Վարչապետի 100 փաստերին իրական հակափաստարկներ
Տնտեսությանը վերաբերող
Օրերս վարչապետի տված երկարաժամկետ խոստաների շարքում իմացանք, որ մինչև 2050 թվականը ունենալու ենք ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճ: Բայց որպես դրական փաստ՝ անհասկանալիորեն ներկայացվում է 2019 թվականի 7 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 6,8 տոկոս: Սա էլ այն դեպքում, երբ 2018 թվականի առաջին կիսամյակին այդ ցուցանիշը եղել է 9,1 տոկոս:
Փաստում են, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը աճել է: Բայց չեն նշում, որ դրանց ծավալը՝ զուտ հոսքերի (ներհոսքից հանած արտահոսք) տեսանկյունից 30 միլիարդ դրամով կրճատվել է: 2019 թվականի առաջին 6 ամիսներին զուտ հոսքերը եղել են ընդամենը 7,8 միլիարդ դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 38,6 միլիարդ դրամ:
Պետական բյուջեի հարկային եկամուտները 2019 թվականի 7 ամիսներին հավելյալ աճել են 57 միլիարդ դրամով, իսկ տարին խոստանում են ապահովել 62 միլիարդ դրամ: Նույնիսկ խոստացածը կատարելու պարագայում՝ 2018 թվականի համեմատ կլինի ընդամենը 15 տոկոս աճ: Նախորդ 2-3 տարիներին արձանագրվել են համադրելի աճեր՝ 10-11 տոկոս: «Բա ու՞ր մնաց 40-50 տոկոս հարկային ստվերը, որի տեղն օրվա իշխանությունը գիտեր և խոստացել էր օր առաջ վերացնել»:
Ասում են՝ իշխանափոխությունից հետո աննախադեպ ավելացրել է օրինական գրանցված աշխատողների թիվը: Իրական պատկերն այլ է՝ 2018 թվականի մայիսից մինչև օգոստոս այս ցուցանիշի ամսական միջին աճը կազմել է 4062, իսկ մինչև իշխանափոխությունը՝ 2018 թվականի հունվար-ապրիլին այդ աճը եղել է 7095: Այսինքն՝ իշխանափոխությունից հետո այս ցուցանիշի աճի ամսական միջին տեմպը նվազել է 43 տոկոսով:
Զուգահեռաբար՝ անհասկանալի բացատրություններով փորձում են արդարացնել վերջերս իրենց նախաձեռնած հարկային փոփոխությունները, որի հետևանքը լինելու է այդ համակարգից սոցիալական բաղադրիչի իսպառ վերացումը: Այս մասին ևս բազմիցս ներկայացրել ենք հիմնավորված փաստարկներ:
Պետական բյուջեի կապիտալ ծախսերի 74 տոկոս թերակատարումը (65 միլիարդ դրամի չափով) բացատրում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերով: Պարզ հարց է առաջանում. «Ինչո՞վ եք զբաղված և ինչու՞ չեք ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ՝ երկրի տնտեսական զարգացման համար առանցքային այս խնդիրը լուծելու նպատակով»:
Կառավարությունն իր հնգամյա «ծրագրով» խոստացել էր՝ մեր երկիրը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսական զարգացման մոդել: Բայց 2019 թվականի առաջին կիսամյակում արտահանումը նվազել է 0,5 տոկոսով, իսկ 7 ամիսների տվյալներով աճել է ընդամենը 3 տոկոսով: Սա էլ այն դեպքում, երբ 2018 թվականի առաջին կիսամյակում արտահանումն աճել է շուրջ 25 տոկոսով:
Սոցիալական ոլորտին վերաբերող
Օրվա իշխանավորները հեռահար խոստացան 2050 թվականին 2,5 միլիոն մարդու դարձնել զբաղված: Նորից «բայց»՝ 2019 թվականին զբաղվածության մակարդակը նվազել է 0,2 տոկոսային կետով, գործազուրկների թիվն աճել է 16 հազարով, գործազրկության մակարդակը դարձել է 22 տոկոս՝ աճելով շուրջ 1 տոկոսային կետով: Իսկ բացասական այս միտումների պարագայում՝ 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը եղել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս: Այսինքն՝ նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր աջակցություն պետությունից և չեն դարձել զբաղված:
Այս իրավիճակը բացատրելու փոխարեն՝ «100 փաստի» 47-րդ կետից տեղեկանում ենք, որ զբաղվածության պետական ծառայության մասնագետները կապ են հաստատել շուրջ 12000 գործատուների հետ, ներկայացվել են 7488 թափուր աշխատատեղ, պետական ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել շուրջ 1008 աշխատանք փնտրող: Իհարկե, այստեղ էլ կան անպատասխան թողնված առարկայական հարցեր: «Դրական փաստ է՞, որ շուրջ 300 աշխատողներ ունեցող զբաղվածության պետական ծառայության աշխատողները 7 ամսվա ընթացքում կապ են հաստատել գործատուների ընդամենը 25 տոկոսի հետ, որը նրանց հիմնական գործառույթն է»:
Փաստորեն, պետական այդ ծառայության 1 աշխատողը 1 ամսվա ընթացքում կապ է հաստատել ընդամենը 5 գործատուների հետ: «Ինչպե՞ս բացատրել նաև հետևյալ փաստը. պաշտոնական վիճակագրությամբ 2019 թվականի 7 ամիսներին վարձու աշխատողների թիվն աճել է 40 հազարով, իսկ զբաղվածության պետական ծառայությունը հավաքագրել է ընդամենը 7488 թափուր աշխատատեղ (ենթադրյալ 40 հազար թափուր աշխատատեղերի ընդամենը 18 տոկոսը)»: Ի դեպ՝ զբաղվածության պետական ծրագրերով 2019 թվականին աշխատանքի տեղավորված անձանց թիվը նախորդ 2-3 տարիների միջին ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 3 անգամ:
Եվ վերջապես՝ «Ի՞նչ եղան իշխանափոխության օրերին խոստացված «Աշխատի՛ր Հայաստան» ծրագրի, «մշակելու ենք զբաղվածության նոր ռազմավարություն», «որակյալ կրթության միջոցով խթանելու ենք արժանապատիվ աշխատանքը», «ունենալու ենք սոցիալական ներառական զարգացում», «աղքատությունը հանելու ենք մարդկանց գլուխներից» և նմանատիպ բովանդակությամբ մյուս խոստումների իրական արդյունքները:
Իշխանափոխությունից հետո բազմիցս, ինչպես նաև «100 փաստի» 53-րդ կետով խոստացվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը՝ 55 հազար դրամից 68 հազար դրամ, որը կվերաբերի մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազար մարդու: Փաստն այն է, որ նվազագույն աշխատավարձը չի բարձրացել 2015 թվականից և արդեն 15 տոկոսով ցածր է 1 անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից: Ի դեպ, այս հարցի շուրջ օրվա իշխանությունների քննարկումներին հետևելով՝ կարելի է հիմնավոր եզրակացնել, որ այս խոստումը ևս լիարժեք կյանքի չի կոչվելու:
Մյուս կողմից. «Ու՞ր մնաց պետական հատվածում կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»: Իհարկե, լավ է, որ վերջերս գոնե 10 տոկոսով բարձրացան ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը: Սակայն մտահոգիչ է այն, որ օրվա իշխանությունները հետևողական են ուսուցիչների թվի էական կրճատման իրենց մտադրության մեջ: Դրան էլ զուգահեռ, ղեկավար պաշտոն զբաղեցնողների ամսական վարձատրությունը կրկնապատկել են արատավոր պարգևատրումներով: Վերջին ամիսներին արդեն պրակտիկա են դարձրել ամսական պարբերականությամբ առավելագույն պարգևատրումները «ընտրյալներին»:
Փաստորեն, ղեկավար պաշտոն ունենալը դարձել է պարգևատրման հիմք:
«100 փաստն» այդպես էլ չի անդրադառնում աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին: Առանցքային այս ոլորտը ընդհանրապես դուրս է օրվա իշխանության օրակարգից՝ անհասկանալի պատճառներով բարեփոխումները կասեցված են:
Կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափերի՝ խոստացված բարձրացումները չկան: Աշխատանքային գրքույկների թվայնացումը, անապահովության գնահատման համակարգի խոստացված բարեփոխումները անընդհատ հետաձգվում են, ինչը թույլ կտար վերացնել ստաժերի անօրինական հավելագրումները, բարձրացնել նպաստների հասցեկանությունը: Արդյունքում՝ մի քանի անգամ ավել կլիներ պետական բյուջեի խնայողությունը, քան այն խիստ համեստ չափը, որ ներկայացված է «100 փաստի» 86-րդ կետում՝ 3.8 միլիարդ դրամ: Ի դեպ, մինչև իշխանափոխությունը ևս՝ այս ոլորտում այս չափից էապես ավել խնայողություններ են եղել:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արմատական վերանայման խոստումը կատարելու փոխարեն էլ՝ գործող իշխանությունները կոսմետիկ փոփոխություններով արմատավորեցին այն և լիարժեք գործադրեցին: Իսկ «100 փաստը» չի արձանագրում՝ 2019 թվականին պետական բյուջեից այս համակարգի ֆինանսավորման համար հատկացվել է 56 միլիարդ դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 12 միլիարդ դրամով: Այս գումարը կարող էր ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը:
Օրվա իշխանավորները հեռահար խոստացել են նաև, որ 2050 թվականին մեր երկրի մշտական բնակչությունը դառնալու է 5 միլիոն: Սակայն «100 փաստում» ոչ մի խոսք չկա ժողովրդագրական խորացող խնդիրների վերաբերյալ: Իսկ 2019 թվականի ժողովրդագրական ցուցանիշներն իրականում մտահոգիչ են՝ ծնվածների թիվը նվազել է 150-ով, մահացածների թիվն աճել է 572-ով, միգրացիայի բացասական մնացորդը նույնն է, ինչ 2018 թվականին՝ -6,0:
Մշտական բնակչության թիվը նվազել է 8200-ով: Իսկ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով խոստացված ռազմավարական ծրագիրը չկա ու չկա: Բազմազավակ ընտանիքների աջակցության օրենքը ևս չկա, որը Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածների պահանջն է: Փոխարենը առաջ են տանում մեր ազգային և ընտանեկան ավանդույթներին ու արժեքներին հակասող Ստամբուլյան կոնվենցիան:
Ամփոփում
«100 փաստը» ներառում է վիճակագրական բոլոր այն ցուցանիշները, որոնք որոշակի դրական միտում են ունեցել: Իսկ իրավիճակն առարկայական բնութագրող հիմնական փաստերը կա՛մ լրիվ անտեսված են, կա՛մ էլ ներկայացված են դրվագային՝ խնդիրների բուն էությունից կտրված: Հետևաբար՝ այս մոտեցմամբ իրավիճակային գնահատումներն ու եզրահանգումները չունեն նաև մասնագիտական օբյեկտիվ հենք:
Ակնհայտ է դառնում՝ «100 փաստ» ձևաչափով օրվա իշխանությունները ջանում են խնամքով թաքցնել մեր երկրում հետևողականորեն չլուծվող սոցիալական ու տնտեսական խնդիրները: Խնդիրներ, որոնք օր առաջ լուծելու անսահման խոստումների հենքով մեր երկրում փոխվեց իշխանությունը: Խնդիրներ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրիս կյանքի որակին:
Օր օրի մեր երկրում կուտակվող այդ խնդիրների իրական և խորքային գնահատականները, դրանց մտահոգիչ միտումները պարբերաբար ներկայացրել ենք նաև իշխանափոխությունից հետո՝ նախընտրական փուլում, կառավարության հնգամյա «ծրագրի» հաստատատման, հակասոցիալական հարկային փոփոխություններ կատարելու և նմանատիպ մնացած առիթներով:
Ցավոք, իշխանությունների պատասխանը լայն իմաստով մնում է նույնը. «ընտրություններում ունեցել ենք ջախջախիչ հաղթանակ, և ուրեմն՝ մի օր բոլորի համար ամեն ինչ լավ է լինելու, որովհետև մեր քաղաքական ուժը բոլորից զորեղն է, ամենա … է, ամենա … է, միայն մենք ենք հասկանում ժողովրդի դարդն ու ցավը, իսկ մեր ձախողումը բոլորի ձախողումն է, քանի որ այդ դեպքում անխուսափելիորեն ամեն ինչ ծայրահեղ վատ է լինելու»: Իհարկե, սա որևէ կապ չունի ժողովրդավարության հաստատման և ամրապնդման հետ և՝ ընդհակառակը: Սա ուղղակի անսահման պոպուլիզմի դասական օրինակ է, որը որևէ արդյունք չի կարող ապահովել հանրային համընդհանուր շահի տեսանկյունից:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ