«Նրանց մնում է մի ճանապարհ՝ անօրինական եղանակով «կուլակաթափ» անելը, որը բնորոշ է բոլոր հեղափոխություններին». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ցավալի է, երբ հեղափոխությունից մեկուկես տարի անց եւս նոր իշխանությունների միակ թշնամին նախկիններն են, միակ գործիքակազմը՝ հանրահավաքները, միակ զենքը՝ Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները։
Բայց հասարակությունը ո՛չ հանրահավաքներ է ուզում, ո՛չ պոեզիայի բարձրակարգ գործերի արտասանություն, ո՛չ հաթաթաներ ու պատին խոսքով ծեփելու շոուներ։ Մարդիկ հոգնել են տեսարաններից։
Եվ եթե անգամ ոմանք ակնկալում են, որ բռնել-դատելու պրոցեսը պետք է շարունակություն ունենա, եւ ՀՀ վարչապետը պետք է «գլխից բռնի», ապա միայն նրա համար, որ ՀՀ բյուջեն լրացուցիչ մուտքեր ունենա, եւ իրենց՝ շարքային քաղաքացիների կյանքը բարելավվի։
Սակայն փաստ է, որ բռնել-բաց թողնելու ակցիաներից մեր բյուջեն ոչինչ չի շահում, համենայնդեպս՝ նախկին հանցագործ ռեժիմից գանձված միլիարդների մուտքերի մասին տեղեկատվություն մինչ օրս չկա, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվել եւ անգամ մի փոքր զիջում է Սերժ Սարգսյանի ժամանակներին։
Հարուցված գործերով էլ առաջընթաց չկա։ Իսկ երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ նրա փեսայի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա։ Իսկ ինչ վերաբերում է նախկիններին 1998 թվականի ունեցվածքի սահմանագծին «վերադարձնելու» խոստումներին, ապա պարզ չէ, թե դա ինչ եղանակով է արվելու, եթե չկան հարուցված քրեական գործեր, եւ անգամ Վովա Գասպարյանի նկատմամբ հարուցված քրգործը վերաբերում է ռազմական ոստիկանության երկու ծառայողների՝ իրենց պարտականություններից դուրս այլ աշխատանքի ուղարկելու անհասկանալի մեղադրանքին։
Մնում է եզրակացնել, որ նոր իշխանություններն «ուզում են, բայց չեն կարողանում», եւ նրանց մնում է մի ճանապարհ՝ անօրինական եղանակով «կուլակաթափ» անելը, որը բնորոշ է բոլոր հեղափոխություններին»։