Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Վաչե Հովեյանը

Ալտահար, արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ Երևանի պետական կոնսերվատորիայից իրեն ազատել են աշխատանքից:

«Նոր բանավոր կերպով տեղեկացվեցի, որ ես՝ մենակատար ալտահար, երեք միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանս, այլևս չեմ աշխատում Երևանի պետական կոնսերվատորիայում։ Շնորհավորում եմ»,- գրել է նա:

168.am-ի հետ զրույցում Վաչե Հովեյանն ասաց, որ իրեն աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով. «Քանի որ ես ակտիվորեն աջակցում եմ Ռոբերտ Քոչարյանին, և ընդհանրապես չեմ աջակցում քայլ արածներին ու իրենց արբանյակներին, այդպես էլ պետք է լիներ: Դեռ ընդունելության քննություններից արդեն պարզ էր, որ ովքեր իրենց քաղաքական հայացքները չեն կիսում, պետք է դուրս մնան: 85 աբիտուրիենտ չի ընդունվել, ուղղակի զավեշտ է սա:

Նման բան Երևանի պետական կոնսերվատորիայի գոյության 95 տարվա ընթացքում չի եղել: Դիմորդներին չեն ընդունել, որպեսզի «օրինական» ձևով բուհից հեռացվեն այն դասախոսները, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական հայացքները: Ուղղակի ռեկտորը նպատակային շենքը դատարկում է, որպեսզի այն վաճառեն կամ ընդհանրապես փակեն»:

Կարդացեք նաև

Վաչե Հովեյանը նկատեց՝ ինքը միակ դասախոսն է ՀՀ-ից, ով Եվրոպայում եվրոպացուց առավել է վճարվում.

«Առաջին միջազգային մրցույթի դափնեկիրն եմ, որ երբևէ եղել է և՛ նորանկախ Հայաստանի պատմության, և՛ Սովետական Հայաստանի պատմության ընթացքում: Երբ ինձ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատվելու համար ասացին, որ պետք է դիմում գրեմ, սիրով համաձայնեցի, որովհետև մտածում էի՝ դա քաղաքական պաշտոն է, 300 հոգանոց հիմնարկում չեն թողնի՝ ես աշխատեմ: Երբ Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը փակեցին, ասացի՝ լավ, պետական կոլեկտիվը ոչնչացրեցին: Բայց սա նվազագույնն անբարոյականություն է»:

Հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է պայքարել իր իրավունքների համար: Ի պատասխան՝ Վաչե Հովեյանն ասաց, որ պատրաստվում է մենահամերգների. «Նոյեմբերի 18-ին մեկնում եմ և ՀՀ դրոշը բարձր եմ պահելու Եգիպտոսում: Երկու մենահամերգ ունեմ անկախության տոնին նվիրված Կահիրեի պետական թատրոնում, մյուս համերգը՝ սեպտեմբերի 22-ին՝ Ալեքսանդրիայի գրադարանի մեծ դահլիճում, որտեղ, չեմ կարծում, որ Հայաստանից երբևէ որևէ մեկը համերգ է ունեցել: Իմ դեբյուտը եղել է Կարնեգի հոլում, երբ ես եղել եմ 18 տարեկան: Վիրավորված եմ: Պայքարելու մասով՝ ո՞նց կարելի է մարտնչող տգետների հետ աշխատել: Սոնա Հովհաննիսյանը վրեժ է լուծում, քանի որ նա իմ աշխատողն է եղել և ես լավ գիտեմ, թե ինքն ով է:

Նա Սերժ Սարգսյանից տարեկան ամենաքիչը 100 հազար դոլար էր ստանում, և ինքն առաջինն ուրացավ Սերժ Սարգսյանին: Անձամբ ես եմ նամակ ուղարկել նախագահի աշխատակազմ, որ «Լույս» հիմնադրամով գումար փոխանցվի. Սոնա Հովհաննիսյանն այն ժամանակ և կարծեմ՝ հիմա էլ, ղեկավարում է մի երգչախումբ, որին ֆինանսավորում էր Սերժ Սարգսյանն անձամբ՝ «Լույս» հիմնադրամի միջոցով: Եվ, իհարկե, պետք է նա փորձի ազատվել այն մարդկանցից, ովքեր լավ գիտեն, թե ինքն ով է»:

168.am-ը կապ հաստատեց նաև Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ և բառացի ներկայացրեց, թե ինչ է ասել Վաչե Հովեյանը, ինչում է իրեն մեղադրում: Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ ֆինանսավորման մասին է խոսքը.

«Մեր հովանավորը եղել է «ՎիվաՍել ՄՏՍ»-ը, որը մեզ հովանավորել է Մշակույթի նախարարության միջնորդությամբ: Մենք տարեկան «Լույս» հիմնադրամից ստացել ենք 34 մլն 800 հազար դրամ՝ 28 երգչի և ղեկավարի համար: Ես միշտ ասել եմ, որ «Հովեր» երգչախումբը չէր ունենա կայացում, եթե չլիներ այդպիսի հոգածություն՝ պետական մակարդակով: Այդ հովանավորության միջնորդությունը մշտապես ներկայացրել է Մշակույթի նախարարությունը.

Դա միայն «Հովերի» համար չի եղել, հովանավորություն ստացել են նաև այլ խմբեր: Խմբերի գործունեության համար աջակցություն է պետք, այն էլ՝ այն մակարդակի խմբերի, որոնք մշակութային արժեք են պետության համար: Ինչ վերաբերում է Վաչե Հովեյանի ասածներին՝ ինչպես ինքն ինձ գիտի, այնպես էլ ես իրեն գիտեմ: Մենք 2.5 տարի աշխատել ենք միասին՝ փորձելով սկզբում հասկանալ մեկմեկու, այնուհետև չհանդուրժելով իր՝ ղեկավար պաշտոնում ունեցած դիրքորոշումները, մենք ունեցել ենք լուրջ տարաձայնություններ: Ես հայտարարում եմ, որ նրա աշխատանքից ազատվելն անձնական պատճառով չէ: Հովեյանը Կոնսերվատորիայում ունեցել է մեկ ուսանող: Այդ մեկ ուսանողն ավարտել է բակալավրիատը, և Հովեյանի անունով դիմումներ չկան: Դա կարող եք ստուգել: Ուսանողներն իրավունք ունեն ընտրելու իրենց մասնագիտության դասախոսներին: Ինչ վերաբերում է իմ ով լինելուն, ինքն իր կարծիքն ունենալու իրավունքն ունի այնպես, ինչպես ես իմ կարծիքն ունենալու իրավունքն ունեմ իր մասին»:

Սոնա Հովհաննիսյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի կամ նախկին ղեկավարության, կառավարության նկատմամբ ինքը միշտ հայտնել է իր երախտիքը: Նա շեշտեց՝ «Հովեր» երգչախումբը չէր կայանա, եթե դրա նկատմամբ հոգածություն չլիներ. «Ես համարում եմ, որ այն, ինչ հիմա ինձ վերագրվում է, անարդարացի է վերագրվում: Հիմա Հովեյանը շահարկում է այն, ինչ ինքն է մտածում, իսկ իրականությունը բոլորովին այլ է»:

Ինչ վերաբերում է Վաչե Հովեյանի այն հայտարարությանը, թե 85 աբիտուրիենտ չի ընդունվել, որպեսզի «օրինական» ձևով բուհից հեռացվեն այն դասախոսները, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական հայացքները, Սոնա Հովհաննիսյանն այսպես արձագանքեց.

«Նա այդքան կարևոր ֆիգուր է, որ ես 85 հոգի չընդունեմ միայն ի՞ր պատճառով:  Ընդունելությունը Կոնսերվատորիայում արվել է հետևյալ կարգով. ինքս իմ ձեռքով գրավորները պատճենել, տվել եմ մարդկանց ձեռքը, որպեսզի որևէ կասկած չլինի, որ գրավոր աշխատանքներում որևէ բան է փոխվում, և թյուրըմբռնումներ չլինեն: Այս տարվա ընդունելության անաչառությունը փաստում են բոլորը: Եթե նախկինում դիմորդները 130 հոգի էին, 125-ը ընդունվում էր, դա չի նշանակում, որ դա ճիշտ քաղաքականություն էր: Միայն դասախոսներին ժամեր ապահովելու համար ընդունելություն անելը ես սխալ եմ համարում: Դրա փոխարեն՝ ես ստեղծել եմ նախապատրաստական կուրսեր, հեռակա ուսուցում է բացվել, աննախադեպ բարձր թվով արտասահմանցի ուսանողներ ընդունվեցին այս տարի, ինչո՞ւ այդ մասին չի ասվում: Այս տարի եղել է արդարացի քննություն, ունենք շատ կտրվածներ, բայց նրանք դաշնամուրի կամ լարային ամբիոնից չեն, այլ՝ էստրադային-ջազային, ժողովրդական ամբիոններից: Ինքն ինչ մեծ բան է իր վրա վերցնում՝ ասելով, որ միայն իր պատճառով է նման ընդունելություն արվել»:

Հետաքրքրվեցինք՝ բացի Վաչե Հովեյանից, եղե՞լ են դասախոսներ, ովքեր դիմորդ չեն ունեցել և ազատվել են աշխատանքից:

«Այո, էլի մի քանիսը կան, որ լավ վաստակաշատ արտիստներ են, բայց դա ի՞նչ կապ ունի դասավանդման պրոցեսի հետ: Հովեյանը տարիներ շարունակ մեկ-երկու ուսանող է ունեցել, նա լի դասարաններ չի ունեցել: Ավելին, եթե ես նման դիտավորություն ունենայի, ինչո՞ւ պետք է միջնորդություն գրեի և իր ուսանողի համար հատուկ անվճար տեղ խնդրեի՝ մագիստրատուրայի համար: Եթե նա աղավաղում է որևէ փաստ՝ ասելով, որ մեզ այդքան տարեկան անձնական ֆինանսավորում է տրվել, ուրեմն՝ նրա յուրաքանչյուր խոսք աղավաղված է»,- ասաց նա:

Վաչե Հովեյանի այն հայտարարությանն էլ, թե ռեկտորը նպատակային դատարկում է շենքը, որպեսզի այն վաճառի, Սոնա Հովհաննիսյանն արձագանքեց, որ այդ արտահայտությունը տասնամյակներ շարունակ լսել է, երբ դեռ դասավանդում էր. «Դարձյալ նո՞ւյնը…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս