Բաժիններ՝

«Գործ ունենք երկրի կարևոր գերատեսչություններից մեկի փնթի աշխատելաոճի հետ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՆԹԻՈՒԹՅՈՒՆԸ

Օրեր առաջ ինձ դիմեց իմ ընկեր Քնարիկ Առաքելյանը, ասելով, որ սոցիալական ապահովության ծառայությունը հայց է ներկայացրել իր դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով։

Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից եկել էր ծանուցում առ այն, որ նրանք չեն նկատել, որ Քնարիկ Առաքելյանն արդեն երկու ամիս է վերադարձել է աշխատանքի և նրան երկու ամիս սխալմամբ վճարել են երեխայի խնամքի նպաստ։

Ծանուցմամբ պարտավորեցնում էին, որպեսզի երկու ամսվա գումարը՝ 36.000 ՀՀ դրամի չափով հետ վերադարձվի պետական բյուջե։

Ծանուցումը ստանալուց հետո վերոնշյալ գումարը վերադարձվել է պետական բյուջե (վճարման անդորրագրի կրկնօրինակը կցում եմ)։

Եվ ահա ստանում ենք ծանուցագիր, բայց այս անգամ արդեն դատարանից։ Պարզվում է, որ սոցիալական ապահովության ծառայությունը հայց է ներկայացրել դատարան, վերոնշյալ գումարը բռնագանձման պահանջով։

Փաստորեն գործ ունենք երկրի կարևոր գերատեսչություններից մեկի փնթի աշխատելաոճի հետ։

Չնայած մյուս կողմից նման փնթի գործելաոճը սպասելի էր։ Հեղափոխությունից հետո այս կարևորագույն ծառայությունը ևս վերածվեց յուրայինների տեղավորման դուքյանի։ Սկզբում ունեցան նոր պետ, հետո այդ պետը դարձավ ժողովրդի պատգամավոր, իսկ նրան փոխարինած պետն էլ սկսեց նախորդի կադրերից ազատվելու գործընթաց։ Տեղակալներից մեկի աղմկահարույց ֆեյսբուքյան պերֆորմանսներն ասածիս վկայությունն են։

Արդյունքում՝ քայլականներն այնքան են փաստորեն տարված իրենց դասավորումներով, որ կառույցի սոցիալական բնույթը վերածել են հակասոցիալականի։ Պարզ հարց եմ տալիս, ինչո՞ւ պետք է քաղաքացին իրենց սխալի պատճառով դատավարական պրոցեսների մեջ ներառվի, փաստաբանական խորհրդատվության և այլ բաների վրա գումար ծախսի, երբ դրա համար չկա որևէ պատճառ, քան այս կառույցի ղեկավարումը ստանձնածների փնթիությունն ու ակնհայտ ոչ պրոֆեսիոնալ գործելաոճն է։

Դե ոլորտը համակարգող նախարար տիկնոջ մասին որևէ բան ասելն ավելորդ է։

Տիկնայք և պարոնայք, ձեզ հավաքեք ու վերաջպես հասկացեք, որ գործ ունեք պետական կառավարման հետ։ Այլապես ամենատարբեր դիտարկումների տեղիք եք տալիս՝ մասնավորապես, կարող եմ արդյոք կասկածներ ունենալ, որ մարդկանց վրա հավելյալ ֆինանսական պարտավորություններ բարդելով բյուջեի համալրման պլան եք իրականացնում։

Հ․Գ․ Դուք Ստամբուլյան կոնվենցիան պրոպագանդելու և հաշմանդամություն ունեցող անձանց սեքսուալ ակտիվությունը դիտարկելու փոխարեն, լավ կլինի մարդկանց տրիվիալ իրավունքները չխախտեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս