Բաժիններ՝

«ԱՄՆ-ին միջնորդ հարկավոր չէ Իրանի հետ բանակցելու համար». Թրամփ

Միացյալ Նահանգները միջնորդի կարիք չունեն Իրանի հետ բանակցություններ վարելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հարցերին պատասխանելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ հանդիպմանը, որը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակներից մեկում:

«Մեզ միջնորդ հարկավոր չէ: Եթե Իրանը ցանկանում է ինչ-որ բանի հասնել, ապա չեմ կարծում, որ մեզ միջնորդ է հարկավոր»,- ընդգծել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը: Նրանից հետաքրքրվել են՝ ինչպես է նա վերաբերվում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ միջնորդ հանդես գալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փորձերին:  «Նա իմ ընկերն է,- ասել է Թրամփը Մակրոնի վերաբերյալ,- բայց մենք միջնորդներ չենք փնտրում»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկել Իրանի ղեկավարության քաղաքական ուղեգիծը: «Իրանցիները ներկայում ընթանում են լարվածության սաստկացման ճանապարհով, ինչը ռազմավարական սխալ է»,-նրա խոսքը մեջբերում է Le Monde թերթը: «Դա սխալ է ինչպես հենց Իրանի, այնպես էլ հավաքական անվտանգության ապահովման խնդրի տեսակետից»,-ասել է Մակրոնը: Մակրոնը նշել է, որ պահպանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իրանական միջուկային խնդրի շուրջ առաջընթացի հասնելու հույսերը: «Նյու Յորքում մեր առջեւ կարեւոր խնդիր է ծառացած: Ճգնաժամի երկու մասնակիցներն այնտեղ ներկա են լինելու: Բայց եթե մեզ մոտ այդպիսով պահպանվել է տեղի միասնությունը, ապա գործողությունների միասնությունը պահպանվել է ոչ ամբողջությամբ, այնուամենայնիվ, կարելի է հուսալ, որ ինչ-որ (դրական բան) տեղի կունենա»,-կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս