Բաժիններ՝

Օրգանիկ բերք. իրականությո՞ւն, թե՞ միֆ

Հայաստանում օրգանիկ գյուղմթերք ստանալը բարդ և անարդյունավետ աշխատանք է: Այդ կարծիքին են մեր զրուցակից գյուղացիներն ու «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Օրգանիկ գյուղմթերքը, թեկուզև՝ փոքր քանակությամբ, սակայն արտադրվում է հանրապետության տարբեր մարզերում՝ անհատ ֆերմերների և ձեռներեցների կողմից: Դրանք հիմնականում իրացվում են հատուկ մասնագիտացված խանութներում, որոշ ռեստորաններում, դեսպանատներում: Նման որակի արտադրանք տվող ֆերմերներն ու անհատ ձեռներեցները պետք է բույսի աճեցման ընթացքում զերծ մնան քիմիական հավելումներ օգտագործելուց` ազոտական պարարտանյութերից, բուժիչ հեղուկներից ու թույներից:

Ըստ «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի` «գյուղատնտեսություն» ասվածը բավական բարդ և անհատական մոտեցում պահանջող երևույթ է: Որևէ նոր բան ստեղծելուց առաջ, նախ՝ պետք է հաշվի առնել պահանջարկի ծավալը, տվյալ տարածքի բնակչության քանակը, և այլն: «Վերցնենք երկու տարբեր հողամասեր և նույն բերքն աճեցնենք այդ երկու տարբեր հողակտորներում: Առաջին հողակտորը քիմիական մշակման ենթարկենք, երկրորդը՝ ոչ: Արդյունքում՝ քիմիական մշակման ենթարկված հողակտորից ստացվում է առավել շատ բերք, որն ապահովում է առաջացած պահանջարկը: Իսկ այն հողակտորը, որի մշակության համար չենք օգտագործել քիմիական հավելումներ, բնականաբար, տալիս է քիչ և անորակ բերք:

Արդյունքում, եթե գյուղատնտեսությունը գյուղատնտեսական պարենի օրգանիկ մշակությունը ընդունի՝ որպես առողջ կենսակերպի միջոց, ապա սով կսկսվի: Օրգանիկ մթերքը բուրժուական հաճույք է, քանի որ թանկ է:

Ըստ այդմ, ամեն մեկը չէ, որ կարող է իրեն թույլ տալ գնել նման սնունդ: Այսօր ամբողջ աշխարհի մասշտաբով՝ գյուղատնտեսության 3-5 տոկոսն է օրգանիկ սնունդ օգտագործում: Եթե օրգանիկը դնեն վաճառքի, ապա գինը թանկ կլինի, և բնակչությունը չի կարողանա ձեռք բերել այդ բերքը: Մեզ մոտ օրգանիկ սնունդ ասում են, բայց ես չեմ պատկերացնում՝ այդ աստիճանի օրգանիկ սնունդ ինչպե՞ս կարող է աճեցվել, քանի որ օրգանիկ սնունդը պետք է ապահովի մի քանի պահանջ, այն է` մաքուր հող, թունաքիմիկատներից զերծ մշակություն:

Բացի այդ, շատ հողակտորներ կան, որոնք վարակված են տարբեր հիվանդություններով: Նման հողակտորներում աճող բերքը, բնականաբար, օրգանիկ համարվել չի կարող, քանի որ հողից բույսին տարբեր հիվանդություններ են անցնում»,- ասաց Ս. Սեդրակյանը: 168.am-ը զրուցեց Արմավիրի մարզի բնակիչ, ֆերմեր Արայիկ Ղարիբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է մշակվում օրգանիկ գյուղմթերքը: «Օրգանիկ կոչվող գյուղմթերքը ևս որոշակի բուժումներ է պահանջում: Եթե սովորական գյուղատնտեսության մեջ այս կամ այն հիվանդության դեմ պաքարելու միջոց են ընտրվում թունաքիմիկատները, ապա օրգանիկ բույսերի մշակության մեջ օգտագործվում են օրգանիկ ծագման  բուժանյութերը: Օրինակ` լվիճի դեմ բուժաթույնի փոխարեն՝ օգտագործվում է կծու պղպեղը, սնկային հիվանդության դեմ օգտագործվում է սոդան, իսկ որպես պարարտանյութ՝ օգտագործվում է  կալիֆոռնիական որդերի արտաթորանքը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս