակտիվ և նեգատիվ ռակուրսով քննարկվում է նաև իմ կերպարը, կենսագրականը»,- ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ մամուլին հուզող հարցերին անդրադառնալով՝ նշեց նիստը նախագահող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Իրատես» թերթն անդրադառնալով  թեմային՝ գրել էր. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին ժամանակին ՍԴ աշխատակազմի ղեկավար էր նշանակել Հրայր Թովմասյանը և ցայս «порядочный» մարդու համբավ ուներ, վերջին շրջանում գերակտիվ պահվածք է որդեգրել Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործում` ցուցանելով, որ Հրայր Թովմասյանը Արամ Օրբելյանի քավորն է (Վարդանյանի քավորն էլ` ՍԴ դատավոր Արամ Դիլանյանն է, իսկ սանիկը` Արարատ Միրզոյանը), որ Հրայր Թովմասյանը ականջալուր չի եղել ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի դիմումին, ու որ` Հրայր Թովմասյանին հրաժարական պարտադրելու մասին օրինագիծը ամենաարդար բանն է աշխարհում:

Բանն այն է, որ միջակ իրավաբանի համբավ ունեցող Պետաիրավական հանձնաժողովի նախագահին իշխանությունները ոչ թե արդարադատության նախարարի պաշտոնն են խոստացել, այլ հենց ՍԴ նախագահի. «Վահե Գրիգորյանն այլևս իշխանությունների ֆավորիտը չէ, նա իշխանություններին մի շարք հարցերով «подстава» է արել, իսկ Վ. Վարդանյանը հասկանում է դա»,- ասաց իշխանական մեր աղբյուրը»:

Վ. Վարդանյանը նշեց, որ աշխատել է ՍԴ-ում 2003 թվականից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի կայացած ընտրությունները. «Մանդատը ստանալուց հետո ես ՍԴ-ն լքել եմ: 15 տարիների ընթացքում աշխատել եմ ՍԴ գրեթե բոլոր իրավական ստրորաբաժանումներում՝ առաջատար մասնագետից՝ մինչև աշխատակազմի ղեկավար, բայց, հարգելի գործընկերներ, պետք է նշեմ հետևյալը՝ որևիցե մեկի նկատմամբ որևիցե պարտքի զգացում չունեմ և ունենալ չեմ կարող՝ բացառությամբ այն ժողովրդի, որից ստացել եմ մանդատը՝ այս հինգ տարվա ընթացքում ներկայացնելու իրենց իրավունքները և շահերը ԱԺ-ում, և ծնողներիցս և ուուցիչներիցս:

Ինչ վերաբերում է մասնագիտական գործունեությանը՝ պետք է ասեմ հետևյալը, որ ցանկացած պաշտոն ենթադրում է անձնական շահի, գերատեսչական շահի և պետական շահի համադրություն, և պետական շահն ինձ համար կարևորագույններից մեկն է:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ որևիցե առաջարկ՝ ո՛չ Գործադիրում, ո՛չ Դատական իշխանությունում պաշտոն ստանձնելու, չեմ ստացել, չեմ էլ ցանկանում, ինձ համար ՍԴ-ն շատ հաճելի, բայց փակված էջ է:

Զարմանում եմ, որ այն պահից ի վեր, երբ մենք  սկսեցինք խոսել իրավական գործընթացի մասին, մեզ սկսեցին քաղաքական առումով քարկոծել»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս