Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները

Պերուի մայրաքաղաք Լիմայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ղեկավարների 31-րդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կայացել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են բազմաթիվ հարցեր, գրում է kommersant.ru-ն:

Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանի դիրքորոշումն ու գործողությունները ուկրաինական հարցում ազնիվ են և արդար։ Բացի այդ, նա «Թայվանի հարցը» անվանել է կարմիր գիծ և նաև ասել, որ Պեկինը անգործուն չի մնա, եթե իրավիճակը Կորեական թերակղզում սրվի։

Ուկրաինայի հարցում «Չինաստանը հանդես է գալիս որպես միջնորդ խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար» ասել է Սին: Նրա խոսքով, Պեկինը «գործադրում է բոլոր ջանքերը խաղաղության հասնելու համար և ձգտում է դեէսկալացիայի»:

Բայդենն իր հերթին անդրադարձել է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցությանը և «մտահոգություն հայտնել ռուսական պաշտպանական արդյունաբերությանը ՉԺՀ-ի շարունակական աջակցության կապակցությամբ»: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը նախանշել է չորս կարմիր գիծ, «որոնք վիճարկման ենթակա չեն», դրանք են՝ «Թայվանի հարցը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, համակարգը և զարգացման իրավունքը»։

«Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը և «Թայվանի անկախության» համար անջատողական գործողությունները նույնքան անհամատեղելի են, որքան ջուրն ու կրակը», – ընդգծել է Սին:

ԱՄՆ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։ Նա նաև հիշեցրել է, որ «Միացյալ Նահանգները դեմ է ցանկացած խաղացողի կողմից ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխության», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Պեկինը թույլ չի տա «Կորեական թերակղզում հակամարտությունների ու անկարգությունների առաջացում»։ Նա ասել է, որ Չինաստանը «ձեռքերը ծալած չի նստի, քանի դեռ նրա ռազմավարական անվտանգությունն ու հիմնական շահերը վտանգված են»։

Սի Ծինփինը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները «չպետք է մի բան ասի և այլ բան անի» և կոչ է արել չփորձել «վերափոխել միմյանց»։

Կողմերը քննարկել են նաև Հարավչինական ծովում տիրող իրավիճակը, արհեստական բանականության վերաբերյալ փոխգործակցությունը և այլ հարցեր։

Սին պատրաստակամություն է հայտնել աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ։

Նա նաև ասել է, որ «Չինաստանից կիբերհարձակումների» ապացույցներ չկան։

Տեսանյութեր

Լրահոս